ՀՀ ոստիկանության պետը դիմել էր ՀՀ փաստաբանների պալատի նախագահին՝ Մուշեղ Շուշանյանի կողմից հրապարակային վիրավորական արտահայտություններ կատարելու վարքագիծը քննարկման առարկա դարձնելու համար:
Դիմողը նշել էր, որ փաստաբանի նմանօրինակ անպատասխանատու և ոչ պրոֆեսիոնալ գործելաոճը ուղղակիորեն վնասում է իրավապահ ամբողջ համակարգի նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը և որևէ աղերս չունի փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման հետ:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահը Մուշեղ Շուշանյանի նկատմամբ հարուցել էր կարգապահական վարույթ, որոշման մեջ նշելով հետևյալը՝
«Փաստաբան Մուշեղ Շուշանյանի հրապարակային խոսքերում կան մտքեր, որոնք ոստիկանության հասցեին քննադատություն են պարունակում և կարող են տեղավորվել փաստաբանի մասնագիտական պարտականությունների կատարման համատեքստում: Մասնավորապես՝ փաստաբան Մուշեղ Շուշանյանը նշել է՝ «Ոստիկանական գործողությունները, որ իրականացվեցին «Սասնա ծռեր»-ի գործով դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ, ես ոստիկանության հատուկ գործողություն եմ որակում։ Որովհետև ակնհայտ սադրիչ գործողությունների էին դիմում, այսինքն՝ առանձին ոստիկաններ հայհոյում էին «Սասնա ծռեր»-ի հարազատներին, համակիրներին։ Ամեն ինչ արվում էր, որ բախումներ հրահրվեն։ Պարզ է, որ եթե ոստիկանությունը նպատակ ուներ դիմելու սադրանքի, իրենք իրենց նպատակին հասան»:
Փաստաբանը չի կարող վախենալ կամ մտահոգվել իր վստահորդին պաշտպանելու նպատակով սուր քննադատական խոսք կամ «մեղադրանքներ» հնչեցնելու համար, քանի որ իր դիրքորոշման և առաջ քաշած փաստերի ստուգման միջոցով պետք է պարզվի իրականությունը: Սկզբնական փուլում, երբ հասարակությանը կամ իրավասու մարմնին հայտնի չեն դեպքի իրական փաստերը, բնական է, որ վեճի (միջադեպի) հակառակորդ կողմերի դիրքորոշումները հակասելու են միմյանց:
Այնուհանդերձ, փաստաբանը պարտավոր է ղեկավարվել Կանոնագրքի պահանջներով և սուր քննադատություններից չանցնել վիրավորանքների:
Փաստաբան Մուշեղ Շուշանյանի քննադատական խոսքերից բացի առկա են նաև արտահայտություններ, որոնք փաստաբանի կողմից կատարված լինելը հաստատվելու դեպքում կարող են հակասել վերոհիշյալ կանոններին: Մասնավորապես վերջինս նշել է՝ «…Հայաստանի Հանրապետությունում ոստիկանությունն իրավապահ մարմին չէ, զինված հրոսակախումբ է, որը պատրաստ է կատարել ցանկացած հանցավոր հրաման…»։
Կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշման մեջ նաև արձանագրվել է, որ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելն ինքնին չի նշանակում, որ փաստաբանը թույլ է տվել կարգապահական խախտում և այդ հարցի վերջնական պատասխանը կարող է տրվել միայն կարգապահական վարույթի իրականացման արդյունքում` Պալատի խորհրդի համապատասխան որոշմամբ:
2017թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը քննության առնելով Մուշեղ Շուշանյանին պատասխանատվության ենթարկելու հարցը, որոշել է՝
1. Փաստաբան Մուշեղ Շուշանյանի (արտոնագիր թիվ 387) նկատմամբ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 5–րդ մասի պահանջի խախտման հիմքով հարուցված թիվ 17048 կարգապահական վարույթը կարճել:
2. Փաստաբան Մուշեղ Շուշանյանին (արտոնագիր թիվ 387) ճանաչել մեղավոր Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.2 և 2.2.3 ենթակետերի պահանջների խախտման համար:
3. Փաստաբան Մուշեղ Շուշանյանի (արտոնագիր թիվ 387) նկատմամբ կիրառել կարգապահական տույժ` իր հաշվին լրացուցիչ վերապատրաստման դասընթացներին մասնակցություն Դեոնթոլոգիա թեմայով, 6 ամսվա ընթացքում 8 ակադեմիական ժամ ժամաքանակով:
4. Պալատի աշխատակազմի ղեկավարին` սույն որոշման մասին իրազեկել կողմերին:
ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի որոշումը լրացուցիչ կհրապարակվի: