2018 թ. մայիսի 15-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%:
2018 թ. ապրիլին արձանագրվել է 0.3% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.0% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա ընթացքում զգալիորեն նվազել է՝ կազմելով 2.4%: Ձևավորված ցածր գնաճը պայմանավորվել է ինչպես բնականոն գնաճի աճի դանդաղմամբ, այնպես էլ սեզոնային ապրանքների գների նվազմամբ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ գնաճն առաջիկա ամիսներին դեռևս կպահպանվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին հատվածի մոտ:
Արտաքին հատվածում ապրիլ ամսվա փաստացի զարգացումների համաձայն շարունակվել են համաշխարհային տնտեսության աճի բարելավման և հիմնական հումքային ապրանքների միջազգային շուկայում դիտվող թույլ գնաճային միտումները: Նման պարագայում արտաքին հատվածից ԿԲ խորհուրդը շարունակում է ակնկալել արտաքին պահանջարկի ընդլայնմանը համաչափ գնաճային ազդեցություններ:
Խորհուրդն արձանագրում է, որ 2018 թ. առաջին եռամսյակում պահպանվել է համեմատաբար բարձր տնտեսական ակտիվություն՝ պայմանավորված արդյունաբերության, շինարարության և ծառայությունների ոլորտներում դիտված արտադրողականության բարձր աճով: Դա ուղեկցվել է նաև ներքին պահանջարկի վերականգնման բարձր տեմպերով և ակնկալվում է, որ երկրորդ եռամսյակից վերջինիս աճը որոշակիորեն կդանդաղի՝ աստիճանաբար մոտենալով իր կայուն մակարդակին։ Խորհուրդը գտնում է, որ տարվա անցած ժամանակահատվածում գնաճային սպասումները կայունացել են և առաջիկա ամիսներին լրացուցիչ գնաճային ճնշումներ չեն սպասվում: Միևնույն ժամանակ, Խորհուրդը գնահատում է, որ ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների ազդեցությունը ֆինանսական շուկայի վրա արդյունավետորեն չեզոքացվել է ԿԲ անկախության մանդատի ներքո կիրառված համարժեք գործիքակազմի շնորհիվ։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում դեռևս պահպանել գործող դրամավարկային պայմանները՝ միաժամանակ գտնելով որ կանխատեսված զարգացումների ներքո հետագայում անհրաժեշտ կլինի դրամավարկային խթանող պայմանների աստիճանական չեզոքացում՝ գնաճի նպատակի իրագործման համար: Արդյունքում ակնկալվում է, որ կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կտատանվի թույլատրելի միջակայքում՝ կայունանալով նպատակային 4% ցուցանիշի շուրջ:
Տնտեսական զարգացման հեռանկարներից և գնաճի վերականգնման հետագծից շեղման ռիսկերը ներկայումս գնահատվում են ավելի հավասարակշռված, որոնց դրսևորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ ապահովելով գների կայունությունը:
Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2018 թ. մայիսի 30-ը հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2018 թ. երկրորդ եռամսյակի ծրագրում):
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն