Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ‹‹ՀՀ-ում 2018 թվականի գարնանացան ցորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագրին հավանություն տալու մասին›› արձանագրային որոշման նախագիծը:
Իրավական ակտի հիմնավորման մեջ նշվում է, որ 2018 թվականի գարնանացանի աշխատանքների իրականացման գործում Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին աջակցություն ցուցաբերելու և հանրապետության հողօգտագործողների սերմացուների նկատմամբ պահանջարկը մասամբ բավարարելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել արտերկրից ձեռք բերելու մինչև 150 տոննա առաջին վերարտադրության գարնանացան ցորենի` 38,700,000 դրամ արժեքով (1 տոննան` 258,000 դրամով), մինչև 10 տոննա ոլոռի` 5,400,000 դրամ արժեքով (1 տոննան` 540,000 դրամով), մինչև 7,5 տոննա սիսեռի` 8,250,000 դրամ արժեքով (1 տոննան` 1,100,000 դրամով), մինևչ 1500 տոննա առաջին վերարտադրության գարնանացան գարու` 387,000,000 դրամ արժեքով (1 տոննան` 258,000 դրամով), մինչև 20 տոննա եգիպտացորենի 13,000,000 դրամ արժեքով (1 տոննան` 650,000 դրամով), մինչև 50 տոննա առվույտի` 112,500,000 դրամ արժեքով (1 տոննան` 2,250,000 դրամով) և մինչև 240 տոննա կորնգանի` 127,200,000 դրամ արժեքով (1 տոննան` 530,000 դրամով) և «Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերությունից մինչև 164 տոննա առաջին վերարտադրության գարնանացան գարու՝ 29,520,000 դրամ արժեքով (1 տոննան` 180,000 դրամով) սերմացու, որոնք ծրագրի դրույթներին համապատասխան կտրամադրվեն գյուղացիական տնտեսություններին:
Այսպիսով անհարժեշտություն է առաջանում «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության նպատակային հաշիվներից օգտագործել 746,570,000 դրամ, որից 721,540,000 դրամը` մինչև 1977,5 տոննա առաջին վերարտադրության գարնանացան ցորենի, ոլոռի, սիսեռի, առաջին վերարտադրության գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի, կորնգանի, ինչպես նաև մինչև 164 տոննա գարնանացան գարու առաջին վերարտադրության սերմացուներ ձեռքբերելու նպատակով, իսկ մինչև 25,000,000 դրամը` բեռնաթափման, բարձման, գործուղման և այլ ծախսերի համար:
Բարձր բերքի ստացման հիմնական գրավականը բարձրորակ սերմերով ցանքի կատարումն է: Հանրապետությունում բարձր վերարտադրության սերմացուներով բավարարվածության մակարդակը բավականին ցածր է, իսկ դրանց գները՝ ոչ մատչելի: Անհրաժեշտություն է առաջացել հանրապետությունում բարձրացնելու բարձր վերարտադրության սերմացուներով բավարարվածության մակարդակը և գյուղացիական տնտեսություններին մատակարարելու սուբսիդավորված գներով գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուներ:
Ծրագրի իրականացումն ապահովելու համար մրցակցային կարգով իրականացված ընտրության արդյունքում նախատեսված քանակության սերմացուների ներկրումը երեք տարբեր չափաբաժիններով պարտավորվել են իրականացնել երեք կազմակերպություն: «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-Ն` մինչև 164 տոննա, Ռուսական ծագման «Տարգովիյ Դոմ «Դոնսկոյ Ագրոխիմ Ցենտր» ՍՊԸ-ն՝ մինչև 937,5 տոննա, «Սեմենա Ստավորապոլիա» ՍՊԸ-ն` մինչև 1040 տոննա:
Նախագծով կարգավորվում են բարձր վերարտադրություն ապահովող սերմացուներով բավարարվածության մակարդակի բարձրացումը և գյուղացիական տնտեսություններին սուբսիդավորված գներով գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուների մատակարարումը:
Ակնկալվում է բարձր վերարտադրություն ապահովող սերմացուներով բավարարվածության մակարդակի բարձրացում և գյուղացիական տնտեսություններին սուբսիդավորված գներով գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուների մատակարարում, ցանքատարածությունների և համախառն բերքի ավելացում, գյուղացիական տնտեսությունների եկամուտների աճ:
Նշենք, որ նախագիծը տեղադրված է http://www.minagro.am/ և https://www.e-draft.am/ ինտերնետային կայքերում: