Ձերբակալվել է ևս մեկ անձ՝ հանցավոր համագործակցությանը մասնակցելու կասկածանքով

Ալավերդի քաղաքի բնակիչ Կ.Փիրուզյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում հունվարի 18-ին ձերբակալվել է ևս մեկ անձ՝ հանցավոր համագործակցությանը մասնակցելու կասկածանքով։ Վերջինիս պատկանող առևտրի սրահում հայտնաբերվել է նաև պայթուցիկ նյութ:

Կամո Փիրուզյանի սպանությունը տեղի է ունեցել 2017թ. հունիսի 13-ին Ալավերդի քաղաքում։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի 13-ին՝ կեսօրին, Ալավերդի քաղաքի բանուկ հատվածներից մեկում՝ Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ, «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ էին արձակվել 1978թ. ծնված Կ.Փիրուզյանի ուղղությամբ, որի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից վերջինս մահացել էր։ Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը նույն օրը ձերբակալվել էր։

Դեպքի առթիվ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների  արդյունքում պարզվել է, որ սպանությունը եղել է պատվիրված, փաստական տվյալներ ձեռք բերվել՝ կազմակերպչի ինքնության և վերջինիս կողմից հանցավոր համագործակցություն ստեղծելու վերաբերյալ։

Նախաքննական մարմնի՝ օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդունքում պարզվել է համագործակցությանը մասնակցություն ունեցած ևս մեկ անձի ինքնությունը, ով հանդիսանում է Ալավերդի քաղաքի բնակիչ՝ ծնված 1974թ.: Վերջինիս պատկանող առևտրի սրահում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է նաև  պայթուցիկ նյութ: Հունվարի 18-ին երեկոյան նա ձերբակալվել է՝ հանցավոր համագործակցությանը մասնակցելու և ապօրինի կերպով պայթուցիկ նյութեր ձեռք բերելու և պահելու կասկածանքով և հարցաքննվել:

Այսպիսով՝ քրեական գործի շրջանակներում մեկ անձ կալանավորվել է՝ Կ.Փիրուզյանին սպանելու մեղադրանքով, ևս 4-ը՝ ձերբակալվել։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր համագործակցությանը մասնակից հնարավոր այլ անձանց հայտնաբերելու, նրանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ