2018-ին հակամարտության գոտիներում 29 միլիոն երեխա է ծնվել․ ՄԱԿ

Անցյալ տարի, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով, հակամարտության գոտիներում՝ այդ թվում Աֆղանստանում, Սիրիայում, Սոմալիում, Հարավային Սուդանում և Եմենում ծնվել է ավելի քան 29 միլիոն երեխա:

Հրապարակված զեկույցի համաձայն՝ այդ թիվը նշանակում է, որ 2018 թվականին ծնված գրեթե յուրաքանչյուր հինգերորդ երեխան իր կյանքի առաջին պահերն անցկացրել է հակամարտության հետևանքով առաջացած քաոսի, վտանգավոր և ծայրահեղ սթրեսային պայմաններում:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետտա Ֆորեն նշել է, որ «հակամարտությունները» սահմանափակում են ծնողների և նրանց երեխաների կյանքի իրավունքը։ «Միլիոնավոր ընտանիքներ չունեն ջուր և սնունդ, կացարան և կյանքի համար անվտանգ միջավայր: Նման պայմաններն աղետալի են», – ասել է Ֆորեն:

Կազմակերպությունը նաև հիշեցրել է, որ այս տարի լրանում է Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 30-ամյակը, որի համաձայն, ի թիվս այլ բաների, կառավարությունները պարտավորվել են պաշտպանել և հոգ տանել հակամարտության հետևանքով տուժած երեխաների մասին: Այնուամենայնիվ, ՅՈՒՆԻՍԵՖ-ում վստահ են, որ իրական կյանքում ամեն ինչ այլ կերպ է տեղի ունենում։

«Հիվանդանոցները, բժշկական կենտրոնները, երեխաների և նրանց ծնողների պաշտպանության հարցերով զբաղվող հաստատությունները վերջին տարիներին հարձակումների են ենթարկվում ամբողջ աշխարհում»,-նշվում է զեկույցում: ՅՈՒՆԻՍԵՖ-ում մեծ ցավով են անդրադարձել այս թեմային և կոչ են արել բոլոր պետություններին հակամարտություններից խուսափելու և երեխաների իրավունքները պատշած իրականացնելու քաղաքականություն վարել։

Մեկնաբանություններ