Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Նորքի զինված խմբի» գործով դատական նիստը: Նախորդ դատական նիստին ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանը հրաժարվեց իր պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանից և գործի մեջ ներգրավվեց նոր պաշտպան՝ Նարինե Ռշտունին: Ամբաստանյալը դիմել էր դատարանին, որ դատարանը թույլ տա վերջինիս այցելել իրեն ՔԿՀ-ում, սակայն դատավորն ասել էր, որ պետք է վերջինս դիմումով հանդես գա, որ ստանձնում է ամբաստանյալի պաշտպանի դերը, որից հետո միայն դատարանը թույլ կտա տեսակցել:
Այսօրվա դատական նիստին ներկայացել էր ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանի նոր պաշտպան Նարինե Ռշտունին, որը գործի նյութերին ծանոթանալու համար դատարանից պահանջեց 40 աշխատանքային օր տրամադրել իրեն:
Դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, հայտնեց, որ 40 աշխատանքային օրը շատ երկար է և քանի, որ դեռ ընդհամենը 11-րդ հատորի ապացույցներն են ընթերցում, ուստի պաշտպանը կարող է մեկ շաբաթյա ժամանակահատվածում ծանոթանալ գործի եզրակացություններին, իսկ մնացածին կծանոթանա դատաքննության ընթացքում:
Ամբաստանյալ Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն առարկեց դատավորի որոշման դեմ՝ ասելով, որ ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանի պաշտպանության իրավունքն արդեն մեկ տարուց ավել է, ինչ խախտվում է. «Դուք պաշտպանության իրավունքը վերածում եք խեղկատակության»,-ասաց նա՝ հավելելով, որ հանրային պաշտպաններն էլ չեն կարողանում ամբաստանյալի պաշտպանությունը ստանձնեն՝ ծանրաբեռնվածության պատճառով, արդյունքում, ամբաստանյալի պաշտպանույթունը հանձնում են մյուսին, որպեսզի դատական նիստը ուղղակի չհետաձգվի, որն ըստ փաստաբան Հայկ Ալումյանի՝ ձևական բնույթ է կրում:
Գործի մեջ նոր ներգրավված պաշտպան Նարինե Ռշտունին դատարանին հայտնեց, որ արդեն 2 օր է ինչ իր պաշտպանյալը հացադուլ և ջրադուլ է անում:
Դատարանը որոշում կայացրեց պաշտպանին տրամադրել 2 շաբաթ՝ գործի նյութերին ծանոթանալու համար:
Հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին: