Դիմումատուն՝ Մարիամ Սակվարելիձեն, ազգությամբ վրացի է, ծնվել է 1949 թվականին, բնակվում է Թբիլիսիում։ Գործը վերաբերում է ավտովթարի արդյունքում Դիմումատուի որդու և քրոջ մահվան դեպքին։
2003 թվականի նոյեմբերին Դիմումատուն և նրա ընտանիքի անդամները մեքենայով երթևեկել են Թբիլիսի քաղաքում` «Վարդերի հեղափոխություն» կոչվող զանգվածային բողոքի ցույցի ժամանակ, երբ նրանց մեքենային հարվածել է զրահապատ ռազմական մեքենան, որը վարել է Վրաստանի իրավապահ մարմինների աշխատակիցը։ Ավտովթարի արդյունքում Դիմումատուի որդին և քույրը մահացել են, իսկ Դիմումատուն և նրա զարմիկները վնասվածքներ են ստացել են:
Վրաստանի պաշտպանության նախարարությունը, ներքին գործերի նախարարությունը և Թբիլիսի քաղաքի դատախազությունը հաջորդ մի քանի տարիների ընթացքում հետաքննել են դեպքը, հետաքննությունը մի քանի անգամ փակվել և վերսկսվել է: 2010 թվականին դատախազությունը տեղեկացրել է Դիմումատուին, որ չնայած քննչական միջոցառումներ են ձեռնարկվել, անհնար է պարզել, թե ինչպես է տեղի ունեցել վթարը։
2017 թվականի մարտին դատախազությունը կարճել է գործի վարույթը՝ վաղեմության ժամկետի ավարտի պատճառով: Դիմումատուն բազմիցս հետաքրքրվել է գործի ընթացքի վերաբերյալ, բողոքարկել է գործի վարույթը կարճելու մասին կայացված որոշումը և բողոքել է ոչ արդյունավետ գործի քննության մասին, սակայն, ապարդյուն։
Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) խախտում։
Դիմումատուն բողոքել է, որ Վրաստանը պետք է պատասխանատվություն կրի իր որդու և քրոջ մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարի համար։ Դիմումատուն բողոքել է նաև, որ սույն քրեական գործով հավուր պատշաճի հետաքննություն չի իրականացվել:
ՄԻԵԴ-ի դիրքորոշմամբ՝ Վրաստանի կառավարութունը հավուր պատշաճի քննություն չի իրականացրել Դիմումատուի գործով, դիտավորյալ և օրինական հիմքերի բացակայությամբ երկարաձգել է քննության ժամկետը, ինչն էլ հանգեցրել է վաղեմության ժամկետի ավարտին և Դիմումատուի իրավունքների խախտմանը։
ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում։ ՄԻԵԴ-ը արձանագրել է նաև, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Վրաստանը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուին վճարել 25․000 եվրո գումարի չափով փոխհատուցում։