Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կրկին չկայացավ քրեական աշխարհում որպես «Կայարանցի Թևոսիկ» անվամբ հայտնի Թևոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի և Մովսես Ներսիսյանի սպանության գործով դատական նիստը: Դատավոր Արմեն Բեկթաշյանը հեռացել էր
խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, ուստի դատական նիստը անորոշ ժամանակով հետաձգվեց:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը ևս չէր կայացել: Հավելենք, որ նախորդ դատական նիստերի ընթացքում դատավոր Արմեն Բեկթաշյանը որոշում կայացրեց նախաքննություն իրականացնող մարմնից պահանջել սպանության դեպքի վայրում հայտնաբերված բժշկական ձեռնոցն ու հետազոտել այն:
Նշենք, որ վերոնշյալ ձեռնոցը հայտնաբերվել է սպանության վայրում, որը գործով անբաստայալ Իսրայել Սարգսյանի պնդմամբ կարևոր ապացույց է, և վերջինս դատարանից պահանջում էր որպես իրեղեն ապացույց ճանաչել:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արթուր Սաֆարյանը սպանվել է 2014-ի հունվարի 27-ին՝ Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ: Սպանության գործով կալանավորվել են Իսրայել Սարգսյանը և Տիգրան Ասատրյանը: Վերջինս շուտով ազատ է արձակվել, իսկ Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանությունը կազմակերպելու ու դրան օժանդակելու համար:
Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին պատվիրել է Արթուր Սաֆարյանի սպանությունը, ապա հետքերը թաքցնելու համար ինքը սպանել Մովսես Ներսիսյանին՝ «Մագնում» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում, ապա՝ դին Մովսեսի մեքենայով տեղափոխել Զովունի-Քանաքեռավան ճանապարհի մոտ ու նետել կոյուղու դիտահորը, որից հետո մեքենան տարել ու թողել է «Զվարթնոց» օդանավակայանում: Սպանությունից ավելի քան երեք տարի անց Մովսես Ներսիսյանի դին չի հայտնաբերվել:
Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի