1-ից 10 տարվա ազատազրկում՝ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար

ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի համաձայն ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Նույն արարքը կատարելը, որի հետևանքով անզգուշաբար առաջացրել է մարդու մահ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Իսկ եթե տվյալ արարքը կատարելու հետևանքով անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Նշենք, որ սույն հոդվածում մեխանիկական այլ տրանսպորտային միջոցներ են համարվում տրամվայները, տրոլեյբուսները, ինչպես նաև տրակտորները և ինքնագնաց այլ մեքենաները, մոտոցիկլները և մեխանիկական այլ փոխադրամիջոցները:

Մեկնաբանություններ