«Դադարեցրու քո քաղաքական գործունեությունը, հակառակ դեպքում ռուսները որոշել են սպանել քեզ». ՍԵֆիլյանի հայտարարությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը, որի ժամանակ Սեֆիլյանը ցանկացավ ճառով հանդես գալ, սակայն դատավորը նրան թույլ չտվեց  ճառը ներկայացնել նստած տեղից։ Ժիրայր Սեֆիլյանն էլ դատավորին հայտնեց, որ ինքն իրավունք ունի նստած տեղից իր ճառը ներկայացնելու։

«Որ ես խոսում եմ դուք լռեք»,- Սեֆիլյանին դիմեց դատավորը, ինչին ի պատասխան Սեֆիլյանը հայտնեց՝ «Այդ դուք լռեք, որ ես եմ խոսում։ Սա դատարան չէ, դուք կարծում եք, որ  դատավոր եք, դուք ընդամենը կատարող եք»։

Դատավորն էլ արձանագրեց, որ Սեֆիլյանին տրվում է հնարավորություն ճառով հանդես գալու, սակայն վերջինս իր գործողություննեով զրկում է իրեն այդ հնարավորությունից։ Սեֆիլյանի պաշտպաններ Արայիկ Պապիկյանն ու Տիգրան Եգորյանը փորձեցին միջամտել, սակայն դատավորը նրանց ևս տևական ժամանակ թույլ չէր տալիս խոսել։ Փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտնեց, որ Սեֆիլյանի փոխարեն ինքը կընթերցի ճառը, արդյունքում դատավորը թույլ տվեց նրան ներկայացնել Սեֆիլյանի ճառը։

«Իմ խոսքն ուղղված չէ Սերժ Սարգսյանի գործիք այս կեղծ դատարանին, այլ մեր ժողովրդին և միջազգային հանրությանը» տողերով սկսվեց Ժիրայր Սեֆիլյանի ճառի ընթերցումը, ինչի համար դատարանը զգուշացրեց վիրավորական արտահայտություններ չօգտագործել, որից հետո Արայիկ Պապիկյանը շարունակեց այն:

«Բոլորովին անիմաստ պետք է լիներ, եթե ես հանդես գայի պաշտպանական խոսքով, ինչպես ընդունված է դասական դատական գործընթացի պարագայում: Ովքեր հետևել են դատավարության անվան տակ իրականացված այս հաշվեհարդարին, համոզվել են, որ դատաքննության փոխարեն ականատես ենք եղել թատերական բեմականացում հիշեցնող ողբերգակատակերգային մի միջոցառման, որտեղ այսպես կոչված մեղադրող կողմի հրապարակած դատարկաբանությունը պարզապես վատ հորինված հեքիաթ է: Սակայն առաջին իսկ նիստից պարզ դարձավ, որ իրականում տեղի է ունենում բացահայտ և պատվիրված քաղաքական հալածանք և բռնություն»,- նշված է ճառում:

Ժիրայր Սեֆիլյանն իր ճառում դատախազներին և դատավորներին անվանել է կատարածուներ, որոնք մի օր պատասխան պետք է տան իրենց արած քայլերի համար: Այս արտահայտությունից հետո դատավորը նորից զգուշացրեց պաշտպանին կոռեկտություն ցուցաբերել, ինչին ի պատասխան փաստաբանը հայտնեց, որ իր կարծիքով ճառում օգտագործված արտահայտությունները կոռեկտ են և զուսպ:

Ժիրայր Սեֆիլյանն իր ճառում նաև հայտնել է, որ Քննչական կոմիտեի քննիչներից մեկն  իրեն սպառանացել է՝ «Վերջին անգամ եմ զգուշացնում, որ եթե շարունակեք ձեր քաղաքական գործունեությունը դուք նորից հայտնվելու եք ճաղերի ետևում»: Սեֆիլյանի խոսքերով դա հերթական սպառնալիքներից մեկն էր, սակայն նախկինում դրանք եղել են ակնարկներով, իսկ այս մեկը բացահայտ էր:

«և իսկապես սա վերջին նախազգուշացումն էր, որից հետո մեր դեմ նախապատրաստվեց շինծու մի գործընթաց, ինչին հետևեց մեր բանտակությունը, ապա դատավարություն կոչված այս ֆարսը»,- գրված է ճառում:

ՍԵֆիլյանը հիշատակել է նաև իրեն ահաբեկելու 2-րդ դեպքի մասին, որն իրեն փոխանցել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ «Դադարեցրու քո քաղաքական գործունեությունը, հակառակ դեպքում ռուսները որոշել են սպանել քեզ», այս սպառնալիքին ի պատասխան Սեֆիլյանն ասել է՝ «Զեկուցեք ձեր ղեկավարությանը, որ Հայաստանը տեր ունի և մենք գտնվում ենք մեր հողի վրա ու ազատ ենք մեր գործունեությամբ, իսկ դուք շուտով ռադներդ քաշելու եք մեր երկրից»:

Իր ճառի վերջում Սեֆիլյանը կոչ արեց ժողովրդին տեր կանգնել  երկրին և միանալ ազգային ազատագրական պայքարին. «Մահ ռեժիմին, մենք ենք տերը մեր երկրի»:

Այս խոսքերից հետո ապակեպատ պատնեշից այս կողմ գտնվող անձինք սկսեցին ծափահարել Ժիրայր Սեֆիլյանին՝ բղավելով «Մահ ռեժիմին, մահ ռեժիմին»:

Հիշեցնենք, որ մեղադրող կողմը Սեֆիլյանի համար պահանջել է 11 տարվա ազատազրուկում, Գևորգ Սաֆարյանի և Սասունիկ Կիրակոսյանի համար 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Գալուստ Գրիգորյանի և Հրայր Թոփչյանի համար 3 տարի, իսկ Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարվա ազատազրկում:

Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ, բացի այդ, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգանամքներով ավարտին չի հասցվել:

 

Մեկնաբանություններ