ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի համաձայան ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրող անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը գտնի, որ նա ուղղվելու համար նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի: Ընդ որում, անձը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել լրացուցիչ պատժից:
Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կիրառելիս դատարանը հաշվի է առնում նաև դատապարտվածի կողմից տուժողին պատճառված վնասը հարթելու հանգամանքը:
Պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել միայն, եթե դատապարտյալը փաստացի կրել է՝
- ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան մեկ երրորդը,
- ծանր հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան կեսը,
- առանձնապես ծանր հանցագործության, բացառությամբ սույն մասի 4-րդ կետով նախատեսված հանցագործությունների համար, ինչպես նաև նախկինում պայմանական վաղաժամկետ ազատված անձի (եթե պայմանական վաղաժամկետ ազատումը վերացվել է սույն հոդվածի վեցերորդ մասով նախատեսված հիմքերով) նկատմամբ նշանակված պատժի ոչ պակաս, քան երկու երրորդը.
Ազատազրկման և կարգապահական գումարտակում պահելու ձևով պատժի փաստացի կրած ժամկետը չի կարող երեք ամսից պակաս լինել:
Ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրող անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը գտնի, որ նա պատիժը հետագա կրելու կարիքը չունի և փաստորեն կրել է ազատազրկման ոչ պակաս, քան քսան տարին:
Քրեական օրենսգրքի 77-րդ հոդվածի համաձայն ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար ազատազրկում կրող անձի պատժի չկրած մասը դատարանը կարող է փոխարինել ավելի մեղմ պատժատեսակով՝ հաշվի առնելով պատիժը կրելու ժամանակահատվածում նրա վարքագիծը և պատճառված վնասը հարթելու հանգամանքը: Ընդ որում, անձը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել լրացուցիչ պատժից:
Պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով դատապարտյալի կողմից պատժի ոչ պակաս, քան մեկ երրորդը փաստացի կրելուց հետո: