Սեֆիլյանի գործով նիստին մի խումբ քաղաքացիներ չեն կարողանում մուտք գործել նիստերի դահլիճ

Այսօր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ մի խումբ քաղաքացիներ չկարողացան մտնել նիստերի դահլիճ, քանի որ կարգադրիչները նրանց թույլ չէին տալիս՝ նշելով, որ այդ անձանց նկատմամբ դատարանի կողմից կիրառվել է դատական սանկցիա։

Քաղաքացիներից Գագիկ Սարուխանյանը մեզ հետ զրույցի ժականակ հայտնեց, որ նախորդ դատական նիստի ժամանակ, երբ հանրությունը վրդովված էր դատավորի պահվածքից և ամբողջ դատական պրոցեսի վարման ընթացքից, սկսել է «բացարկ» բղավել՝ այդ կերպ արտահայտելով իր վերաբերմունքը դատարանի նկատմամբ, սակայն դատավորը ոչ մի դիտողություն չի արել, այլ ընդամենը հայտնել է, որ որոշ անձանց նկատմամբ կիրառում է դատական սանկցիա և նրանք պետք է լքեն նիստերի դահլիճը։

«Երբ հայտարարվել է ընդմիջում ժողովուրդը դուրս է եկել նիստերի դահլիճից, իսկ երբ ցանկացել են նորից մտնել դատարան ոչ մեկը նրանց մուտքը չի խոչընդոտել, և իրենք մտել են նիստերի դահլիճ:  Այնուհետև դատավորը հայտարարեց մի նոր ցուցակ և ստեց՝ ասելով,  որ քաղաքացիները չեն ենթրկվել կարգադրիչների դիտողություններին»,- ասաց նա։

Պարոն Սարուխանյանի խոսքերով այդ ցուցակում  կային այնպիսի մարդիկ, որոնք նույնիսկ դահլիճում չեն եղել. «Երբ այսօր եկա դատարան, ինձ դիմավորեց մի մարդ՝ ճմռթած թուղթը ձեռքին, հարցրեց անունս և ասաց, որ ես չեմ կարող մտնել նիստերի դահլիճ»։

Նույն իրավիճակում է հայտնվել նաև Սեֆիլյանի համակիրներից Հասմիկ Սարգսյանը, վերջինս հայտնեց, որ ինքը նիստերի ժամանակ նկարահանումներ է իրականացրել և մի քանի անգամ է ընդամենը բացականչել, սակայն ինքը ևս ենթարկվել է դատական սանկցիայի և չի կարողանում մտնել նիստերի դահլիճ:

Այսօր դատարան էր եկել նաև Վարդգես Գասպարին, վերջինիս մուտքը ևս արգելվեց նիստերի դահլիճ, ինչի համար Գասպարին որոշեց նստել դատական նիստերի դահլիճի դռան մոտ և սպասել մինչև նիստի ավարտը։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ մեզ հետ զրույցի ժականակ հայտնեց, որ այդ սանկցիաները հակաիրավական մոտեցում են անձանց նկատմամբ, քանի որ անձին չի տրամադրվում նաև իր օրինակը. «Սանկցիան չի կարող անվերջ լինել։ Սանկցիան պետք է ունենա սկիզբ և վերջ։ Այն, որ անձի կողմից հանրային-հրապարակային դատավարությանը մասնակցելու հնարավորությունից զրկում են՝ իրավունքի խախտում է: ՀՀ անունից է դատարանը որոշում կայացնում, որին մասնակցելու հնարավորությունից զրկում է քաղաքացուն»,-ասաց նա։

Խոսելով Վարդգես Գասպարիի նկատմամբ կիրառված սանկցիայի մասին Արթուր Սաքունցը հայտնեց, որ Գասպարիի նկատմամբ կա ակնհայտ թիրախավորված և խտրական վերաբերմունք՝ անկախ նրանից, թե նա ինչ պահվածք է դրսևորում։

«Օրեր առաջ մենք տեսանք, որ Գասպարիին նույնիսկ ԱԺ չէին թողնում առանց որևիցե հիմնավորման»,-հայտնեց նա։

Նշենք, որ այս պահին մի շարք քաղաքացիներ գտնվում են դատարանի շենքում և բոլորի նկատմամբ կիրառվել է սանկցիա՝ մինչև դատաքննության ավարտը։

Մեկնաբանություններ