ՄԱԿ. Իրաքում քաղաքացիական բնակչության դեմ բռնությունները կարող են որակվել որպես մարդկության դեմ ուղղված հանցանքներ

UN High CommissionerՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլայը դատապարտել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության և նրան կից զինված խմբավորումների կողմից Իրաքում մարդու իրավունքների զանգվածային խախտումները: Գերագույն հանձնակատարը հատուկ հայտարարությամբ անդրադարձել է ահաբեկիչների կողմից կատարվող թիրախային սպանությունների, առևանգումների, բռնի կրոնափոխությունների, սեռական բռնությունների, թրաֆիկինգի, ստրկացման, կրոնական և մշակութային նշանակության վայրերի ոչնչացման և էթնիկական ու կրոնական փոքրամասնությունների համայնքների պաշարման բազմաթիվ դեպքերին: Մասնավորապես նշվում է, որ թիրախային հետապնդման են ենթարկվում քրիստոնյաները, եզդիները, իրաքյան թուրքմենները և այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներ: 

Հայտարարության մեջ նշված է, որ «Նրանք պարբերաբար բռնությունների են ենթարկում տղամարդկանց, կանանց և երեխաներին` իրենց ազգային և կրոնական պատկանելիության պատճառով և իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում դաժանաբար լայնածավալ ազգային ու կրոնական զտումներ են իրականացնում: Դրանք կարող են որպես մարդկության դեմ ուղղված հանցանքներ որակվել»,-ընդգծել է Գերագույն հանձնակատարը:

Փիլայը հայտարարել է նաև, որ Իրաքի կառավարությունը և Իրաքի Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը, ինչպես նաև միջազգային հանրությունը պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները և ջանք չխնայեն` պաշտպանելու էթնիկական և կրոնական խոցելի փոքրամասնություններին և աջակցելու նրանց անվտանգ ու արժանապատիվ վերադարձին իրենց բնակավայրեր:

«Գերագույն հանձնակատարը հայտարարում է, որ հակամարտության բոլոր մասնակիցները պատասխանատվություն են կրում տեղի ունեցածի համար,-հավելել է Գերագույն հանձնակատարի գրասենյակի մամուլի քարտուղար Ռավինա Շամդասինին:- Միջազգային իրավունքին համապատասխան` հակամարտության կողմերը չպետք է հարձակումներ գործեն քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: Մասնավորապես մեզ հայտնի է դարձել, որ Մոսուլի բանտում դատապարտյալների զանգվածային սպանություն է տեղի ունեցել. 670 կալանավորի սպանել են միայն այն պատճառով, որ նրանք սուննի չեն»:

Աղբյուրը` www.un.org.

Մեկնաբանություններ