«Ես կմեռնեմ, բայց հացադուլից դուրս չեմ գա». «Սասնա ծռեր»-ի անդամ Արմեն Բիլյանը դիմեց դատարանին

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանում շարունակվեց ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման 10 անդամների գործով դատավարությունը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ:

Նիստի ընթացքում նախագահող դատավորը հայտնեց, որ «Սասնա ծռեր»-ի անդամներից Սմբատ Բարսեղյանը գրությամբ դիմել է դատարանին՝ հայտնելով, որ իր բացակայության ընթացքում հրաժարվում է Հայկ Ալումյանի պաշտպանությունից: Այդ պատճառով դատարանը որոշեց որոշ ժամանակով դատարան բերել Սմբատ Բարսեղյանին, վերջինիս դիրքորոշումը պարզելու համար:

Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ դատարանը Սմբատ Բարսեղյանի նկատմամբ կիրառել էր դատական սանկցիա՝ 4 ժամով հեռացնելով նիստերի դահլիճից:

‹‹Ես իմ բացակայության ժամանակ էի հրաժարվել իմ պաշտպանից››,- նիստերի դահլիճ բերվելուց հետո դատարանին հայտնեց Սմբատ Բարսեղյանը:

Դատավոր Մեսրոպ Մակյանն էլ որոշեց ընդմիջել նիստը և կապ հաստատել փաստաբան Հայկ Ալումյանի հետ, վերջինիս դիրքորոշումը ևս հասկանալու համար:

Ընդմիջումից հետո դատավորը հայտնեց, որ փաստաբան Հայկ Ալումյանը տեղեկացրել է դատարանին, որ ունի հնարավորություն, սակայն չունի պարտավորություն նիստին մասնակցելու համար, քանի որ իր պաշտպանյալը հրաժարվել է իրենից: Նշենք, որ դատարանը Ալումյանի այս պահվածքը համարեց անօրինական և որոշեց դիմել Փաստաբանների պալատ՝ նրան պատասխանատվության ենթարկելու համար:

Դատարանը նաև որոշեց վերացնել Սմբատ Բարսեղյանի նկատմամբ կիրառված սանկցիան և վերջինիս վերադարձնել նիստերի դահլիճ:

‹‹Եթե սանկցիաս վերացված է ես ցանկանում եմ, որ Ալումյանը շարունակի իրականացնել իմ պաշտպանությունը››,- ասաց Սմբատ Բարսեղյանը:

Այնուհետև իր դիրքորոշումը հայտնեց «Սասնա ծռեր»-ի անդամ Պավլիկ Մանուկյանը. ‹‹Հայկ Ալումյանի ցանկացած որոշում մենք ողջունում ենք: Հանցագործնորին այստեղ մի փնտրեք, սիրելիս: Օրենսգիրքը մի քանի հոգի դարձրել են ձեռքի խաղալիք, երբ ուզում են գցում են ոտքի տակ, երբ ուզում են դնում են գլխներին: Ես ձեր դատախազին մեղադրում եմ պետական դավաճանության մեջ, քայլեր ձեռնակրկեք այդ ուղղությամբ››,- իր խոսքում նշեց Պավլիկ Մանուկյանը:

Փաստաբան Արա Ղարագյոզյանն էլ միջնորդեց, որպեսսզի դատարանը կա՛մ վերացնի Արայիկ Խանդոյանի նկատմամբ կիրառված սանկցիան, կա՛մ նրան բերի դատարան, որպեսզի վերջինս հրաժարվի իրենից. ‹‹Արայիկ Խանդոյանը մինչև հիմա դրսևորել է շատ օրինապահ վարքագիծ››:

Փաստաբանի խոսքի ժամանակ տեղից խոսեց «Սասնա ծռեր»-ի անդամներից Գագիկ Եղիազարյանը, որին հակադարձեց դատախազ Արամ Արամյանը՝ նրան անվանելով ‹‹վիժվածք››: Այդ պատճառով դատավորը 2 կողմերին էլ նախազգուշացում հայտարարեց:

Նշենք, որ բարձրախոսների բացակայության պատճառով չկարողացանք լսել, թե որն էր վեճի պատճառը:

Դատարանը որոշեց վերացնել նաև Արայիկ Խանդոյանի սանկցիան և վերադարձնել նիստերի դահլիճ:

Փաստաբան Արմինե Ֆանյանն էլ դատարանին խնդրեց միջոցներ ձեռնարկել իր պաշտպանյալ Արմեն Բիլյանի տեղափոխությունն իրականացնելու ուղղությամբ, քանի  որ իր պաշտպանյալը արդեն 10 օր է գտնվում է հացադուլի մեջ և պահվում է ցուրտ մենախցում: Դատավորն էլ հայտնեց, որ այդ առումով միջոցներ կձեռնարկի և կտարամադրի համապատասխան գրություն:

‹‹Ինչքան ուզում է այս թղթաբանությունը ձգձգեն՝ ես հացադուլից դուրս չեմ գալու: Ես կմեռնեմ, բայց հացադուլից դուրս չեմ գա: Իմ պահանջն այն է, որ ինձ տեղափոխեն Արմավիր ՔԿՀ››,- այս մասին ասաց Արմեն Բիլյանը:

Քանի որ Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը բացակայում էր դատարանը որոշեց հետաձգել նիստը: Դատավորի հեռանալուց հետո «Սասնա ծռեր»-ի անդամները շնորհավորեցին հայ ժողովրդի Ամանորն ու Սուրբ ծնունդը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 10-ին:

Մեկնաբանություններ