Լոռու մարզպետարանի պաշտոնատար անձանց վարքագծի՝ ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով պետությանը պատճառվել է 8.274.000 ՀՀ դրամի վնաս

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման գործընթացի ուսումնասիրությամբ պարզվել է, որ  Լոռու մարզպետարանի կողմից նախկին Միխայելովկա համայնքի (ներկայումս մաս է կազմում Մեծավան խոշորացված համայնքի) ղեկավարին հանձնվել է պարարտանյութ, որի դիմաց վերջինս 8.274.000 ՀՀ դրամի վճարում չի կատարել:

Լոռու մարզպետարանը նշված գումարի բռնագանձման պահանջով հայցադիմում է ներկայացրել ընդդեմ համայնքի ղեկավարի, որը ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից բավարարվել է: Դատական ակտը ուժի մեջ է մտել 2016թ. հունիսի 27-ին, սակայն մարզպետարանի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից միջոցներ չեն ձեռնարկվել օրենքով սահմանված ժամկետներում և կարգով կատարողական թերթ ստանալու և ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն ներկայացնելու ուղղությամբ՝ բաց թողնելով դատական ակտի կատարման հնարավորությունը:

Ավելին, հետագայում նշված անձանց կողմից հիշյալ պարտքը ներկայացվել և ՀՀ կառավարության 07.12.2017թ. թիվ 1585-Ն որոշմամբ ամբողջությամբ զիջվել է որպես համայնքի պարտավորություն:

Փաստորեն, մարզպետարանի պաշտոնատար անձանց վարքագծի՝ ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով պետությանը պատճառվել է 8.274.000 ՀՀ դրամի վնաս:

 

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի  նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Մեկնաբանություններ