Չուպերչեսկուն ընդդեմ Ռումինիայի

Դիմումատուն` Դրագոշ Չուպերչեսկուն, ազգությամբ ռումինացի է, ծնվել է 1971 թվականին, ապրում է Բուխարեստում: Գործը վերաբերում է Ռումինիայի կալանավայրերի վատ պայմաններին: 

2005 թվականին Դիմումատուն դատապարտվել է 18 տարվա ազատազրկման և պատիժը կրելու համար տեղափոխվել է տարբեր կալանավայրեր՝ մինչև 2016 թվականի պայմանական վաղաժամկետ ազատումը: 2009 թվականի հունվարից Դիմումատուն կրել է պատիժը Ջուրջու կալանավայրում և այդ շրջանում բողոք է ներկայացրել կալանավայրի վատ պայմանների վերաբերյալ։ 2015 թվականի հունվարին Դիմումատուին տեղափոխել են Ժիլավա կալանավայր, և Դիմումատուն բողոք է ներկայացրել նաև այդ կալանավայրի վատ պայմանների մասին, մասնավորապես՝ բանտախցերի գերբնակեցվածության, բուժօգնության բացակայության և ջեռուցման մասին: Դատարանը որոշում է կայացրել հօգուտ Դիմումատուի, սակայն մերժել է փոխհատուցում տրամադրելու մասին վերջինիս պահանջը: Հաշվի առնելով բանտախցերի գերբնակեցվածության վերաբերյալ Դիմումատուի բողոքը՝ նրան տեղափոխել են  Ժիլավա կալանավայրի մեկ այլ բանտախուց։

Դիմումատուն բողոք է ներկայացրել ներպետական դատական ատյաններին` առաջադրելով հետևյալ խնդիրները. բանտերում ծխախոտի ծխի առկայություն, ատամնաբուժության և բուժօգնության բացակայություն, համապատասխան ժամանակահատվածում Իտալիայում բնակվող իր կնոջ հետ առցանց հաղորդակցվելու հնարավորության բացակայություն։ Դիմումատուն նաև բողոքել է կալանավայրի հսկիչներին իր կատարած բոլոր զանգերի և հեռախոսահամարների մասին տեղեկացնելու պարտավորվածության մասին՝ պնդելով, որ խախտվել է իր հաղորդակցությունների գաղտնիությունը: 

Ներպետական դատական ատյանները մերժել են Դիմումատուի բոլոր բողոքները, բացի առցանց հաղորդակցությանը վերաբերող բողոքից։ Այդ մասով դատարանը հաստատել է, որ տեղի է ունեցել Դիմումատուի իրավունքների խախտում` սահմանված կարգի բացակայության պատճառով:

Հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը (խոշտանգումների արգելում)՝ Դիմումատուն բողոք է ներկայացրել Ջուրջու և Ժիլավա կալանավայրերի վատ պայմանների մասին։ 

Հաշվի առնելով սույն գործով Դիմումատուի և պատասխանող Պետության դիրքորոշումները և ներկայացրած փաստարկները՝ ՄԻԵԴ-ը վճռել է, որ տեղի է ունեցել  Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ 2012 թվականի հուլիսի 24-ից մինչև 2015 թվականի մարտի 23-ն ընկած ժամանակահատվածում Ջուրջու և Ժիլավա կալանավայրերում Դիմումատուի կալանավորման պայմանների առնչությամբ։

ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Ռումինիան պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուին վճարել 3․000 եվրո գումարի չափով փոխհատուցում։

Մեկնաբանություններ