Փաստաբանների պալատը դիրքորոշում է հայտնել ՀՀ արդարադատության նախարարությունը «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք» օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ արդարադատության նախարարությունը (այսուհետ՝Նախարարություն) «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ ներկայացված հայտարարությունների (այսուհետ՝ Հայտարարություն) առնչությամբ պարզաբանում էր ներկայացրել:

Նշված պարզաբանման կապակցությամբ հայտնում ենք հետևյալը.

1. Նախարարությունը՝  ԱԺ առաջին ընթերցմամբ ներկայացված նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման ժամկետի մասով, գտել է, որ ԱԺ կանոնակարգի 78-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն  հեղինակը կարող է իր զեկուցման ընթացքում կամ եզրափակիչ ելույթում նախագծի վերաբերյալ առաջարկներ ներկայացնել, ինչպես նաև հայտնել սահմանված կարգով ներկայացված մյուս առաջարկների վերաբերյալ իր դիրքորոշումը:

Հարկ ենք համարում հակադրվել այս տեսակետինհետևյալպատճառաբանությամբ.

Հայտարարության մեջ նշվել էր ԳՐԱՎՈՐ առաջարկներ ներկայացնելու ընթացակարգի մասին, որը կարգավորվում է «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով: Գրավոր առաջարկներ ներկայացնելու ընթացակարգը սահմանված է նաև նույն օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով և 70-րդ հոդվածի 1-ին մասով:

«ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածը պարտադրում է առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները ներկայացնել աշխատակազմ դրա իրավասությունն ունեցող անձի պաշտոնական գրությամբ:

Նախարարությունը սահմանված ժամկետում չի ներկայացրել ԳՐԱՎՈՐ առաջարկ և հանձնաժողովի նիստի ժամանակ առաջարկ ներկայացնելը փորձել է հիմնավորել ԱԺ կանոնակարգի 78-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Կարծում ենք, որ ԱԺ կանոնակարգի 78-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը իրավունք չի վերապահում Նախարարությանը երկրորդ ընթերցումից առաջ հանձնաժողովում քննարկման ժամանակ ներկայացնել լրիվ նոր իրավակարգավորումների, այդ թվում՝ երկու նոր օրենքների նախագծերի առաջարկ:

Հատկանշական է, որ առանց ԳՐԱՎՈՐ առաջարկ ներկայացնելու ընթացակարգի կիրառման, հնարավոր չի լինի պահպանվել (կարծում ենք, որ պահպանված չէ) «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, ըստ որի՝ նորմատիվ իրավական ակտի նախագիծն իրավաստեղծ մարմին քննարկման ներկայացնելիս նախագիծ մշակող մարմինը դրան կցում է`

1) իրավական ակտի ընդունման հիմնավորումը … .

2) տեղեկանք` oրենքի ընդունման առնչությամբ այլ oրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության, ինչպես նաև այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին.

3) տեղեկանք` իրավական ակտն ընդունելու կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.

….

6) ամփոփաթերթ` նախագծի վերաբերյալ ստացված դիտողությունների և առաջարկությունների, դրանց ընդունման կամ չընդունման վերաբերյալ` չընդունման պատճառների հիմնավորմամբ, ընդ որում` ամփոփաթերթում ներառվում են հանրային քննարկումների հետևանքով ստացված այն դիտողությունները և առաջարկությունները, որոնք ընդունվել են:

Նախարարության կողմից առաջարկվող նախագծերում փոփոխությունների մասով հանրային քննարկում չի կազմակերպվել:

2. Նախարարությունը՝ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ներկայացված նախագծերի փաթեթը  նորնախագծերով համալրելու մասով, գտել է, որ «ՀՀ ԱԺ կանոնակարգի 65-րդ հոդվածի՝ օրենքի նախագծի համար Կանոնակարգով սահմանված դրույթները տարածվում են նաև օրենքների նախագծերի փաթեթի վրա: Այսինքն, նախագծի վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու դրույթները հավասարապես վերաբերվում են ինչպես նախագծին, այնպես էլ՝ նախագծերի փաթեթին, և նախագծերի փաթեթի հեղինակը կարող է առաջարկել փաթեթից հանել որևէ նախագիծ, լրամշակել փաթեթում առկա նախագիծը կամ փաթեթը լրամշակել նոր նախագծով»: Նախարարությունն այս տրամաբանությունը պաշտպանելու նպատակով հղում է կատարել ՀՀ Ազգային ժողովի 2016թ. Դեկտեմբերի 16-ի որոշմամբ հաստատված աշխատակարգին:

Հարկ ենք համարում հակադրվել այս տեսակետինհետևյալ պատճառաբանությամբ.

«ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրենքի նախագիծն Ազգայինժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ:

Նախարարության կողմից վկայակոչված  ՀՀ ԱԺ կանոնակարգի 65-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ …Օրենքի նախագծի համար Կանոնակարգով սահմանված դրույթները տարածվում են նաև օրենքների նախագծերի փաթեթի վրա: Հետևաբար, օրենքների նախագծերի փաթեթը նույնպես պետք է Ազգային ժողովում քննարկվի ԵՐԿՈՒԸՆԹԵՐՑՄԱՄԲ:

Նախագծի փաթեթում ընդգրկվել են նաև լրացուցիչ 8 օրենքների նախագծեր, որոնց ցանկում առկա չեն եղել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը (այսուհետ՝ Լրացուցիչ նախագծեր):

Լրացուցիչ նախագծերը, եթե ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեն Նախագծի փաթեթի երկրորդ ընթերցման արդյունքում, ապա կստացվի, որ Լրացուցիչ նախագծերը Ազգային ժողովում քննարկվել և ընդունվել են ՄԵԿընթերցմամբ, ինչն ուղղակիորեն հակասում է սահմանադրական օրենքի իմպերատիվ պահանջին:

Հատկանշական է, որ Կառավարության կողմից տրամադրած տեղեկանքում, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական վարչության կողմից տրամադրված տեղեկանքում նշվել է, որ օրենքների նախագծերի փաթեթին (Նախագիծ + 8 օրենքների նախագծեր) առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

Ինչ վերաբերում է Ազգային ժողովի որոշմամբ ընդունված աշխատակարգին, ապա այդ աշխատակարգը չի կարող հակասել սահմանադրական օրենքին, իսկ այդպիսի հակասությունն անխուսափելի է, եթե աշխատակարգով թույլատրված է նախագիծն ընդունել մեկ ընթերցմամբ:

3. Նախարարությունն ընդհանրապես չի անդրադարձել Նախագծի՝ տուգանքի սահմանման անհրաժեշտության բացակայության փաստարկին:

Ընդհանուր առմամբ, խնդրահարույց է փաստաբաններին դատական տուգանքի ենթարկելու օրենսդրական փոփոխությունը որևէ կերպ չհիմնավորելու և չմեկնաբանելու Նախարարության մոտեցումը: Այնինչ, օրենսդրական նախաձեռնության հեղինակը պետք է Ազգային ժողով ներկայացներ նախագծի ընդունման հիմնավորումըորտեղ նշվումեն առկա խնդիրներըառաջարկվող կարգավորումները և ակնկալվող արդյունքները:

Առնվազն սույն իրավադրույթի վկայաբերումը ցույց է տալիս, որ օրենքի նախագիծ ներկայացնելիս օրենսդրական նախաձեռնության հեղինակը պարտավոր է նշել նախագծի իրավադրույթների բնույթի և բովանդակության հիմնավորումները: Մինչդեռ, քննարկվող փոփոխությունների պարագայում իրավասու մարմնի կողմից դա չի արվել՝ ստեղծելով իրավական կազուս և պատճառ դառնալով փաստաբանական համայնքի սոցիալ-իրավական բնույթի ընդվզման համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փաստաբաններին տուգանելու վերաբերյալ իրավակարգավորումը չունի հիմնավորում, և առկա չէ այդ իրավակարգավորման ընդունման անհրաժեշտությունը:

2016թ. ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննված 125.500 քաղաքացիական գործերով, դատարանները փաստաբանների պալատ դիմելու դատական սանկցիա են կիրառել միայն 4 փաստաբանի նկատմամբ:

2017թ. ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննված 137.399 քաղաքացիական գործերով, դատարանները փաստաբանների պալատ դիմելու դատական սանկցիա են կիրառել միայն 2 փաստաբանի նկատմամբ:

Ամփոփելով վերոգրյալը հույս ենք հայտնումոր Նախարարությունը կվերանայի իր մոտեցումը այս հարցիառնչությամբիսկ Ազգային ժողովը չի ընդունի Նախագիծը:

Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի
նախագահ՝ Արա Զոհրաբյան

Մեկնաբանություններ