Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր տեղի ունեցավ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը:
Նիստի ընթացքում գործով ամբաստանյալները հանդես եկան պաշտպանական ճառերով: Ամբաստանյալներից Հրայր Թոփչյանը դատարանին հայտնեց, որ այս դատավարությունը քաղաքական գործընթաց է և այն նախապես ծրագրված ու կազմակերպված գործողությունների շղթա է:
«Գոնե այնպիսի բաներ ներկայացրեք, որ մի քիչ հիմնավոր լինի: Սա մեղմ ասած արհեստական գործ է: Հո մենք ապո՞ւշ չենք, էս ժողովուրդն էլ ապուշ չի»,- իր խոսքում նշեց նա:
Հրայր Թոփչյանը հայտնեց, որ ինքը մյուս ամբաստանյալներին չի էլ ճանաչում, հետևաբար ինչպե՞ս կարող էր նրանց հետ հանդիպել, ինչ-որ տեղեր գնալ կամ ինչ-որ բաներ պլանավորել:
Այնուհետև պաշտպանական ճառով հանդես եկավ Ներսես Պողոսյանը, վերջինս դատարանին հայտնեց, որ իրեն ձերբակալել են այն բանի համար, որ ինքը Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստաստուս է գրել 2 ոստիկանի մասին, որից հետո եկել են իրեն տանից տարել են՝ պատճառաբանելով, թե տանը զենք է թաքցրել:
«Բռնում են ինձ ու ասում՝ պիտի Ժիրայրի վրա գրես: Ի՞նչ գրեմ ես էս մարդու վրա, որ ես փոքր էի գնացել կռվե՞լ ա: Առանց իրան ճանաչելու ինչի՞ գրեմ: Չգրեցի բնականաբար, չէի կարող ինձ նման ստորություն թույլ տալ»,- ասաց Ներսես Պողոսյանը:
Վերջում Պողոսյանը դիմեց դատարանին. «Ես չեմ խնդրելու, որ իմ հանդեպ մեղմ պատիժ սահմանեք, այլ խնդրելու եմ, որ ճիշտ վճիռ կայացնեք: Մարդու էությունը մարդու մեջա ծնվում, իրան ոնց դաստիարակում են, ինքը տենց էլ մեռնումա: երեխեքս 2 տարիա առանց պապա են մեծանում, էդ երեխեքի անեծքից իրանք չեն փախնելու: Էսի խայտառակությունա, ազգի հերոսներին բերել նստացրել են ամբաստանյալի աթոռին որ ի՞նչ»:
Ամբաստանյալներից Գալուստ Գրիգորյանն էլ հայտնեց, որ ինքը զենքի, քաղաքականության և իշխանափոխության հետ ընդհանրապես կապ չի ունեցել, իսկ Ժիրայր Սեֆիլյանին չի էլ ճանաչել:
«Փորձագետը եկավ այստեղ և կցկտուր բաներ խոսեց, նույնիսկ չպատասխանեց այն հարցին՝ եռացրած փամփուշտները պիտանի՞ են, թե՞ ոչ: Իրեղեն ապացույցների կողքին բերում դնում են գրտնակ, ինչպե՞ս կարող է գրտնակը զենք լինել»,- ասաց նա:
Գալուստ Գրիգորյանի խոսքերով ինքը մինչ օրս չգիտի, թե 1 տարի 6 ամիս ինչի համար է բանտում նստած, իսկ իր մայրն այսքան ժամանակ միայնակ է մնացել. «Ես էլ ոնց հարգեմ ինձ ձերբակալող անձանց սրբությունները, եթե իրենք իմ սրբությունը չեն հարգում: Ես ինձ մեղավոր ընդհանրապես չեմ ճանաչում»:
Պաշտպանական ճառով հանդես եկավ նաև Սասունիկ Կիրակոսյանը, վերջինս հայտնեց, որ այս ամբողջ պրոցեսի մեջ իր դերակատարումը շատ փոքր է եղել. «Մենք ընդամենը հավաքվել ենք և այդ հավաքույթի ժամանակ գինի ենք խմել, ինչը հետագայում որակել են, որ ինչ-որ գործողություններ ենք պլանավորում: Ես միայն ուզում եմ, որ լինի եղիցի լույս ու դուք դուրս գաք խավարից»:
Ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանն էլ հրաժարվեց ճառով հանդես գալուց՝ նշելով, որ չի ցանկանում իր ճառով վնասել մյուսներին:
Հիշեցնենք, որ մեղադրող կողմը Սեֆիլյանի համար պահանջել է 11 տարվա ազատազրուկում, Գևորգ Սաֆարյանի և Սասունիկ Կիրակոսյանի համար 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Գալուստ Գրիգորյանի և Հրայր Թոփչյանի համար 3 տարի, իսկ Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարվա ազատազրկում: