«Գնումների մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների, դրանց արդյունքների, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և մի շարք այլ հարցերի մասին` ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դոցենտ, ի.գ.թ, «Գնումների աջակցման կենտրոն» ՍՊԸ-ի հիմնադիր Հասմիկ Ենգոյանի հետ հարցազրույցում:
– Տիկին Ենգոյան, նախ մի փոքր խոսեք ‹‹Գնումների աջակցման կենտրոն›› ՍՊԸ-ի մասին. երբվանի՞ց է այն գործում, ինչպիսի՞ գործունեություն է իրականացնում:
-«Գնումների աջակցման կենտրոն» ՍՊԸ-ն հիմադրվել է 2017 թվականի սեպտեմբերին: Գոյություն ուներ «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ ՀՀ Կառավարության աշխատակազմին առնթեր։ Սակայն նոր «Գնումների մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ը լուծարվեց, որի արդյունքում աշխատակիցների մեծ մասը մնացին անգործ: Օգտվելով այն բանից, որ այս ռեսուրսը մնացել էր չօգտագործված, նախկին աշխատակիցներով ստեղծեցինք «Գնումների աջակցման կենտրոն» ՍՊԸ-ն: Մեր հիմնական ուղղվածությունը հենց գնումների դաշտն է, և ՍՊԸ-ն մասնագիտական ծառայություններ է մատուցում գնումների ոլորտում: Գնումների դաշտում ծառայությունները մատուցվում են՝ սկսած մրցույթին մասնակցության հայտերի պատրաստումից, մինչը մրցույթների արդյունքների բողոքարկում՝ ՀՀ գնումների բողոքարկման խորհուրդ, և այնուհետև՝ դատարան: Այսինքն՝ գնումների ամբողջ ընթացքը՝ սկսած ակունքներից՝ հայտեր պարտարստելուց մինչև դատական վերջին ատյանները: Համագործակցում ենք նաև համապատասխան փաստաբանների հետ և ծառայություններ ենք մատուցում նաև այլ իրավական այլ ոլորտներում՝ քաղաքացիական, վարչական, բանկային և այլն ոլորտներում:
-Ովքե՞ր կարող են դիմել «Գնումների աջակցման կենտրոն» ՍՊԸ-ին։
-«Գնումների աջակցման կենտրոն» ՍՊԸ-ին կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր ունեն իրավաբանական աջակցության կարիք՝ պարզունակ խորհրդատվությունից սկսած մինչև շատ ծանր և դաժան վեճեր դատարանում: Այսօրվա դրությամբ հիմնական մեր ծառայություններից օգտվում են այն իրավաբանական անձինք, ընկերությունները և ԱՁ-ները, որոնք հանդիսանում են պետական գնումների մասնակիցներ: Գոյություն ունի այսպես կոչված «սև ցուցակ», երբ ընկերությունը խախտում է թույլ տալիս գնումների ոլորտում, և ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի որոշմաման հիման վրա 2 տարի ժամկետով զրկվում է ցանկացած պետական գնման մասնակցելու իրավունքից: Երբ ՀՀ գնումների բողոքարկման խորհրդում քննվում են «սև ցուցակ»-ի գործեր, ընկերությունները դիմում են մեզ, որպեսզի մենք ներկայացնենք նրանց շահերը խորհրդում և ապացուցենք, որ ընկերությունն այդ խախտումը թույլ չի տվել, և հիմք չկա իրեն գնումների մասնակցությունից զրկելու համար:
–Դիմումների մեջ ո՞ր խնդիրներն են ավելի շատ գերակշռում։
– Սև ցուցակների մասով ավելի շատ գերակշռում է պայմանագրերի ոչ իրավաչափ լուծումն ընկերությունների հետ, երբ ընկերությունն ակնհայտորեն խախտում թույլ չի տվել, բայց պատվիրատուն կամայական պայմանագիրն ընկերության հետ լուծել է: Սև ցուցակով հաջորդը, որ գերակշռում է, երբ խտրական պահանջ են դնում հրավերով, որպեսզի ընկերությունները չկարողանան մասնակցել մրցույթին և այդ խտրական պահանջի հիմքով մերժում են ընկերությունների հայտերը:
ՀՀ գնումների բողոքարկման խորհրդում բողոքարկման դեպքում էլ կա 2 հաճախ հանդիպող հիմք․ օրինակ, հաճախորդի հայտն անհիմն, ապօրինի մերժել են այնպիսի հիմքով, որը մերժման ենթակա չէ, իսկ 2-րդ տարբերակը՝ հաղթող են ճանաչել այնպիսի ընկերությանը, որն այդ մրցույթի պահանջներին չի համապատասխանում:
-Վերջին շրջանում քննարկումներ են ընթանում «Գնումների մասին» օրենքում կատարվող փոփոխությունների մասին։ Ըստ ձեզ ինչո՞վ են պայմանավորված այս փոփոխությունները և արդյոք կա՞ր դրանց կարիքը։
-Պետք է նշել, որ «Գնումների մասին» ՀՀ նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է եղել ԱՀԿ (Առևտրի համաշխարհային կազմակերպության) պետական գնումների համաձայնագրի նոր տեքստին և Եվրասիական տնտեսական միության պայմանագրին համապատասխանության ապահովմամբ:
Հայաստանի Հանրապետությունը 2011 թ. անդամակցում է ԱՀԿ Պետական գնումների համաձայնագրին: 2012 թվականի մարտին ընդունվեց ԱՀԿ Պետական գնումների համաձայնագրի վերանայված տեքստը, որն ուժի մեջ մտավ 2014 թվականի ապրիլին: Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ԱՀԿ Պետական գնումների համաձայնագրի մյուս անդամ երկրները, ևս պետք է իրականացներ ներպետական օրենսդրությամբ սահմանված գործընթացները` նոր տեքստի վավերացման համար: 2015 թվականի փետրվարի 23-ին ՀՀ Նախագահի ՆՀ-217-Ն հրամանագրով վավերացվել է ԱՀԿ Պետական գնումների համաձայնագրի նոր տեքստը: ԱՀԿ պետական գնումների համաձայնագիրը սահմանում է գնումների ազգային համակարգի և համաձայնագրի միջև համապատասխանության պահանջ: 2015 թ. հունվարի 2-ից Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը: ԵԱՏՄ պայմանագրի դրույթները սահմանում են գնումների քաղաքականության ընդհանուր հայեցակարգերը, որոնք պետք է արտացոլվեն ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից պետական գնումներին վերաբերող իրենց ներպետական օրենսդրություններում։
Այդ պատճառով Հայաստանում գնումների մասին օրենսդրությունը փոփոխեցին:
-Ինչպիսի՞ փոփոխություններ են նախատեսվում նոր օրենքով։
-Փոփոխությունները բազմազան են՝ սկսած գնումների տեսակների փոփոխություններից, սանկցիաներից, չափորոշիչներից, ստեղծվեցին էլեկտրոնային հարթակներ գնումներ կազմակերպելու համար, փոխվեց բողոքարկման համակարգը: Երբ նայում ես օրնեքը, այն համապատասխան է միջազգային ստանդարտներին և լավ է գրված, սակայն գրածի հետ նախատեսված չէ դրա պրակտիկ կիրառության մեխանիզմը: Պետք է ռեալ հասկանալ, թե օրենքը կգործի Հայաստանում, թե չի գործի: Պրակտիկ շատ խնդրիներ կան։ Օրենքը կարդում ենք՝ լավն է, բայց բազմաթիվ դրույթներ պրակտիկայում չեն աշխատում:
-Ի՞նչ կասեք գնումների բողոքարկման խորհրդի մասին։
-Նախկինում գնումների բողոքարկման խորհուրդը հասարակական հիմունքներով ձևավորված մարմին էր, բաղկացած 79 հոգուց, որոնք հանձնում էին քննություն ՀՀ Ֆինանսների նախարարությունում և ընդգրկվում էին խորհրդի անդմաների ցանկում: Ամեն բողոքով՝ ռոտացիոն կարգով, 79 հոգուց ընտվում էր երեք հոգուց բաղկացած հանձնաժողով, և ամեն բողոք քննվում էր այդ հանձնաժողովի կողմից: Նախկինում բավականին ուժեղ էր հասարակական վերահսկողությունը, քանի որ խորհրդի անդամների մեջ կային ներկայացուցիչներ հասարակական կազմակերպություններից: Նոր օրենքով խորհուրդը դարձավ նշանակովի՝ բաղկացած 3 անդամից, բայց ամեն անդամ գործը քննում է միանձնյա: Անդամներից մեկը նշանակվում է 5 տարով, մյուսը՝ 4, իսկ 3-րդը՝ 2 տարով։ Վերջիններիս նշանակում է ՀՀ նախագահը: Հաշվի առնելով ծանրաբեռնվածությունը՝ դեռևս նշանակված են 2 խորհրդի անդամ: Այս պահի դրությամբ՝ որպես ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի անդամներ նշանակված են գնումների դաշտում խորը մասնագիտական գիտելիքներ ունեցող և գնումների դաշտում երկարամյա փորձառություն ունեցող, տվյալ ոլորտում ժամանակին պատասխանատու պաշտոններ զբաղեցրած անձինք:
-Անդրադառնանք կոռուպցիոն ռիսկերին, արդյո՞ք օրենսդրական այս փոփոխությունները կնվազեցնեն կոռուպցիոն ռիսկերը։
-Կոռուպցիոն ռիսկերին լավ կամ վատ գրված օրենքը որևէ կերպ չի կարող օժանդակել կամ խանգարել: Օրենքի հետ միաժամանակ պետք է շատ գործուն, արդյունավետ վերահսկողության մեխանիզմ առկա լինի: Անցած օրենքն էլ էր լավ գրված, այս օրենքն էլ վատը չի, բայց որպեսզի կոռուպցիա չլինի, պետք է լինի լավ աշխատող, մշտական վերահսկողութուն գնումների ողջ դաշտի նկատմամբ, և միաժամանակ պետք է ապահովվի գնումների թափանցիկությունը և հասարական վերահսկության հնարավորությունը ՀՀ պետական գնումների նկատմամբ:
-Կան կարծիքներ, որ այս փոփոխությունների պատճառով գնման գործընթացներն անհարկի կձգձգվեն։ Ի՞նչ կասեք այս մասին։
-Եթե նոր համակարգը ներդրվեց, շատ մարդիկ կլինեն, այդ թվում՝ թե՛ պետական մարմիններում, թե՛ մասնակիցների մեջ, որոնք տեղյակ չեն լինի նոր օրենսդրական կարգավորումներին։ Բնականաբար, գործընթացը կդանդաղեցվի: Ինչ-որ մի ժամանակահատված լուրջ խնդիրներ կլինեն՝ մինչև օրենքը ամբողջությամբ կընկալվի և սկսվի անշեղորեն կիրառվել:
-Ըստ ձեզ՝ այս փոփոխություններն ի՞նչ արդյունքի կհանգեցնեն։
– Այս փոփոխությունները կհանգեցնեն միայն նրան, որ մեր օրենսդրությունը կհամապատասխանի մեր ստանձնած միջազգային պարտավորություններին: Թղթային թվում է, որ օրենքը կարող է լինել շատ լավը, բայց, երբ աշխատում ես, պրակտիկայում նոր ի հայտ են գալիս գրված օրենքների բազմաթիվ թերություններ և բացթողումներ։ Այսինքն՝ թերություններ են, որոնք գրելու ժամանակ գուցե չես կարող կանխատեսել:
-Որպես ոլորտի մասնագետ՝ դուք ի՞նչ առաջարկություններ ունեք։
-Իմ հիմնական առաջարկները վերաբերում են վերահսկողական արդյունավետ համակարգ ստեղծելուն։ Առաջարկները բազմաթիվ են, օրինակ, խորհրդի լիազորությունների ընդլայնում, գնումների բողոքարկման խորհրդի կարգավիճակի հստակեցում, մրցութների սկզբնական փուլում ավելի ուժեղացնել մշտադիտարկումը և այլն: