ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ այսօր ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում իր ելույթի գլխավոր թեման լինելու է Իրանը:
«Մենք այժմ հսկայական ճնշում ենք գործադրում իրանցիների վրա, ավելի մեծ ճնշում, քան նրանք տեսել են երբևէ», – ասել է Դոնալդ Թրամփը լրագրողներին: «Իրանի հետ կապված շատ զարգացումներ կան, ավելին, քան լրատվամիջոցները գիտեն»,-հավելել է նա։
Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնելուց հետո կոշտացրել է Նահանգների դիրքորոշումը Թեհրանի նկատմամբ: Անցած տարվա մայիսին Վաշինգտոնը դուրս է եկել 2015 թվականին Իրանի և վեց գերտերությունների միջև ստորագրված միջուկային համաձայնագրից՝ վերականգնելով պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ: Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները աջակցություն են հայտնել Միացյալ Նահանգներին՝ մեղադրելով Իրանին Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների վրա հարձակման համար, և կոչ են արել պաշտոնական Թեհրանին ընտրել երկխոսության, այլ ոչ թե «սադրանքի» ճանապարհը։
Սեպտեմբեևրի 23-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ասել են, թե պարզ է, որ Իրանն է կրում Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների վրա հարձակման պատասխանատվությունը։
Եվրոպական առաջնորդները միաժամանակ վերահաստատել են իրենց աջակցությունը 2015 թվականի միջուկային պայմանագրին՝ կոչ անելով Իրանին դադարեցնել փաստաթղթի դրույթների խախտումները։
Եվրոպական տերությունները խոստացել են օգնել թուլացնել լարվածությունը Մերձավոր Արևելքում և կոչ են արել Իրանին զերծ մնալ սադրանքներից ու իրավիճակի լարումից։ Լարվածությունն աճել է սեպտեմբերի 14-ին Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակման պատճառով, որի համար Միացյալ Նահանգներն ու Սաուդյան Արաբիան մեղադրեցին Իրանին։ Վերջինը հերքում է իր ներգրավվածությունը։