Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման 10 անդամների գործով դատավարությունը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ:
Այսօր դատարանում հետազոտվեցին գործում եղած գրավոր ապացույցները:
«Սասնա ծռեր»-ի անդամ Արայիկ Խանդոյանը դիմեց դատարանին՝ խնդրելով իրենց չդիմել ամբաստանյալով:
«Ես որպես հայ մարդ խնդրում եմ ինձ հունից չհանեք: Ինձ դարձրել եք հոգեկան հիվանդ, հանկարծ ու հանկարծ ինձ չստիպեք, որ ես ցենզուրայից դուրս գամ: Այստեղ մեր երկրի, մեր ազգի պաշտպաններն են նստած, ամբաստանյալ բառը վերաբերվում է ռեժիմին, դրա համար այդ բառը մեզ համար չօգտագործեք»,- ասաց նա:
Դատավորն էլ հայտնեց, որ ամեն ինչ հասկանալի է և ինքն էլ կոռեկտության կոչ արեց Խանդոյանին:
Որից հետո շարունակվեց գործում եղած գրավոր ապացույցների հրապարակումը: Նշենք, որ մեղադրող դատախազը գրավոր ապացույցներն ընթերցելիս օգտագործում էր «մեղադրյալ» բառը:
Այնուհետև մեղադրող դատախազին ընդհատեց «Սասնա ծռեր»-ի անդամ Գագիկ Եղիազարյանը, վերջինս դատարանին հայտնեց, որ չի ցանկանում մնալ և լսել այս բարբաջանքները:
«Ես համարում եմ, որ այս ամեն ինչը մեզ հետ ոչ մի կապ չունի: Մենք զինված ապստամություն ենք բարձրացրել, եթե պետք է քննվի զինված ապստամության վերաբերյալ հարցեր՝ քննարկեք: Ես կարող եմ հանգիստ գնալ ներքև և չլսել սա»,- իր խոսքում ասաց նա:
Գագիկ Եղիազարյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանն էլ դատարանին միջնորդեց իր պաշտպանյալին ընձեռել այդ հնարավորությունը և թույլ տալ, որպեսզի նա չմասնակցի այս փուլին. «Մենք չենք կարող ստիպել, որ մարդը հակառակ իր կամքին մասնակցի այս փուլին»:
Դատավոր Մեսրոպ Մակյանն էլ հայտնեց, որ միջնորդությունը բավարարելու ոչ մի հիմք չկա, ինչը զայրացրեց Գագիկ Եղիազարյանին, վերջինս տեղից վեր կացավ, որ հեռանա. «Դուք հենց հիմա խախտում եք իմ իրավունքները», ինչին ի պատասխան դատավորը հորդորեց նստել հակառակ դեպքում ստիպված կլինի սանկցիա կիրառել: «Սասնա ծռեր»-ի մյուս անդամները ևս վեր կացան իրենց տեղից և ստեղծվեց խառնաշփոթ իրավիճակ, ինչի համար դատավորը որոշեց ընդմիջել նիստը:
Նշենք, որ այդ ընթացքում վիճաբանություն տեղի ունեցավ ապակեպատ պատնեշից այս կողմ գտնվող կանանցից մեկի՝ Թամար Հովհաննիսյանի և կարգադրիչներից մեկի միջև:
Ընդմիջումից հետո դատավոր Մեսրոպ Մակյանը հայտնեց, որ ցանկացողները կարող են դուրս գալ, սակայն «Սասնա ծռեր»-ի անդամները չցանկացան դուրս գալ:
«Փոշմանեցինք»,-տեղից բղավեց Գագիկ Եղիազարյանը:
Նիստերի դահլիճը լքեցին միայն Արայիկ Խանդոյանն ու Մխիթար Ավետիսյանը:
Այնուհետև շարունակվեց գործում եղած ապացույցների հետազոտումը: