««Սնանկության մասին» օրենքն այնքան բացթողումներ ուներ, որ ցանկալի կլիներ սկսել դրանցից և կանոնակարգել դրանք».Վարազդատ Ասատրյան

ՀՀ ‹‹Սնանկության մասին›› օրենքի մեջ կատարվող փոփոխությունների, բացթողումների, նախագծում առաջարկվող նորմերի, սնանկության վերաբերյալ այլ հարցերի մասին Լեգալ Ինֆոն զրուցել է փաստաբան Վարազդատ Ասատրյանի հետ: 

-Պարո´ն Ասատրյան, վերջին շրջանում բուռն քննարկումներ եղան ‹‹Սնանկության մասին›› օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ։ Արդյո՞ք կար դրա կարիքը։

– ‹‹Սնանկության մասին›› ՀՀ օրենքի փոփոխություն կատարելու կարիք կար և վաղուց էր հասունացել անհրաժեշտությունը: Իրականում գործող օրենքի մեջ կան բազում հակասական նորմեր, չկարգավորված իրավահարաբերություններ, որոնք առաջ են բերում պրակտիկ լուրջ խնդիրներ, ինչ իրական խոչընդոտներ է ստեղծում:

 -Ի՞նչ բացթողումներ կան գործող օրենքում։

– Եթե յուրաքանչյուր հոդված բացենք և կատարենք ուսումնասիրություն, հաստատ յուրաքանչյուր հոդվածի մասով, գրեթե, կա խնդիր, և նախագիծն ունի փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն: Իսկ, թե ներկայացված փոփոխությունները  որքանո՞վ են անհրաժետ կամ որքանո՞վ են կարգավորում առկա խնդիրները, արդեն հարցի մյուս կողմն է:

-Օրենքի նախագծում հատկապես ո՞ր դրույթներին է անդրադարձ կատարվել, և որո՞նք դուք կկարևորեք։

-Օրենքի նախագծով առաջարկվում է ՝ կառավարչի պատասխանատվության խստացում, կառավարչի անկախության որոշակի սահմանափակում, աուդիտրական կազմակերպությունների՝ որպես նոր սնանկության գործով կառավարչի, ներգրավում, առողջացման ծրագրերում նախատեսված փոփոխություն: Սակայն սրանք այն խնդիրները չէին, որոնք արժանի էին փոփոխությունների ենթարկվելու կամ գոնե ոչ նման կերպ: Ըստ էության,  ‹‹Սնանկության մասին››  ՀՀ օրենքն այնքան բացթողումներ ուներ և այնքան էական խնդիրներ կաjին, որ ցանկալի կլիներ սկսել դրանցից և կանոնակարգել դրանք: Այսինքն՝ կային ավելի խորքային խնդրիներ, որոնք ավելի հրատապ էին: Մասնավորապես՝ միշտ էլ խնդիրներ են եղել կառավարչի անկախության հարցի հետ կապված: Ներկայացված նախագծում կառավարչի լիազորություններն այդքան էլ կանոնակարգված չեն: Կառավարչի պատասխանատվության սահմաններն այդքան էլ մատնանշված չեն, թե կառավարիչն ինչ պատասխանատվություն է կրում: Նախագծում կա մի դրույթ, համաձայն որի՝ նվազեցված է կառավարչի վարձատրությունը՝ ոչնչով չհիմնավորված,  որը չի հանգեցնի  արդյունավետության, այլ ընդհակառակը, հակառակ էֆեկտը կունենա: Բացի այդ՝ կան նաև խնդիրներ՝ առողջացման ծրագրի հետ կապված: Գործող օրենքում, եթե փորձենք վերաքննիչ ատյանում կողմերի միջև հաշտություն կնքել, այդ իրավունքից զրկված են օրենքի կարգավորման իմաստով, ինչն այդքան էլ արդարացված չէ: Կարելի էր այդ մոտեցումը փոփոխել, ինչը նախագծով չի առաջարկվում: Առաջարկվող նախագծում, կարծեք թե, ինչ-որ հակասություններ առաջացնող նորմեր կան, որոնք ապագայում ևս խնդիրներ են առաջացնելու: Այս պահի դրությամբ՝ գործող նախագծում կան բազմաթիվ խնդիրներ: Իրականում այս նախագծում դրական կողմեր ևս կան, օրինակ նախատեսվող աճուրդների էլեկտրոնային համակարգի ներդրումը, որը կարող է հանդիսանալ կառավարչի գործունեության թափանցիկության կարևոր երաշխիք:

Նախատեսվում է ստեղծել նաև սնանկության դատարան, արդյո՞ք առանձին դատարան ունենալու դեպքում փոփոխություններ կատարելու կարիք այլևս չի լինի։

-Սնանկության դատարանի ստեղծումը իրականում դրական քայլ է այն առումով, որ ավելի համակարգված կլինի՝ դատական պրակտիկայի առումով, և ավելի միասնական մոտեցում կլինի․ այլապես ավել բան դատարանի ստեղծումը չի տալու:

Արդյո՞ք առաջարկվող փոփոխությունների շնորհիվ, որոշ տնտեսվարող սուբյեկտներ այլևս չեն կարողանա սնանկության գործընթացի միջոցով խուսափել պարտատերերի առաջ ունեցած պարտավորությունից։

– Եթե պարտապանը ցանկացավ, միշտ էլ կարող է խուսափել պարտատերերի հանդեպ ստանձնած պարտավորություններից: Այստեղ կախված է, թե ինքն ինչ կարգավիճակում է գտնվում, եթե խոսում ենք պարտապան ֆիզիկական անձի և իրավաբնական անձի մասին, մոտեցումները մի փոքր տարբեր են: Այդ մասով ևս, եթե անձը ստեղծում է այնպիսի հատկանիշներ, որը բերում է սնանկացման, ևս քրեաիրավական գնահատականի է արժանի, որի հիմքով ընկերության մասնակիցները՝ հիմնադիրները և տնօրենը, կրում են սուբսիդիար պատասխանատվություն։ Բայց այս երևույթը լայն տարածում չունի այսօրվա մեր պրակտիկայում: Ամեն դեպքում, չեմ կարծում, որ այս օրենքի փոփոխությունը բերի պարտապանների՝ պարտատերերի հանդեպ ստանձնած պարտավորությունների սնանկության վարույթով պայմանավորված նվազեցման:

– Հայաստանում տարածված է նաև կեղծ սնանկությունը, ի՞նչ կասեք այս երևույթի մասին։

-Մենք ենթադրում ենք, որ կեղծ սնանկությունը տարածված է, բայց այն բացահայտված չէ: Կեղծ սնանկությունը հատկանիշների արհեստական ստեղծումն է, որը ավելի շատ կարող է առաջանալ ֆիզիկական անձանց մոտ: Սնանկության հատկանիշների մասով՝ իրականում հիմա էլ ունենք խնդիրներ, բայց կեղծ սնանկության մասով՝ բարձրացված խնդիրն ավելի շատ կախած է կողմերի, սուբյեկտների կամայականությունից․ եթե կողմը մտադրվեց սնանկանալու, ապա կսնանկանա՝ նաև կեղծ հատկանիշներ ստեղծելով:

-ՀՀ ‹‹Սնանկության մասին››  ՀՀ օրենքի փոփոխությունն ի՞նչ արդյունքների կհանգեցնի։

-Եթե օրնենքն ընդունվի ներկայիս նախագծով, չեմ կարծում՝ լավ արդյունքների հանգեցնի, քանի որ չի կարգավորում այն խնդիրները, որոնք առաջնահերթ կարգավորման կարիք ունեն: Ենթադրում եմ, որ որոշակի փոփոխություններ կլինեն, ներկա կարգավիճակում, չեմ կարծում, որ որևէ արդյունք ունենա: