Քաղաքացի Գևորգ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իր ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցչի նկատմամբ:Գործը քննվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:
Գործի նյութերից տեղեկանում ենք, որ 2016թ. հունվարի 1-ին Գեղամ Պողոսյան ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում հանցագործության մասին հաղորդում է տվել` հայտնելով, որ 2016թ. հունվարի 01-ին ժամը գիշերվա 1-ի սահմաններում, Երևանի Ազատության հրապարակում, Գևորգ Մկրտչյանը չենթարկվելով իր` որպես ոստիկանի, ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված օրինական պահանջին, կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, բռունցքով հարվածել է իր աջ քունքի հատվածին` պատճառելով մարմնական վնասվածք։
Գեղամ Պողոսյան վերոհիշյալ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, 2016թ. հունվարի 1-ին հարուցվել է քրեական գործը։ Նույն օրը Գևորգ Մկրտչյանը ձերբակալվել է, իսկ Գեղամ Պողոսյանը ճանաչվել է տուժող։
Նախաքննության մարմնի 2016թ. հունվարի 03-ի որոշմամբ Մկրտչյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և դատարանի նույն օրվա որոշմամբ Մկրչյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։
Այսպես, դեպքի օրը Երևան քաղաքի Ազատության հրապարակում հասարակական կարգի պահպանությունն ապահովող ոստիկանության ծառայողների կողմից իրենց պարտականությունների կատարման ժամանակ, նույն վայրում անցկացվող հավաքի մի շարք մասնակիցների կողմից ոստիկանության ծառայողների հետ հրահրված վիճաբանության և քաշքշուկի ընթացքում հավաքի մասնակից Գևորգ Մկրտչյանը բռունցքով հարվածել է իր ծառայողական պարտականությունները կատարող` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության ոստիկանության գնդի ոստիկանության չորրորդ /հատուկ/ գումարտակի հրամանատար, ոստիկանության մայոր, իշխանության ներկայացուցիչ Գեղամ Պողոսյանի աջ քունքային հատվածին` պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող աջ հոնքային շրջանի պատռված վերքի ձևով մարմնական վնասվածք, այնուհետև ոտքով հարվածել է նրա սրունքին, գցել գետնին, այդպիսով Գեղամ Պողոսյանի նկատմամբ գործադրելով առողջության համար ոչ վտանգավոր բռնություն։
Ամբաստանյալի անձը բնութագրող տվյալների, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքների ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ ամբաստանյալ Գ.Մկրտչյանը նախկինում դատված չէ, բնութագրվում է դրական։
Վկա Վաղինակ Մինասյանի, ով ծառայում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ գումարտակում, ցուցմունք է տվել այն մասին, որ տեսել է, թե ինչպես է մեղադրյալը քիչ կռանալով` ձախ ձեռքի բռունցքով ուղիղ հարված հասցրել Գեղամ Պողոսյանի դեմքին։ Հարվածից վերջինս ընկել է ձյան մեջ, բայց անմիջապես իրեն թափ տալով` ոտքի է կանգնել և նետվել է Գևորգ Մկրտչյանի հետևից, քանի որ վերջինս Գ.Պողոսյանին հարվածելուց հետո փախել է հրապարակի ծառերի ուղղությամբ։ Մեղադրյալւ ընկերները խանգարել են, հարվածել և քաշքշել են Պողոսյանին։ Քաշքշուկը շարունակվել է շուրջ 2 րոպե` մինչև այն պահը, երբ մոտեցել են ոստիկանության լրացուցիչ ուժերը։ Վկան մանրամասնել է, որ Գեղամ Պողոսյանի աջ հոնքի շրջանում նկատել է վերք` արյան հետքով։
Դտարանը որոշել է ամբաստանյալ Գևորգ Մկրտչյանին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման 2 /երկու/ տարի ժամկետով։
Վերջինս պատիժը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում, պատժի կրման սկիզբը հաշվելով 2016թ. հունվարի 01-ից։
Խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
Հավելենք, որ դատավճիռը վերաքննության կարգով բողոքարկվել ՀՀ վերաքննիչ և ՀՀ վճռաբեկ դատարաններում, սակայն դատարանները որոշում են կայացրել գործը չքննելու վերաբերյալ:
Ծանուցում. Նյութը վերցված է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, իսկ անունները փոփոխված են: