Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել, որը վերաբերում է պետական հիվանդանոցում Դիմումատուի կնոջ մահվանը՝ ծննդաբերությունից մի քանի օր անց: Դիմումատուն պնդում է, որ դեպքը տեղի է ունեցել բժշկական անփութության պատճառով, սակայն, կնոջ մահվան հանգամանքների առթիվ հետաքննությունն անարդյունավետ է եղել:
Դիմումատուն՝ Պակիստանի քաղաքացի Քայզեր Մեհմուդը, ծնվել է 1973 թվականին և ապրում է Աթենքում։ Դիմումատուի երկրորդ երեխան ծնվել է 2011 թվականի հուլիսի 5-ին։ Մի քանի օր անց Դիմումատուի կնոջ մոտ առաջացել են շնչառության հետ կապված դժվարություններ և կրծքավանդակի ցավեր։ Դիմումատուն օգնություն է խնդրել բժշկական անձնակազմից, սակայն, նրա խոսքերով, այդ ժամանակ հիվանդանոցում սրտաբան չի եղել, իսկ մյուս բժիշկները հայտնել են, որ չեն կարող օգնել։
Դիմումատուի կինը մահացել է հիվանդանոցում 2011 թվականի հուլիսի 9-ին, սակայն նրա մահվան իրական պատճառը և բժշկական քարտում նշված հիվանդությունը տարբեր են: Քրեական գործի վարույթը սկսվել է 2011 թվականի օգոստոսին: 2016 թվականի հունիսին, դատախազությունը եզրակացրել է, որ Դիմումատուի կնոջը բուժող գինեկոլոգին կամ մեկ այլ անձի բժշկական անփութության մեջ մեղադրելու որևէ հիմնավոր ապացույց չի հայտնաբերվել։
Հիվանդանոցը նույնպես հետաքննություն է իրականացրել, սակայն Դիմումատուի կնոջ մահվան դեպքի առթիվ նոր հանգամանքներ չեն բացահայտվել։ Գործի վարույթը կարճվել է 2012 թվականի սեպտեմբերին։
Հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք)՝ Դիմումատուն պնդել է, որ իր կինը մահացել է բժշկական անփութության պատճառով, իսկ հիվանդանոցում մահվան դեպքի հանգամանքների առթիվ հետաքննությունը անարդյունավետ է եղել:
Կառավարությունը պնդել է, որ համապատասխան մարմինները Դիմումատուի կնոջը ցուցաբերել են համարժեք բժշկական օգնություն և պատասխանատվություն չեն կրում նրա մահվան համար, իսկ սույն գործով հետաքննությունն արդյունավետ է եղել:
Եվրոպական դատարանը քննարկվող գործի շրջանակներում վերահաստատել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի վերաբերյալ իր նախադեպային իրավունքի շրջանակներում արտահայտված իրավական դիրքորոշումները` փաստելով.
«(…) Ամբողջությամբ վերցրած 2-րդ հոդվածը վերաբերում է ոչ միայն դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքերին, այլ նաև այն իրավիճակներին, երբ թույլատրվում է «ուժ գործադրել», ինչը կարող է հանգեցնել կյանքից զրկելուն՝ որպես չնախատեսված հետևանք։ Ցանկացած ուժի գործադրում չպետք է ենթադրի ավելին, քան «բացարձակ անհրաժեշտություն» և պետք է լինի խիստ համաչափ՝ «ա»-ից «գ» ենթակետերով սահմանված մեկ կամ ավելի նպատակների իրականացմանը (…):
(…) Պետք է հաշվի առնել ոչ միայն պետության այն մարմինների գործողությունները, որոնք իրականում կիրառել են այդ ուժը, այլ նաև դրանց ուղեկցող բոլոր հանգամանքները, այդ թվում՝ այնպիսի հարցեր, ինչպիսիք քննության առարկա գործողությունների պլանավորումը և վերահսկողությունն են (…): Այսպիսով, երբ որոշվում է գործադրված ուժի՝ 2-րդ հոդվածին համապատասխանության հարցը, կարող է գործին վերաբերելի լինել այն հանգամանքը, թե արդյոք իրավապահ մարմինների գործողությունները պլանավորվել և վերահսկվել են այնպես, որ հնարավորինս նվազագույնի հասցվի մահաբեր ուժի հավանական գործադրումը կամ կյանքի պատահական կորստի հնարավորությունը (…):
Դատարանը, այնուհետև, վերահաստատել է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածը պարունակում է դրա նյութաիրավական ասպեկտի մասով ենթադրյալ խախտումների արդյունավետ քննություն իրականացնելու ընթացակարգային պարտավորություն (…)»։
Վերոգրյալի արդյունքում ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ համապատասխան մարմինները չեն իրականացրել գործի հանգամանքները պարզելու, ինչպես նաև քննության արդյունավետ արդյունքի հասնելու համար կենսական նշանակություն ունեցող ապացույցների՝ ժամանակին, պատշաճ և օբյեկտիվ հավաքագրում ու գնահատում։ Ուստի, ըստ դատարանի` նրանք չեն կատարել պատշաճ և արդյունավետ քննություն իրականացնելու իրենց պարտավորությունը, որպիսի պարագայում տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային խախտում:
ՄԻԵԴ-ը վճռել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի՝ կյանքի իրավունքի ընթացակարգային խախտում` Դիմումատուի կնոջ մահվան հանգամանքների վերաբերյալ արդյունավետ քննություն չիրականացնելու, համապատասխան մարմինների գործողությունների պլանավորման և վերահսկման առումով:
Դատարանը վճռել է, որ Հունաստանը պետք է վճարի Դիմումատուին 20․000 եվրո` ոչ նյութական (բարոյական) վնասի համար և 1․000 եվրո՝ դատական ծախսերի համար։