Դիմումատուները Բոսնիա և Հերցեգովինայի 33 քաղաքացիներ են, ովքեր ծնվել են 1952-1990 թվականներն ընկած ժամանակահատվածում և բնակվում են Բոսնիա և Հերցեգովինայի տարբեր հատվածներում: Դիմումատուներին՝ որպես աշխատողների, վարձել են Բոսնիա և Հերցեգովինայից ՝ որպես ժամանակավոր շինարարներ Ադրբեջանում: Գործը վերաբերում է «Serbaz Design and Construction» ՍՊԸ-ի (այսուհետ նաև՝ Ընկերություն կամ Սերբազ) կողմից նրանց նկատմամբ աշխատանքային հարաբերությունների շրջանակներում դրսևորած վերաբերմունքին, Ադրբեջանի իշխանությունների կողմից նրանց նկատմամբ վարած քաղաքականությանը և վերջիններիս կողմից Դիմումատուների իրավական պաշտպանությունն ապահովելու անհնարինությանը։
Հիմք ընդունելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 4-րդ հոդվածի (ստրկության և հարկադիր աշխատանքի արգելում) 2-րդ կետի, 6 -րդ հոդվածի (արդար դատաքննության իրավունք) և թիվ 1 Արձանագրության (սեփականության պաշտպանություն) 1 -ին հոդվածի դրույթները՝ Դիմումատուները բողոքել են, որ իրենք Ադրբեջանում թրաֆիքինգի զոհ են դարձել և պարտադրվել են կատարելու հարկադիր աշխատանք:
Ըստ Դիմումատուների, նրանց հավաքել են Բոսնիա և Հերցեգովինայում և տարել Ադրբեջան՝ տասից և ավելի խմբերով, որպես օտարերկրյա ժամանակավոր աշխատուժ՝ շինարարության համար։ Դիմումատուների մեծ մասն Ադրբեջանում է մնացել վեց ամիս և ավելի երկար ժամանակով։
2007թ․ շինարարական ընկերությունը կազմակերպել է նրանց ժամանումը Ադրբեջան՝ զբոսաշրջության վիզաների հիման վրա: Երբ Դիմումատուները ժամանել են Ադրբեջան, նրանց անձնագրերը վերցրել են Ընկերության ներկայացուցիչները: Նրանց համար աշխատանքի անհատական թույլտվություն չի ստացվել իշխանություններից:
Բաքվում գտնվելու ժամանակ Դիմումատուներն ապրել են հանրակացարաններում, երկհարկանի մահճակալներով սենյակներում՝ տասներկու-քսանչորս հոգով: Հանրակացարանները հագեցած չէին խմելու ջրով, տաք ջրով, գազով և ջեռուցմամբ։ Աղբի կուտակման պատճառով պայմանները հակասանիտարական էին: Դիմումատուներին բժշկական օգնություն չի ցուցաբերվել: Նրանք պետք է ենթարկվեին Ընկերության սահմանած ներքին խիստ կանոններին: Այդ կանոնների մասին ծանուցումները՝ շարադրված իրենց մայրենի լեզվով, փակցված էին հանրակացարանների պատերին և դռներին: Դիմումատուները նշել են, որ իրենց ավտոբուսով տարել են աշխատանքի և վերադարձրել, իսկ այլ դեպքերում նրանց թույլ չեն տվել լքել իրենց կացարանը՝ առանց հատուկ գրավոր թույլտվության: Կանոնների խախտումները պատժվում էին տուգանքներով, ծեծով, «հատուկ նշանակված վայրում» կալանքով և սպառնալիքներով:
Դիմումատուներն աշխատել են Բաքվում մի քանի շենքերի, այդ թվում՝ Բութա պալատի, Բաքու Էքսպո կենտրոնի և 28 Մոլի շինարարության համար: 2009 թ. Մայիսից Դիմումատուներին ոչ մի աշխատավարձ չի վճարվել, ուստի, նրանք չէին կարող բավարարել կենսական կարիքները: Ըստ նրանց, յուրաքանչյուր աշխատող զրկվել է մոտ 10 հազար ԱՄՆ դոլար աշխատավարձից:
2009թ․-ի հոկտեմբերին և նոյեմբերին Ընկերությունը վճարել է չվճարված աշխատավարձի չնչին մասը Ադրբեջանում գտնվող աշխատողներին, նրանց խմբերով տարել է Բաքվի միջազգային օդանավակայան, վերադարձրել է նրանց անձնագրերը և կազմակերպել է նրանց վերադարձը իրենց հայրենիք: 2009 թվականի նոյեմբերի վերջ բոլոր Դիմումատուները լքել են Ադրբեջանը: Վերոգրյալի վերաբերյալ առանց իրադարձությունների իրենց սեփական տարբերակը ներկայացնելու, Ադրբեջանի կառավարությունը վիճարկել է Դիմումատուների փաստացի հայտարարությունների իսկությունը՝ նշելով, որ չկան ապացույցներ, որոնք կհիմնավորեն նրանց պնդումները։
2010թ. Դիմումատուների անունից նրանց վարձած փաստաբան քաղաքացիական հայց է ներկայացրել Ընկերության դեմ՝ խնդրելով յուրաքանչյուր Դիմումատուին վճարել 10,000 ԱՄՆ դոլար չվճարված աշխատավարձ և 5,000 ԱՄՆ դոլար՝ ենթադրյալ պատճառված ոչ նյութական վնասի համար: Բայց Ընկերության ներկայացուցիչը պնդել է դատարանում, որ Ընկերությունը «Acora Business» ՍՊԸ-ի դուստր ընկերությունն է, ուստի Դիմումատուները համարվել են Acora-ի աշխատակիցները, որն էլ պատասխանատու էր նրանց աշխատավարձի և աշխատանքի հետ կապված այլ հարցերի վճարման համար: Գործուղման պայմանագրով Ընկերությունը պատասխանատու էր նրանց միայն կացարանով և սնունդով ապահովելու համար։ Ներկայացուցիչը պնդել է, որ նյութական և ոչ նյութական վնասի մասով Ընկերության դեմ Դիմումատուների պահանջները հիմնավորված չեն: Այսպիսով, դատարանը մերժել է Դիմումատուների հայցը։
2010 թվականի դեկտեմբերի 1-ին Դիմումատուների փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ ըստ էության կրկնելով նախորդ պնդումները: Բացի այդ, նա, ի թիվս այլոց, ներկայացրել է հետևյալ փաստական և իրավական պնդումները.
-այն փաստը, որ Դիմումատուները մնացել և աշխատել են Ադրբեջանում զբոսաշրջային վիզաների հիման վրա և առանց աշխատանքային թույլտվության, խախտում է ներքին օրենսդրությունը, և նրանք ենթարկվել են հարկադիր աշխատանքի։
-իրականաում Դիմումատուները եղել են Սերբազի, այլ ոչ թե Ակորայի աշխատակիցներ, և Սերբազը նրանց ապօրինի ենթարկել է հարկադիր աշխատանքի՝ առանց Սահմանադրությանը, ներքին օրենքների և ակտերի, միգրացիայի և միջազգային պայմանագրեր կնքելու։
–առաջին ատյանի դատարանը գործի քննության ժամանակ հիմք է ընդունել Ընկերության ներկայացրած փաստաթղթերի պատճենները, որոնք վավերացված չեն եղել և չեն ստուգվել դատարանի կողմից, ինչն էլ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջների խախտում է եղել և որպես ապացույց անթույլատրելի է եղել։
Վերաքննիչ դատարանը գտել է, Դիմումատուների բողոքն անհիմն է և չի անդրադարձել Դիմումատուների փաստաբանի պնդումներին: Դիմումատուները նաև վճռաբեկ բողոք են ներկայացրել՝ կրկնելով իրենց փաստարկները, սակայն 2011 թվականի սեպտեմբերի 23-ին Վճռաբեկ դատարանը անփոփոխ թողեց վերաքննիչ դատարանի վճիռը։
Սույն գործի շրջանակներում Բոսնիա և Հերցեգովինայի կառավարությունը բազմիցս դիմել է Ադրբեջանի կառավարությանը, սակայն ապարդյուն։ 2009 թվականի վերջին Բոսնիա և Հերցեգովինայի դատախազությունը քրեական հետաքննություն է նախաձեռնել Ընկերության ղեկավարության և աշխատակիցների կողմից Դիմումատուներին հարկադիր աշխատանքի և թրաֆիքինգի ենթարկելու գործի առնչությամբ։ 2010 թվականի ապրիլին Բոսնիա և Հերցեգովինայի դատախազությունը իրավական աջակցության հարցում է ուղարկել Ադրբեջանի համապատասխան մարմիններին՝ քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին եվրոպական կոնվենցիայի համաձայն, և ադրբեջանական իշխանություններին տեղեկացրել է, որ Բոսնիա և Հերցեգովինայի տասնմեկ քաղաքացիներ, այդ թվում՝ մեկ անհայտ և Ադրբեջանի մեկ քաղաքացի կասկածվել են վերը նշված հանցագործության կատարման մեջ։
Ի վերջո, հայտնաբերվել են երկու անձինք, ովքեր եղել են կազմակերպված հանցավոր խմբի մաս, որը շահագործել է Բոսնիա և Հերցեգովինայի, Սերբիայի և Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացիներին՝ ստիպելով նրանց աշխատել Ադրբեջանում: Խումբն այս գործողություններն իրականացրել է՝ խոստանալով, որ եթե քաղաքացիներն աշխատանքի տեղավորվեն Ադրբեջանում, կստանան լավ աշխատավարձ, գերազանց կացարան, առողջապահական ապահովագրություն և սննդի ծախսեր։ Սերբազում աշխատելիս շատ աշխատողներ գտնվել են վատ պայմաններում և առողջական խնդիրներ են ձեռք բերել, մինչդեռ հաշվարկվել է, որ Սերբազի անդամների կողմից նման գործողությունների արդյունքում յուրացվել է մոտավորապես 3,000,000 եվրո:
Այսպիսով, Բոսնիա և Հերցեգովինայի Դատարանը երկու անձանց մեղավոր է ճանաչել կազմակերպված հանցագործության և մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունների համար՝ դատապարտելով մեկ տարվա ազատազրկման։
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 4 -րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն․
«Ոչ ոք չպետք է պարտադրվի կատարելու պարտադիր կամ հարկադիր աշխատանք։»
ՄԻԵԴ-ը նշել է, որ «հարկադիր աշխատանք» տերմինը հիշեցնում է ֆիզիկական կամ մտավոր հարկադրանքի գաղափարը: Ինչ վերաբերում է «պարտադիր աշխատանք» տերմինին, ապա այն չի կարող վերաբերել միայն իրավական հարկադրանքի կամ պարտավորության որևէ ձևի: Օրինակ, ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա կատարվող աշխատանքները չեն կարող դիտվել որպես Կոնվենցիայի 4 -րդ հոդվածի շրջանակներում ուսումնասիրման ենթակա գործ այն միակ հիմքով, որ կողմերից մեկը մյուսի հետ պարտավորվել է կատարել որոշակի աշխատանք և ենթակա է պատժամիջոցների ենթարկման, եթե նա չկատարի իր պարտավորությունը: Պարտադիր աշխատանք նշանակում է, որ «աշխատանքի կատարումը պահանջվում է պատժամիջոցի/պատժի/ տույժի սպառնալիքով», ինչպես նաև կատարվում է շահագրգիռ անձի կամքին հակառակ, այսինքն ՝ աշխատանք, որը նա «ինքնակամ չի ցանկացել»: «Տույժ» հասկացությունը պետք է հասկանալ լայն իմաստով: «Տույժը» կարող է հասնել մինչև ֆիզիկական բռնություն կամ զսպվածություն, սակայն այն կարող է նաև ունենալ հոգեբանական բնույթի ավելի նուրբ ձևեր, ինչպես, օրինակ, զոհերին դատապարտելու սպառնալիքները, ոստիկանությանը կամ ներգաղթի իշխանություններին հանձնելը, երբ նրանց աշխատանքային կարգավիճակն անօրինական է (տե՛ս CN և V. ընդդեմ Ֆրանսիայի, Tibet Menteş and Others v. Turkey)։ Van der Mussele գործում Դատարանը նշել է, որ վերոգրյալի համատեքստում «հարաբերական կշիռ» պետք է տալ դիմումատուի «նախնական համաձայնության» վերաբերյալ փաստարկին և հաշվի առնել գործի բոլոր հանգամանքները: Մասնավորապես, ՄԻԵԴ-ը նշել է, որ որոշակի դեպքերում «աշխատանքը կատարելու անհատի կողմից նախնական համաձայնությունը» չի նշանակում հարկադրված աշխատանքի բացառում: Համապատասխանաբար, աշխատանքը կատարելու համաձայնությունը պետք է գնահատվի գործի բոլոր հանգամանքների լույսի ներքո (տե՛ս Chowdury and Others v. Greece):
Դատարանը նշել է, որ մարդկանց թրաֆիքինգը, ըստ իր բնույթի և շահագործման նպատակի, մարդկանց վերաբերվում է որպես ապրանքների, որոնք պետք է գնվեն և վաճառվեն և դրվեն հարկադիր աշխատանքի՝ հաճախ չնչին կամ առանց վարձատրության և ներառում է բռնության և սպառնալիքների կիրառում զոհերի նկատմամբ, ովքեր ապրում և աշխատում են վատ պայմաններում: Այս ամենը նկարագրված է «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիային ուղեկցող բացատրական զեկույցում։
Սույն գործի շրջանակներում և վերոգրյալի հիման վրա, ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ նույնիսկ ենթադրելով, որ աշխատանքի ընդունվելու պահին Դիմումատուները կամավոր ներկայացել են աշխատանքի, նրանք ունեցել են աշխատավարձ ստանալու ակնկալիք, իսկ նրանց նախնական համաձայնությունը չի նշանակում, որ նրանք հարկադիր աշխատանքի զոհ չեն դարձել, քանի որ իրավիճակը ենթադրաբար փոխվել է հետագայում՝ գործատուի վարքագծի արդյունքում: Այս կապակցությամբ Դատարանը կրկնում է, որ երբ գործատուն չարաշահում է իր լիազորությունները կամ օգտվում է իր աշխատողների խոցելիությունից՝ նրանց շահագործելու նպատակով, դա իրենից ենթադրում է հարկադրված աշխատանք։
ՄԻԵԴ-ը նաև կրկնել է, որ Կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն՝ պետությունը կարող է պատասխանատվություն կրել ոչ միայն իր ուղղակի գործողությունների համար, այլև ստրկության, թրաֆիքինգի, հարկադիր կամ պարտադիր աշխատանքի զոհերի արդյունավետ պաշտպանության ապահովման ձախողման համար։
Հաշվի առնելով վերոնշյալ նկատառումները, Դատարանը գտնում է, որ Դիմումատուների «վիճելի պահանջը» բավականաչափ և բազմիցս ներկայացվել է Ադրբեջանի ներպետական իշխանություններին տարբեր ձևերով։ Քանի որ իշխանությունների ուշադրությունը «բավականաչափ» ուղղված էր խնդրո առարկա պնդումների վրա, նրանք պետք է արդյունավետ հետաքննություն իրականացնեին, որը, սակայն, չի կատարվել և մեղավոր անձինք չեն հայտնաբերվել։
Այսպիսով, ուսումնասիրելով սույն գործի շրջանակներում ներկայացված փաստարկները, դիրքորոշումները, միջազգային և ներպետական կազմակերպությունների անցկացրած փորձաքննությունների և եզրակացությունների արդյունքները՝ ՄԻԵԴ-ը վճռել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 4-րդ հոդվածի (ստրկության և հարկադիր աշխատանքի արգելում) 2-րդ կետի խախտում։
Դատարանը վճռել է, որ Ադրբեջանը պետք է վճարի Դիմումատուներից յուրաքանչյուրին 5,000 եվրո գումարի չափով փոխհատուցում՝ բարոյական վնասի համար։ ՄԻԵԴ-ը մերժել է Դիմումատուների արդարացի փոխհատուցման պահանջը: Դատարանը որոշել է, որ նյութական վնասի մասով պահանջներն անհիմն են ձևկերպված եղել և ենթակա են մերժման։