Գլխավոր Այժմ Հայաստանում կգործի սննդի շղթայի օպերատորների ռեյթինգավորման համակարգ

Հայաստանում կգործի սննդի շղթայի օպերատորների ռեյթինգավորման համակարգ

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից իրականացվող «Աջակցություն ՀՀ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը սննդի անվտանգության, անասնաբուժական ծառայությունների և

 բուսասանիտարիայի ռիսկերի գնահատման մեթոդաբանության և համակարգի մշակման գործում» ծրագրի շրջանակում մարտի 14-ին Երևանում կայացավ «Սննդի շղթայի օպերատորների ռեյթինգավորման համակարգի ներդրման» վերաբերյալ աշխատաժողով։

Հաշվի առնելով սպառողների շահերը և շուկայում սպառման համար անվտանգ սննդամթերք մատակարարելու առաջնային անհրաժեշտությունը՝ սննդամթերքի անվտանգության ոլորտում ներկայումս տեղի ունեցող բարեփոխումների կարևոր ուղղություն է սննդի օպերատորների ռեյթինգավորման համակարգի ներդրումը: Դրա առանձնահատկություններն ու հեռանկարներն են ներկայացվել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ  կազմակերպած աշխատաժողովում, որին մասնակցել են ինչպես տնտեսավարողներ, այնպես էլ միջազգային և շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի

վերամշակման ոլորտում ներգրավված կազմակերպությունների ռեյթինգավորում կկիրառվի առաջին անգամ՝ ՊԳԿ-ի աջակցությամբ և միջազգային փորձագետների ներգրավմամբ՝ սպառողներին տալով շուկայի բազմազանության մեջ կողմնորոշվելու նոր հնարավորություն։ Բազմաթիվ են դեպքերը, երբ սննդի անվտանգության տարբեր համակարգեր ունեցող տնտեսավարողների նկատմամբ գործում են միևնույն մոտեցումները, չկա որևէ դասակարգում, իսկ սպառողն ընդհանրապես տեղյակ չէ այդ կազմակերպություններում գործող սննդամթերքի անվտանգության համակարգերից։

Աշխատաժողովի նպատակն է բարձրացնել սննդի օպերատորների ռեյթինգավորման համակարգի մասին իրազեկվածության մակարդակը, ներկայացնել և քննարկել դրա առավելությունները, առկա խոչընդոտներն ու մարտահրավերները, ինչպես նաև խթանել մրցակցությունը տնտեսավարողների միջև։

«Երևանում անցկացվող աշխատաժողովը կարևոր միջոցառում է, և այն  ՍԱՊԾ-ին հնարավորություն է ընձեռում ներկայացնելու շահագրգիռ կողմերին և սննդի շղթայի օպերատորներին ռեյթինգավորման համակարգի ներդրման նախաձեռնութունը»,- ասել է Մերի Քեննին, ՊԳԿ սննդի անվտանգության և սպառողների պաշտպանության պատասխանատուն:

Ներկայացնելով կազմակերպությունների ռեյթինգավորման

չափորոշիչներն ու հաշվարկման մեթոդաբանությունը՝ Ծառայության խորհրդատվության և տվյալների վերլուծության բաժնի պետ Դիանա Միրզոյանը խոսել է որպես առաջնային քայլ օրենսդրական անհրաժեշտ բազայի ձևավորման և սննդի շղթայի օպերատորների համատարած հաշվառում կատարելու մասին: Ծառայությունն արդեն ունի ռեյթինգավորման հայեցակարգը, մեթոդաբանությունը, իրականացրել է համակարգի ներդրման պիլոտային ծրագիր, և այս աշխատաժողովը նաև հնարավորություն էր Հայաստանում գործող դասակարգման մոդելների փոփոխության վերաբերյալ առաջարկություններ լսելու և ՍԱՊԾ պլանները հստակեցնելու համար:

Մանրամասները տեսանյութում՝

 

Մեկնաբանություններ