Դիմումատուն ազգությամբ ուզբեկ է, ծնվել է 1989 թվականին։ Գործը վրաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իրեն Ռուսաստանից Ուզբեկստան արտաքսելու մասին որոշմանը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Դիմումատուի գործով միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել, սակայն Ռուսաստանի իշխանությունները հաշվի չեն առել այդ որոշումը։
2012 թվականին Դիմումատուն մեկնել է Ռուսաստան։ 2014 թվականին նա դատապարտվել է՝ ծայրահեղական կազմակերպությանն անդամակցելու, կեղծ փաստաթղթեր օգտագործելու և պետական սահմանն ապօրինի հատելու համար։ Պատիժը կրելու համար Դիմումատուին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ։ 2016 թվականին Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայությունը Դիմումատուին արտաքսելու մասին որոշում է կայացրել։ Դիմումատուն բողոք է ներկայացրել Դատարան, որի մեջ նշել է, որ Ուզբեկստանում նա մեղադրվում է ծայրահեղական կրոնական խմբավորմանն անդամակցելու մեջ։ Ուստի, վերադառնալու դեպքում՝ նրան կարող է վտանգ սպառնալ, և նա կարող է պատժվել։ Սակայն, ներպետական դատական ատյանները մերժել են Դիմումատուի բողոքը և հաստատել են նրան երկրից արտաքսելու մասին որոշումը։ Դիմումատուի փաստաբանը դիմել է միգրացիոն ծառայությանը և քննչական ծառայությանը՝ խնդրելով հետաձգել Դիմումատուի արտաքսումը և տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Դիմումատուի միջնորդությունը՝ Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց ձեռնարկու վերաբերյալ: Այնուամենայնիվ, Դիմումատուին տեղափոխել են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան և արտաքսել են Ուզբեկստանին:
Ռուսաստանի ոստիկանությունը նշել է, որ չափազանց ուշ է ժամանել օդանավակայան՝ Դիմումատուին ինքնաթիռից դուրս բերելու և արտաքսմանը խոչընդոտելու համար։ Իր հերթին, քննչական մարմինները հաղորդել են, որ տեղեկացվել են ՄԻԵԴ-ի որոշման միասին արտաքսումից հետո։ Ուզբեկստանում Դիմումատուն անմիջապես ձերբակալվել է և դատապարտվել է ազատազրկման՝ 7 տարի ժամկետով։ Դիմումատուի խոսքերով՝ նրան տեղափոխել են խիստ վերահսկվող կալանավայր, պահել են վատ պայմաններում, ինչի պատճառով Դիմումատուի առողջական վիճակը վատացել է, նա կորցրել է տեսողությունը և փորձել է ինքնասպանություն գործել։
Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելում) խախտում։ Դիմումատուն բողոքել է, որ Ռուսաստանի իշխանություններն իրեն արտաքսելու մասին որոշում են կայացրել և հաշվի չեն առել Ուզբեկստանում իր կյանքին սպառնացող վտանգը։ Դիմումատուն բողոքել է նաև կոնվենցիայի 34-րդ հոդվածի (անհատական գանգատները) խախտման մասին, քանի որ Ռուսաստանի իշխանություններն անտեսել են միջանկյալ միջոց ձեռնարկելու մասին ՄԻԵԴ-ի որոշումը։
Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ Դիմումատուի նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում և 34-րդ հոդվածի խախտում։ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Ռուսաստանը պարտավոր է Դիմումատուին պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի համար վճարել 20․000 եվրո գումարի չափով փոխհատուցում և 5․000 եվրո՝ դատական ծախսերի համար։ Վերոգրյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։