Հրազդանի երկու բնակիչների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել է ևս մեկ սպանություն՝ կատարված 2013 թվականին:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ երկու անձանց սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Հրազդան քաղաքի բնակիչներ Վարդուհի Սիմոնյանի և Սամվել Ալիխանյանի սպանությունը կատարվել է շահադիտական նկատառումներով՝ նույն քաղաքի 32-ամյա բնակչի կողմից՝ իր հայրական տանը։
Նախնական քննությամբ հիմնավորվել է, որ 2017 թվականի սեպտեմբերի 18-ի երեկոյան ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր կողմից շահագործվող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով տուժողներին տեղափոխել է իր հայրական տուն, որտեղ ծեծել է նրանց և գումար պահանջել։ Մերժում ստանալով՝ 32-ամյա տղամարդը մետաղական լարով խեղդամահ է արել Սամվել Ալիխանյանին, այնուհետև մետաղական կշռաքարով հարվածներ հասցրել Վարդուհի Սիմոնյանի գլխին՝ սպանելով նրան:
Կատարված առանձնապես ծանր հանցանքի հետքերը վերացնելու նպատակով դիակները փաթաթվել են պոլիէթիլենային թաղանթով, կպչուն ժապավենով և ավտոմեքենայով տեղափոխվել Երևան-Սևան ավտոճանապարհի 51 կմ հատվածից աջ գտնվող դաշտավայր և թաքցրել դիերը:
Քննությամբ պարզվել է դիակների տեղափոխմանն աջակցած անձանց ինքնությունը։
Հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել խուզարկություն, որի ժամանակ 32-ամյա տղամարդու տանը՝ ննջարանում, հայտնաբերվել և առգրավվել են 4 հատ «Տոզ» տիպի փամփուշտ և մեկ պարկուճ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հրազդան քաղաքի 32-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Եվս մեկ անձի, հանցագործությունը պարտակելու համար, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է 4 տարի առաջ` 2013թ. հունվարին, Երևանում տեղի ունեցած Մամիկոն Ասատրյանի սպանությունը։ Նշված դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել էր 2013թ. հունվարի 18-ին՝ Ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, սակայն հետագայում վարույթը կասեցվել՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու պատճառով։
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարված բազմակողմանի քննության արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Մ.Ասատրյանի սպանությանն անմիջական մասնակցություն է ունեցել 2017 թվականի սեպտեմբերին սպանված Սամվել Ալիխանյանը՝ համապատասխան վարձատրության դիմաց։
Կասեցված վարույթը վերսկսվել է և քրեական գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ միացվել Հրազդանի երկու բնակիչների սպանության դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործին։ Քննչական խմբի կողմից իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ Մ.Ասատրյանի սպանությունը պատվիրվել ու կազմակերպվել է վերջինիս կնոջ կողմից, ով դեկտեմբերի 12-ին ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով և հարցաքննվել դեպքի շուրջ:
Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են ակտիվ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: