62 կողմ և 39 դեմ  ձայներով կառավարության ներկայացրած ծրագիրն ընդունվեց

Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր քնարկվեց կառավարության ներկայացրած ծրագիրը, որի ժամանակ պատգամավորները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հանդես գալ ելույթներով:

Այնուհետև տեղի ունեցավ քվեարկություն, որի արդյունքում՝  62 կողմ և 39 դեմ  ձայներով, կառավարության ծրագիրն ընդունվեց:

Եզրափակիչ ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ամենավտանգավոր բանը քննադատությունը վանելն է:

«Այո, սա երազանքների ծրագիր է, սա երազանքների երկիր ունենալու ծրագիր է և մենք այս ծրագրով ասում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերադարձրել ենք երազելու իրավունքը և երազանքներն իրագործելու իրավունքը: Սա մեր կառավարության գործունեության ամենակարևոր կողմը և ամենակարևոր երեսն է»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր համար ամենակարևոր ցուցանիշը մարդկանց երջանկությունն է և նոր կառավարության գործունեության ընթացքում մարդիկ չեն զրկվելու այդ ժպիտից:

«Մենք բոլորս հասկանում ենք, որ Ազգային ժողովը ինձ վարչապետ ընտրել է ի հեճուկս սեփական ցանկությունների: Որևէ մեկը թող չասի, որ լավություն է արել ինձ կամ որևէ մեկին ՀՀ վարչապետ ընտրելով և որևէ մեկը թող չմտածի, որ ինձ կամ կառավարությանը լավություն է անելու կառավարության ծրագրին կողմ քվեարկելով: Մենք որևէ մեկի լավության կարիքը Ազգային ժողովում չունենք: Ուզում եք կողմ քվեարկեք, ուզում եք դեմ քվերակեք»,- իր խոսքում նշեց նա:

Վերջում վարչապետն ավելացրեց, որ մենք ապրում ենք և ապրելու ենք ազատ երկրում: