Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Սասնա ծռեր»-ի 11 անդամների գործով դատավարությունը Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:
Այսօրվա դատական նիստին շարունակվեց մեղադրական եզրակացությունների եզրափակիչ մասը: Նշենք, որ ամբաստանյալներ Վարդգես Գևորգյանի և Հովհաննես Վարդանյանի պաշտպաններ՝ Կարեն Մեջլումյանն ու Անուշ Մխիթարյանը չէին ներկայացել, և համապասատխան գրությամբ տեղեկացրել էին դատարանին, որ վերջիններիս կփոխարինեն հանրային պաշտպանի գրասենյակից փաստաբաններ Մերի Ալավերդյանը և Արա Դավթյանը:
Պաշտպան Մերի Ալավերդյանը դատարանից պահանջեց 2 ամիս ժամանակ գործի նյութերին՝ 45 հատորին ծանոթանալու համար, սակայն դատավորը հստակեցրեց, որ գործի նյութերը ոչ թե 45 հատոր են, այլ՝ 102 հատոր, ուստի ճիշտ կլինի, որ դատական փուլերի ընթացքում փաստաբանը ծանոթանա նյութերին:
«Իմ պաշտպանյալի պաշտպանության իրավունքը այս դեպքում խախտվում է»,- ասաց Վարդգես Գևորգյանի շահերի պաշտպան Մերի Ալավերդյանը, սակայն, ի պատասխան պաշտպանի խոսքին, դատավորը մանրամասնեց, որ այսօրվա նիստին լսելու են 4 ամբաստանյալների մեղադրական եզրակացությունները, հետո վերջիններիս դիրքորոշումները, ուստի անհրաժեշտություն չհամարեց նիստը հետաձգել. «Այս պարագայում պաշտպանյալների պաշտպանության իրավունքները չի խախտվում»,- ասաց նա:
Արդյունքում, 30 րոպե ընդմիջում հայտարարեց, որպեսզի գործի մեջ նոր ներգրավված պաշտպանները ծանոթանան մեղադրական եզրակացության հետ:
Ընդմիջումից հետո՝ Մերի Ալավերդյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը՝ Վարդգես Գևորգյանը չի ցանկանում իր հետ որևէ բան քննարկել:
Մուշեղ Շուշանյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց՝ գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ, որպեսզի Վարդգես Գևորգյանին և Հովհաննես Վարդանյանին հնարավորություն տրվի հանրային պաշտպանների միջոցով իրականացնել իրենց պաշտպանությունը. «Առաջարկում եմ՝ արհեստական խնդիրներ ու լարվածություն չստեղծել և գործի քննությունը հետաձգել, այլապես ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեմ»,- ասաց նա: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կրկին ասաց, որ եզրակացությունների հրապարակումը չի խախտում պաշտպանյալների պաշտպանույթան իրավունքը, արդյուքնում Մուշեղ Շուշանյանը դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց. «Նման արարքով դուք ցույց եք տալիս, որ անաչառ չեք, պաշտպանական կողմի նկատմամբ ունեք կանխակալ մոտեցում»:
«Սասնա ծռեր»-ի անդամները մեղադրական եզրակացությունը «շինծու» անվանեցին և բոյկոտեցին նիստը, որից հետո դատավորը բոլորին հեռացրեց նիստերի դահլիճից: Հետագայում, դատավորը պահանջեց նիստերի դահլիճ բերել ամբաստանյալ Մանվել Աթոյանին, որը պետք է լսի իր մեղադրական եզրակացությունը: Սակայն ամբաստանյալը հրաժարվել էր ներկա գտնվել, վերջինիս պաշտպան Արա Ղարագյոզյանն էլ հայտնեց, որ դա իր պաշտպանյալի իրավունքն է և ինքը չի կարող ըմբոստանալ:
Հետագայում բոլոր ամբաստանյալներին բերեցին նիստերի դահլիճ, որպեսզի վերջիններս մեղադրական եզրակացության վերաբերյալ հանտնեն իրենց դիրքորոշումները.
«Ես շինծու մորաքրոջ որդի չունեմ, սա սարքած է՝ ոչ արհեստավարժ գործ սարքել ա սա»,-ասաց նա:
Խաչատուր Գիշչյանն էլ իր հերթին հայտնեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում. «Այստեղ պետք է նստած լինեին ուրիշները մենք հերոսներ ենք»:
Մուշեղ Շուշանյանը դատարանին հայտնեց, որ մեղադրականները անհասկանալի են և ոչ հստակեցված, դատավորն էլ ասաց, որ դա մեղադական կողմի աշխատանքն է. «Եթե չեն հստակեցրել՝ դա ի օգուտ ձեզ է: Դատաքննությունը մրցակցային է»:
Նշենք, որ այսօրվա նիստին չէր ներկայացել ամբաստանյալ Կարո Եղնուկյանը․ կրկին ճնշման խնդիր ուներ, սակայն դատավորը դիրքորոշում հայտնելու համար պահանջեց, որ նա ներկայանա: Կարո Եղնուկյանը հայտնեց, որ իր համար մեղադրանքը պարզ չէ, և չի հասկանում, թե ինքն ինչի մեջ է մեղադրվում:
Հավելենք, որ ամբաստանյալններ Արմեն Լամբարյանի և Աշոտ Պետրոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը նիստին ներկա չէր, արդյունքում, ամբաստանյալները հրաժարվեցին առանց իրենց պաշտպանի դիրքորոշում հայտնել. նիստը հետաձգվեց:
Հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին: