ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է Թեղուտի գործով մոտ 70․000 եվրո վճարել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վեց վճիռ է կայացրել Հայաստանի Հանրապետության դեմ՝ «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության դեմ ներկայացված վեց առանձին բողոքների առնչությամբ։ Մասնավորապես՝ գործերը վերաբերում են Թեղուտի հանքավայրի շահագործման համար քաղաքացիներից գյուղատնտեսական նշանակության հողատարածքները հասարակության և պետության կարիքների համար հարկադրաբար օտարելու մասին որոշմանը: Ստորև ներկայացնում ենք «Փարսադանյանն ընդդեմ Հայաստանի», «Վարդանյանները և Հախվերդյանն ընդդեմ Հայաստանի», «Մաշինյանները և Ռամազյանն ընդդեմ Հայաստանի» և «Մհեր Ալիխանյանն ընդդեմ Հայաստանի» գործերով վճիռները։

Փարսադանյանն ընդդեմ Հայաստանի

Դիմումատուները՝ Վոլոդյա, Սեդա և Լուսինե Փարսադանյանները, ծնվել են համապատասխանաբար 1933, 1940 և 1975 թվականներին, բնակվում են Հայաստանի Լոռու մարզի Շնող գյուղում, զբաղվում են հողագործությամբ։ Դիմումատուները բողոք են ներկայացրել ՄԻԵԴ 2010 թվականի հունվարի 29-ին։


1970-ական թվականներին Հայաստանի Թեղուտ և Շնող գյուղերից համապատասխանաբար մոտ 4 և 6 կմ հեռավորության վրա պղնձամոլիբդենի պաշարներ են հայտնաբերվել:  2001 թվականին «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն 25 տարով տվյալ հանքի շահագործման արտոնագիր է ստացել: 2007 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ կառավարությունն ընդունել է 1279-Ն (ՀՀ Լոռու մարզի Շնողի և Թեղուտի գյուղական համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին) որոշումը։ Որոշման համաձայն՝ Լոռու մարզի Շնող և Թեղուտ գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող տարածքները համարվել են սեփականազրկված գոտիներ և նախատեսվել է դրանք օգտագործել պետության կարիքների համար: Այսպիսով, «Թեղուտ» ՓԲԸ-ն պատրաստվել է գնել բռնակցման ենթակա ցանկում ներառված հողատարածքները, ներառյալ՝ Դիմումատու Փարսադանյաններին համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողատարածքը։ «Թեղուտ» ՓԲԸ-ն Դիմումատուներին առաջարկել է 265․650 դրամով գնել նրանց սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության 0.430 հա հողատարածքը: Սակայն Դիմումատուները մերժել են առաջարկը՝ գումարի սակավության պատճառով:

2008 թվականի մայիսի 12-ին ընկերությունը Դիմումատուների դեմ հայց է ներկայացրել Դատարան՝ Դիմումատուներին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի կնքմանը պարտադրելու և նրանց պատկանող հողատարածքը պետական և հասարակական կարիքների համար համարժեք փոխհատուցմամբ օտարելու պահանջով: 2008 թվականի հոկտեմբերի 6-ին Լոռու մարզի դատարանը բավարարել է «Թեղուտ» ՓԲԸ-ի ներկայացրած հայցը և Դիմումատուներին փոխհատուցում է հատկացրել`301․300 ՀՀ դրամ (մոտ 655 եվրո) գումարի չափով։ Դիմումատուները բողոք են ներկայացրել Դատարանի կայացրած որոշման դեմ, սակայն, ապարդյուն։ Դիմումատուները բողոքել են իրենց գործով դատավարության արդարացիության և կայացած նիստերի մասին ծանուցումների բացակայության մասին։ 2009 թվականին 3 Դիմումատուները բողոք են ներկայացրել նաև Վճռաբեկ դատարան, սակայն Դատարանը մերժել է բողոքը՝ բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետը լրանալու հիմքով։

Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանություն) խախտում և 6-րդ հոդվածի 1-ին կետի (ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք) խախտում։ Մասնավորապես՝ Դիմումատուները բողոքել են իրենց պատկանող հողատարածքի արժեքը սխալ գնահատելու և դրա նկատմամբ սեփականության իրավունքից իրենց զրկելու որոշման մասին: Բացի այդ, Դիմումատուները բողոքել են, որ իրենց գործով նիստերը կայացել են իրենց բացակայության պայմաններում:

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ Դիմումատուների նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կովենցիայի Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում։ Դիմումատուների հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Հայաստանը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուներին վճարել 8.600 եվրո գումարի չափով փոխհատուցում, որը պետք է փոխարկվի պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։

Վարդանյանները և Հախվերդյանն ընդդեմ Հայաստանի

Դիմումատուները՝ Վարդան Վարդանյանը, Մարինե Հախվերդյանը, Վահե Վարդանյանը, Արմինե Վարդանյանը և Անի Վարդանյանը, բնակվում են Հայաստանի Լոռու մարզի Շնող գյուղում։ Դիմումատուները բողոք են ներկայացրել ՄԻԵԴ 2009 թվականի դեկտեմբերի 15-ին։

Ինչպես և նախորդ դեպքերում, Շնող գյուղում բնակվող ու գյուղատնտեսությամբ զբաղվող բազմանդամ ընտանիքին «Թեղուտ» ՓԲԸ-ն առաջարկել է ավելի քան 1․1 մլն դոլարով գնել նրանց համատեղ սեփականության իրավունքով պատկանող 2 հողատարածքները: Սակայն Դիմումատուները հրաժարվել են իրենց առաջարկվող չափազանց ցածր գումարից։

2008 թվականի մայիսի 14-ին ընկերությունը 5 Դիմումատուների դեմ հայց է ներկայացրել Դատարան՝ Դիմումատուներին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի կնքմանը պարտադրելու և նրանց պատկանող հողատարածքը պետական և հասարակական կարիքների համար համարժեք փոխհատուցմամբ օտարելու պահանջով: Լոռու մարզի դատարանը բավարարել է «Թեղուտ» ՓԲԸ-ի ներկայացրած հայցը և Դիմումատուներին փոխհատուցում է հատկացրել։ Դիմումատուները բողոք են ներկայացրել Դատարանի կայացրած որոշման դեմ, սակայն, ապարդյուն։ Որպես նյութական վնասի փոխհատուցում Դիմումատուները 114․620 եվրո են պահանջել ՀՀ կառավարությունից: Բացի այդ, նրանք 10․000 եվրո են պահանջել՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 7000 եվրո՝ դատական ծախսերի համար:

Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանություն) խախտում։ Մասնավորապես՝ Դիմումատուները բողոքել են իրենց համատեղ սեփականության իրավունքով պատկանող 2 հողատարածքի արժեքը սխալ գնահատելու և դրա նկատմամբ սեփականության իրավունքից իրենց զրկելու որոշման մասին:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ 5 Դիմումատուների նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կովենցիայի Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում։ Դիմումատուների հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Հայաստանը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուներին վճարել 14.000 եվրո գումարի չափով փոխհատուցում, որը պետք է փոխարկվի պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։


Մաշինյանները և Ռամազյանն ընդդեմ Հայաստանի

Դիմումատուները՝ Ռուսայել, Ժենիկ, Շաքար, Վարազդատ Մաշինյաններն ու Լիանա Ռամազյանը, բնակվում են Հայաստանի Լոռու մարզի Շնող գյուղում, զբաղվում են գյուղատնտեսությամբ։ Դիմումատուները բողոք են ներկայացրել ՄԻԵԴ 2009 թվականի դեկտեմբերի 2-ին։ Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուներին համատղ սեփականության իրավունքով պատկանլ է 1.622 հա հողատարածք։ Ինչպես և նախորդ դեպքերում, «Թեղուտ» ՓԲԸ-ն  Դիմումատուներին առաջարկել է 940․700 դրամով գնել նրանց պատկանող հողատարածքը: Սակայն Դիմումատուները հրաժարվել են իրենց առաջարկվող չափազանց ցածր գումարից։


2008 թվականին ընկերությունը Դիմումատուների դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով դատարանին ստիպել գյուղացիներին ստորագրել հողի վաճառքի համաձայնագիրը: Նույն թվականին Լոռու մարզի դատարանը բավարարել է «Թեղուտ» ՓԲԸ-ի ներկայացրած հայցը և Դիմումատուներին փոխհատուցում է հատկացրել`1․035․000 ՀՀ դրամ գումարի չափով։ Դիմումատուները բողոք են ներկայացրել Դատարանի կայացրած որոշման դեմ, սակայն, ապարդյուն։ 2009 թվականին Դիմումատուները բողոք են ներկայացրել նաև Վճռաբեկ դատարան, սակայն Դատարանը մերժել է Դիմումատուների բողոքը՝ հիմնավոր փաստարկների բացակայության հիմքով։ 

Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանություն) խախտում և 6-րդ հոդվածի 1-ին կետի (ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք) խախտում։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ 5 Դիմումատուների նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կովենցիայի Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում։ Դիմումատուների հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Հայաստանը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուներին վճարել 14.000 եվրո գումարի չափով փոխհատուցում, որը պետք է փոխարկվի պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։

Մհեր Ալիխանյանն ընդդեմ Հայաստանի

Դիմումատուն՝ Մհեր Ալիխանյանը, բնակվում է Հայաստանի Լոռու մարզի Շնող գյուղում, զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուին սեփականության իրավունքով պատկանել է գյուղատնտեսական նշանակության հողատարածք, որի օգտագործումը նրա համար հիմնական ապրուստի միջոց է հանդիսացել։ Դիմումատուն բողոք է ներկայացրել ՄԻԵԴ 2009 թվականի դեկտեմբերի 15-ին։ 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2007 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ կառավարությունն ընդունել է 1279-Ն (ՀՀ Լոռու մարզի Շնողի և Թեղուտի գյուղական համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին) որոշումը։ Որոշման համաձայն՝ Լոռու մարզի Շնող և Թեղուտ գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող տարածքները համարվել են սեփականազրկված գոտիներ և «Թեղուտ» ՓԲԸ-ն նախատեսել է գնել բռնակցման ենթակա ցանկում ներառված հողատարածքները, այդ թվում՝ նաև Դիմումատուին պատկանող հողատարածքը: Այսպիսով, «Թեղուտ» ՓԲԸ-ն 157․550 դրամով առաջարկել է գնել Շնող գյուղի բնակչին պատկանող հողատարածքը: Սակայն Ալիխանյանը մերժել է առաջարկը։


Ինչպես և նախորդ դեպքերում, 2008 թվականին ընկերությունը Դիմումատուի դեմ հայց է ներկայացրել Դատարան՝ Դիմումատուին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի կնքմանը պարտադրելու և նրան պատկանող հողատարածքները պետական և հասարակական կարիքների համար համարժեք փոխհատուցմամբ օտարելու պահանջով։ Լոռու մարզի դատարանը բավարարել է «Թեղուտ» ՓԲԸ-ի ներկայացրած հայցը և Դիմումատուին փոխհատուցում է հատկացրել` 157․550 ՀՀ դրամ գումարի չափով։ Դիմումատուն բողոք է ներկայացրել Դատարանի կայացրած որոշման դեմ, սակայն, ապարդյուն։
Դիմումատու Ալիխանյանը ՀՀ Կառավարությունից 32․027 եվրո է պահանջել որպես նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 17․000 եվրո՝ որպես բարոյական վնասի ու դատական ծախսերի փոխհատուցում:

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանություն) խախտում։ Դիմումատուն բողոքել է իրեն պատկանող հողատարածքի արժեքը սխալ գնահատելու և դրա նկատմամբ սեփականության իրավունքից իրենց զրկելու որոշման մասին:

Այսպիսով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ Դիմումատուի նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կովենցիայի Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում։ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Հայաստանը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատու Ալիխանյանին վճարել 5.200 եվրո գումարի չափով փոխհատուցում, որը պետք է փոխարկվի պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։

Մեկնաբանություններ