«Մարտի 20-ը այսուհետ պետք է նշվի որպես արդարադատության մահվան օր». Սեֆիլյանի գործով փաստաբան

Այսօր Երևանի ընդյանուր իրավասության դատարանաի Շենգավիթի նստավայրում դատարանը հրապարակեց Սեֆիլյանի և մյուսների գործով դատավճիռը, համաձայն որի Սեֆիլյանը դատապարտվեց 10.5 տարվա ազատազրկման:

Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը մեզ հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ իրենք սպասում էին նման դատավճռի, իսկ առաջադրված մեղադրանքները ֆանտաստիկայի ժանրից էին. «Կարծում եմ մարտի 20-նն այսուհետ պետք է նշվի որպես արդարադատության մահվան օր և բոլոր դատարաններում ծածանվող դրոշները պետք է այդ օրն իջեցվեն և սև լենտ ամրացնեն դրանց վրա»:

Արայիկ Պապիկյանը Սեֆիլյանի և մյուսների գործով դատավարությունը որակեց որպես թատերական ներկայացում՝ նշելով, որ սա բացահայտ քաղաքական պատվեր է:

«Սա ուղղակի հաշվեհարդար է: Այս օրը կմնա պատմության մեջ և կգա ժամանակը,  երբ քաղաքական իշխանությունն ինքը պատասխան կտա դրա համար: Սեֆիլյանին պարզապես լռեցնել էր պետք, քանի որ նա լուրջ վտանգ է ներկայացնում ներկայիս քաղաքական իշխանության համար, ներկայիս վարչախումբն ուղղակի վախենում է Ժիրայր Սեֆիլյանի անձից: Վախն այնքան մեծ է եղել, որ նրան պետք է ձայնազրկեին: Նրա ժամանակավոր ազատազրկումը թույլ է տալիս, որ այս իշխանությունը որոշ ժամանակով գոյատևի»,-իր խոսքում նշեց փաստաբանը:

Փաստաբան Արայիկ Պապիկյանը նաև հայտնեց, որ իրենք պատրաստվում են վճիռը բողոքարկել վերաքննիչ ատյաններում, սակայն այդ բողոքը կրելու է ձևական բնույթ:

«Այս պահին հստակ կարող եմ ասել, որ այսօր Հայաստանում չունենք դատարան, չկա անկախ դատական համակարգ: Վերաքննիչ դատարանն ընդամենը ձևական ընթացակարգ է, մենք Վերաքննիչ դատարան հավանաբար պետք է դիմեինք դեռևս 10-ը ամիս առաջ, երբ գործը գտնվում էր առաջին ատյանի դատարանում:  Դատավճիռն արդեն կանխատեսելի էր,  վերաքննիչ ատյանում պրոցեսը ևս կանխատեսելի է, ընդամենը միջազգային ատյաններ ներկայացնելու համար այդ ձևական ընթացակարգը պիտի մենք ապահովենք»,- հայտնեց Արայիկ Պապիկյանը:

Մեկնաբանություններ