ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերրիշը «Մեծ քսանյակի» առաջնորդներին կոչ է արել «պատերազմական ժամանակների» պլան ընդունել, որը կներառի «տրիլիոն դոլարների» խթանների փաթեթ զարգացող երկրների այն ձեռնարկությունների, աշխատակիցների և տնային տնտեսությունների համար, որոնք փորձում են պայքարել կորոնավիրուսի համավարակի դեմ։
G20-ի առաջնորդներին ուղղված նամակում նա հայտարարել է, որ նրանց բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի 85 տոկոսը, և որ նրանք «ուղիղ վճռորոշ դեր են խաղում ճգնաժամի հաղթահարման մեջ զարգացող երկրներին օգնություն ցուցաբերելու հարցում»։
ՄԱԿ ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ G20-ի առաջնորդները, ինչպես սպասվում է, հինգշաբթի օրը հեռակա հանդիպում կանցկացնեն։
Գուտերրիշը նույնպես կմասնակցի հանդիպմանը։ Նա ասել է, որ տրիլիոն դոլարների խթանների համակարգված փաթեթը «կներառի դրամական միջոցների փոխանցման միջոցառումների ընդլայնում, սոցիալական պաշտպանություն, հարկերի նվազեցում, հարկային խթաններ, ցածր տոկոսադրույքներ, վարկերի հասանելիություն, ապահովագրման սխեմաներ և աշխատավարձի աջակցություն»։
Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ «այս էքսպանսիոնիստական քաղաքականությունը պետք է ուղեկցվի հովանավորչության հստակ մերժմամբ»:
Նա նաև կոչ է արել երկրներին հրաժարվել պատժամիջոցներից, որպեսզի ապահովվեն մթերքների, բժշկական սարքավորումների, դեղորայքի մատակարարումները։