«Հռոմի ստատուտի վավերացման երկրորդ փորձը» Սահմանադրական դատարանի նոր որոշմանն ընդառաջ

Սույն թվականի հունվարի 10-ին Սահմանադրական դատարանը (ՍԴ) կայացրեց ՍԴԱՈ-1 աշխատակարգային որոշումը՝ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հիմնադիր փաստաթղթում՝ Հռոմի ստատուտում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով՝ նշված գործն ընդունելով քննության։

Այդ որոշմանը նախորդել էր Կառավարության՝ 29 դեկտեմբերի 2022 թվականի N 2097-Ա որոշումը, որի առաջին կետով Կառավարությունը հավանություն տվեց «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը, իսկ երկրորդ կետով դիմեց ՍԴ։

Գործադիր իշխանության քայլը սպասված էր թե՛ իրավաբանական հանրույթում, թե՛՝ դրանից դուրս, սակայն ավելի քան 18 տարի անց նորից արդիական դարձրեց Սահմանադրության և Հռոմի ստատուտի հնարավոր հակասությունների հարցը․ արդյո՞ք դատական իշխանությունը այս անգամ էլ կարգելակի վավերացման գործընթացը։

Դեռևս 2004 թվականի օգոստոսի 13-ին ՍԴ-ն, կայացնելով ՍԴՈ-502 որոշումը, գտել էր, որ Հռոմի ստատուտի որոշ դրույթներ չէին համապատասխանում այն ժամանակ գործող, այն է՝ 1995թ․ ընդունված և դեռ փոփոխությունների չենթարկված Սահմանադրությանը (1995թ․ Սահմանադրություն)։ Կառավարության կողմից ՍԴ կրկին դիմելը prima facie արդարացվում է նրանով, որ 2004 թվականից ի վեր 1995թ․ Սահմանադրությունը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների։

Սույն հոդվածը սկզբում հակիրճ կներկայացնի ՍԴՈ-502 որոշման բովանդակությունը, հետո կանդրադառնա այն հարցին, թե ինչ փոփոխություններ են կրել 1995թ․ Սահմանադրության այն դրույթները, որոնք շոշափվել են ՍԴՈ-502 որոշմամբ: Այնուհետև՝ հեղինակը փորձ կկատարի՝ պարզելու, թե արդյոք վերաշարադրված դրույթները հակասություններ ունեն Հռոմի ստատուտի հետ։

ՍԴՈ-502 որոշման համառոտ նկարագրությունը

Քննարկվող որոշման 18 կետերը կարելի է բաժանել երկու հատվածի։ Առաջին հատվածում (1-13-րդ կետեր) ՍԴ-ն ներկայացնում է Հռոմի ստատուտի էական դրույթները։ Երկրորդ հատվածում (14-18-րդ կետեր), որն այստեղ կուսումնասիրենք, խոսք է գնում 1995թ․ Սահմանադրության և Հռոմի ստատուտի անհամապատասխանությունների մասին։

ՍԴ-ն 14-րդ կետում խոսում է ՀՀ-ում արդարադատության և, մասնավորապես, քրեական իրավազորության իրականացման հարցում ներպետական դատարանների բացառիկության մասին, ինչին, ըստ ՍԴ-ի, հակադրվում է ՄՔԴ-ի իրավազորության լրացնողությունը: Մասնավորապես՝ ՍԴ-ն արձանագրում է, որ Կանոնադրությունն ամրագրում է Դատարանի իրավազորության հիմքում ընկած հիմնական սկզբունքը, այն է` Դատարանը լրացնում է ներպետական իրավազորության մարմինները, և շարունակում, որ դա հակասում է սահմանադրական այն սկզբունքին, որ արդարադատության իրականացումը հանդիսանում է դատարանների բացառիկ իրավասությունը: ՍԴ-ն նաև նշում է, որ 1995թ․ Սահմանադրությունը չի նախատեսում որևէ դրույթ, որը հնարավորություն կտար միջազգային պայմանագրով լրացնել քրեական իրավազորություն իրականացնող դատական մարմինների համակարգը` քրեական իրավազորության միջազգային դատական մարմնով:

15-րդ և 16-րդ կետերում 1995թ․ Սահմանադրության համապատասխան դրույթների լույսի ներքո վերլուծվում են ՄՔԴ-ի և անդամ-պետության համագործակցության կառուցակարգերը․ ՍԴ-ն եզրակացնում է, որ դրանք չեն հակասում մեր պետության ինքնիշխանության սկզբունքին։

17-րդ կետում խոսվում է ներման և համաներման հնարավորության մասին, որը ամրագրված է 1995թ․ Սահմանադրությամբ և որի արգելքը բխում է Հռոմի ստատուտից։ ՍԴ-ն խնդրահարույց է համարում այն, որ ՄՔԴ-ի կողմից դատապարտված, ՀՀ ընդհանուր իրավազորության ներքո գտնվող անձինք կզրկվեն 1995թ․ Սահմանադրությամբ նախատեսված ներման և համաներման իրավունքներից։

Իսկ 18-րդ կետում ՍԴ-ն հիշեցնում է, որ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը կարող են վավերացվել Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո:

Եզրափակիչ մասում ՍԴ-ն որոշում է․

«1. 1998 թ. հուլիսի 17-ին Հռոմում ստորագրված` Միջազգային քրեական դատարանի (ստատուտի) մասին համաձայնագրում (կից հայտարարությամբ) ամրագրված այն պարտավորությունը, ըստ որի Միջազգային քրեական դատարանը լրացնում է ՀՀ ներպետական քրեական իրավազորության մարմինները (Կանոնադրության նախաբանի 10-րդ մաս և 1-ին հոդված), չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91 և 92 հոդվածներին:

2. Միջազգային քրեական դատարանի (ստատուտի) 105 հոդվածի դրույթներով ստանձնած պարտավորությունները, որոնցով բացառվում է դատապարտված անձանց ներպետական ընթացակարգով ներման իրավունքի և համաներման հնարավորության իրացումը, չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 40 հոդվածի, 55 հոդվածի 17 կետի, 81 հոդվածի 1-ին կետի պահանջներին»:

Սահմանադրության վերաբերելի դրույթների կրած փոփոխությունները

1995թ․ Սահմանադրությունը երկու անգամ՝ 2005 և 2015 թվականներին, ենթարկվել է փոփոխությունների։ Իրավաբանական հանրույթը միակարծիք չէ այն հարցում՝ արդյոք այդ փոփոխությունները վերացրել են Հռոմի ստատուտի և Սահմանադրության հակասությունները։ Օրինակ, ըստ փաստաբան Արման Զրվանդյանի, դժվար է ասել՝ Հռոմի ստատուտը հիմա հակասում է Սահմանադրությանը, թե՝ ոչ: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի հայտարարության մեջ նշված է, որ «(․․․) Սահմանադրական դատարանի 2004 թ. օգոստոսի 13-ի թիվ ՍԴՈ-502 որոշումը խոչընդոտ չէ, քանի որ դրանից հետո Սահմանադրությունում կատարվել են համապատասխան փոփոխություններ»։ Իսկ փաստաբան Արա Ղազարյանը հարցազրույցում կարծիք է հայտնել, որ, թեև Սահմանադրությունը երկու անգամ փոխվել է, բայց արդարադատության վերաբերյալ կետերում փոփոխություններ գրեթե չեն եղել․ հետևաբար՝ ՍԴ-ն ի՞նչ նոր բան կարող է ասել։

Մեր ուսումնասիրությունը սկսենք ՀՀ դատարանների՝ արդարադատություն իրականացնելու բացառիկ իրավասությանը վերաբերող դրույթներից, մասնավորապես՝ 1995թ․ Սահմանադրության 91-րդ և 92-րդ հոդվածներից։

1995թ․ Սահմանադրության 91-րդ հոդվածը սահմանում էր․

«Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

Օրենքով նախատեսված դեպքերում դատավարությունն իրականացվում է երդվյալների մասնակցությամբ»:

Նշվածին համապատասխանում է ներկայիս Սահմանադրության 162-րդ հոդվածը․

«1. Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

2. Արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է»:

Միանգամից նկատենք, որ 1995թ․ Սահմանադրության 91-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը քննարկվող հարցի նկատմամբ վերաբերելի չէ (և չի շոշափվել ՍԴՈ-502 որոշմամբ)։ Ինչ վերաբերում է 1-ին պարբերությանը, այն նույնությամբ շարադրված է ներկայիս Սահմանադրության մեջ՝ 162-րդ հոդվածի 1-ին մասի տեսքով։

Իսկ ի՞նչ կարելի է ասել ներկայիս Սահմանադրության 162-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ։ Դրա բովանդակությունը վերլուծության կենթարկենք ավելի ուշ, իսկ այս պահին զուտ արձանագրենք, որ դրա ավելացումը ոչ միայն չի կարող ազատականացնել ՀՀ դատարանների իրավազորությանը լրացնող միջազգային դատարանի իրավազորությունն ընդունելը, այլև կարող է դառնալ լրացուցիչ խոչընդոտ։

1995թ․ Սահմանադրության 92-րդ հոդվածը սահմանում էր․

«Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարաններն են` առաջին ատյանի դատարանները, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը:

Հայաստանի Հանրապետությունում գործում են նաև տնտեսական, զինվորական, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դատարաններ:

Արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է»:

Իսկ ներկայիս Սահմանադրության 163-րդ հոդվածը ունի հետևյալ տեսքը․

«1. Հայաստանի Հանրապետությունում գործում են Սահմանադրական դատարանը, Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաև վարչական դատարանը: Օրենքով նախատեսված դեպքերում կարող են ստեղծվել մասնագիտացված դատարաններ:

2. Արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է»:

Համեմատությունն ի հայտ է բերում ՀՀ դատարանների թվարկման որոշ տարբերություններ, սակայն այստեղ մեզ համար էականն այն է, որ նոր խմբագրության մեջ չի ավելացել որևէ խոսք՝ միջազգային որևէ դատարանի հետ համագործակցության մասին, այդ թվում՝ միջազգային դատարանի՝ ՀՀ-ում արդարադատությանը մասնակցելու, քրեական իրավազորություն իրականացնելու, ՀՀ դատարանների իրավասությունը որոշ դեպքերում կրելու կամ կիսելու մասին։

Այժմ անցնենք ներմանը և համաներմանը վերաբերող դրույթներին։ ՍԴՈ-502 որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետում առաջինը հիշատակված է 1995թ․ Սահմանադրության 40-րդ հոդվածը, որից մեզ հետաքրքրում է 3-րդ պարբերության 2-րդ նախադասությունը․

«Յուրաքանչյուր դատապարտյալ ունի ներման կամ նշանակված պատիժը մեղմացնելու խնդրանքի իրավունք»:

Դրան համապատասխանում է ներկայիս Սահմանադրության 70-րդ հոդվածը․

«Յուրաքանչյուր դատապարտյալ ունի ներման, ներառյալ նշանակված պատիժը մեղմացնելու խնդրանքի իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով»:

Այստեղ թեև կան տարբերություններ, սակայն դրանք քննարկվող հարցին չեն վերաբերում։ Էականն այն է, որ թե՛ ներման խնդրանքի իրավունքը, թե՛ նշանակված պատիժը մեղմացնելու խնդրանքի իրավունքը պահպանվել են։

Հաջորդիվ՝ պետք է դիտարկենք 1995թ․ Սահմանադրության 55-րդ հոդվածը, որի 17-րդ կետը սահմանում էր․

«Հանրապետության Նախագահը (…) ներում է շնորհում դատապարտյալներին»:

Նախագահի՝ ներում շնորհելու լիազորության դրույթը ներկայում զետեղված է Սահմանադրության 135-րդ հոդվածում․

«Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծում է դատապարտյալներին ներում շնորհելու հարցը»:

Այս առնչությամբ՝ պետք է քննարկել, թե արդյոք ներկայիս Սահմանադրության մեջ «օրենքով սահմանված դեպքերում և կարգով» արտահայտության ավելացումը 1995թ․ Սահմանադրության համեմատ սահմանափակում է Հանրապետության նախագահի հայեցողությունը։

Այսպիսով՝ արդյո՞ք Հանրապետության նախագահը 1995թ․ Սահամանդրությամբ ուներ դատապարտյալներին ներում շնորհելու չսահմանափակված լիազորություն։ Սկսենք նրանից, որ Հանրապետության նախագահի լիազորության չսահմանափակվածության մասին նշում 1995թ․ Սահմանադրությունը չի պարունակում, ինչը, մեր ընկալմամբ, նշանակում է, որ օրենքով կարող են սահմանվել այդ լիազորության իրականացման կարգը և պայմանները։

Այս կապակցությամբ՝ տեղին է հիշատակել ՍԴ-ի կողմից 2008թ․ փետրվարի 5-ին կայացված ՍԴՈ-733 որոշումը, որտեղ նշվել է․

«Ներման ինստիտուտի կիրառման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման ուսումնասիրությունը վկայում է, որ ներում հայցելու իրավունքի իրացման համար որևէ նախապայման սահմանված չէ, ներում կարող է հայցել յուրաքանչյուր դատապարտյալ, ներումը կարող է շնորհվել յուրաքանչյուր դատապարտյալի՝ անկախ կատարված հանցագործության բնույթից, ծանրությունից ու այլ հանգամանքներից (․․․)։ Ներում շնորհելու համար որևէ պարտադիր չափանիշ նախատեսված չէ, այն ամբողջությամբ թողնված է ՀՀ Նախագահի հայեցողությանը. Նախագահի՝ ներում շնորհելու իրավունքը սահմանափակված չէ ո՛չ դատապարտյալների շրջանակով, ո՛չ հանցագործությունների բնույթով, ո՛չ պատժատեսակներով ու պատժաչափերով։

Ներման ինստիտուտի օրենսդրական կարգավորումը վկայում է այն մասին, որ ներման խնդրանքի իրավունքի իրացման համար որևէ սահմանափակում նախատեսված չէ, հետևաբար (…) ՀՀ Նախագահը ներում կարող է շնորհել յուրաքանչյուր դատապարտյալի»։[1]

Նկատելով հանդերձ ՍԴ-ի արձանագրումները՝ ՀՀ նախագահի՝ ներում շնորհելու հայեցողության ազատության վերաբերյալ՝ պարտավոր ենք նաև ուշադրություն դարձնել նրան, որ այդ եզրահանգումները արվել են օրենսդրական կարգավորման ուսումնասիրության հիման վրա։ Ասվածից հետևում է, որ, եզրահանգումները անմիջապես Սահմանադրությունից բխեցնելու և օրենսդրությանը չանդրադառնալու փոխարեն, ՍԴ-ն ուսումնասիրել է օրենսդրությունը և դրանից էլ բխեցրել իր եզրահանգումները։[2]

Այսինքն՝ Հանրապետության նախագահի՝ ներում շնորհելու ազատությունը օրենսդրական կարգավորումներով սահմանափակման ենթակա է՝ ըստ գործող Սահմանադրության, իսկ 1995թ․ Սահմանադրությունն ընդամենը չի բացառել նման սահմանափակումը։ Ուստի՝ այստեղ նույնպես չկա որևէ նորամուծություն, որ կարող է «հաշտեցնել» Սահմանադրությանը և Հռոմի ստատուտին։

Վերջապես՝ ՍԴՈ-502 որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետում հիշատակել էր նաև 1995թ․ Սահմանադրության 81-րդ հոդվածը, որի 1-ին կետը սահմանում էր․

«Ազգային ժողովը Հանրապետության Նախագահի առաջարկությամբ (…) հայտարարում է համաներում»։

Նոր Սահմանադրությունում նույն հարցը կարգավորում է 117-րդ հոդվածը․

«Ազգային ժողովը, Կառավարության առաջարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է ընդունել համաներման մասին օրենք»:

Այս հարցում փոփոխությունն է՛լ ավելի փոքր է․ Սահմանադրությունը պահանջում է, որ համաներման մասին օրենքն ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։

Այսպիսով՝ եզրակացնում ենք, որ սահմանադրական երկու փոփոխությունները չեն մեղմացրել այն հակասությունները, որոնք ՍԴ-ն ի հայտ էր բերել դեռևս 2004թ․։

Սույն հոդվածի մնացյալ հատվածում կփորձենք հասկանալ՝ արդյոք ՍԴՈ-502 որոշման մեջ նշված հակասությունները իսկապես գոյություն են ունեցել, այլ կերպ ասած՝ արդյոք ՍԴ-ի եզրակացությունները հիմնավոր են եղել։ Եվ քանի որ սահմանադրական վերաբերելի կարգավորումները, ինչպես վերը ցույց տրվեց, էական փոփոխություններ չեն կրել, մենք միանգամից կսկսենք Հռոմի ստատուտի և գործող Սահմանադրության հնարավոր հակասությունների հարցն ինքնուրույն վերլուծելուց, իսկ մեր եզրահանգումները ՍԴՈ-502 որոշման մեջ արտահայտված դիրքորոշումների հետ կհամադրենք վերջում։

Հռոմի ստատուտը և Սահմանադրության 162-րդ հոդվածը

Եթե փորձենք «մասնատել» 162-րդ հոդվածի 1-ին մասը, կհասկանանք, որ սահմանադիրը ցանկացել է ամրագրել հետևյալ դրույթները․

  1. ՀՀ-ում գործում են հատուկ մարմիններ՝ դատարաններ,[3]
  2. այդ դատարաններն իրականացնում են արդարադատություն ՀՀ-ում,
  3. ավելին՝ ՀՀ-ում որևէ այլ սուբյեկտ, բացի ՀՀ դատարաններից, չի իրականացնում արդարադատություն,
  4. այդ արդարադատությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

Սույն հոդվածի առարկայով պայմանավորված՝ մեզ հետաքրքրում է վերը առանձնացված կանոններից երրորդը, ըստ որի՝ ՀՀ-ում արդարադատությունը, որի էությունը իրավունքի մասին վեճի լուծում է, ՀՀ դատարանների բացառիկ լիազորությունն է, նրանց մենաշնորհը:[4] Այս դրույթից բխում է, որ որևէ այլ մարմին կամ անձ՝ ՀՀ-ից (օրինակ՝ նախագահ, արդարադատության նախարարություն, դատախազ, հաշտարար, տնօրեն, հեղինակավոր անձ), արտասահմանյան որևէ պետությունից (օրինակ՝ «իքս» պետության վարչապետ, դատարան կամ փաստաբանների միություն) կամ միջազգային ասպարեզից (ՄԱԿ, ՖԻՖԱ, Կարմիր խաչի միջազգային կոմիտե, «Էմնըսթի Ինթընեշընըլ»), չի կարող ՀՀ-ում արդարադատություն իրականացնել, իսկ նման միտում ունեցող հնարավոր գործունեությունը չի կարող ՀՀ-ում ընդունվել՝ որպես արդարադատություն։

Ինչպես վերը տեսանք, արդարադատությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։ Մասնավորապես՝ օրենքով պետք է կարգավորվեն (և կարգավորվել են), inter alia, դատարանների իրավազորության հարցերը։ Ստորև քննարկենք, թե դատարանների քրեական իրավազորությունը՝ որպես պետության քրեական իրավազորության դրսևորում, ինչ սկզբունքներով կարող է սահմանվել։

Պետությունը ազատ չէ՝ իր քրեական իրավազորության շրջանակները որոշելու հարցում, այլ կաշկանդված է միջազգային իրավունքի նորմերով։[5] Դրանց համաձայն՝ իրավազորությունը լինում է տարածքային և արտատարածքային։[6]

Պետության քրեական իրավազորությունը առաջին հերթին տարածքային է․[7] տարածքային իրավազորության առաջնայինությունը բխում է միջազգային-իրավական երկու սկզբունքներից՝ ինքնիշխան հավասարության և ներքին գործերին միջամտելու անթույլատրելիության։[8] Պետության քրեական իրավունքի գործողության տարածքային շրջանակը նրա ինքնիշխանության դրսևորումներից մեկն է համարվում։[9] Ուրեմն՝ տարածքային սկզբունքը միջազգային իրավունքում իրավազորության ամենահիմնարար սկզբունքն է,[10] համաձայն որի՝ պետությունը իր տարածքում տեղի ունեցած հանցագործությունների նկատմամբ քրեական իրավազորություն իրականացնելու իրավունք ունի։[11]

Այսուհանդերձ՝ պետությունները իրենց քրեական իրավունքի գործողությունը տարածում են նաև իրենց տարածքից դուրս տեղի ունեցած հանցագործությունների վրա․ այսինքն՝ տարածքային սկզբունքը բացարձակ չէ։[12] Խոսքը գնում է արտատարածքային իրավազորության մասին, որը կարող է իրականացվել, երբ պետությունը տվյալ հանցագործության հետ ունի շահով պայմանավորված որևէ կապ։[13] Արտատարածքային իրավազորության սկզբունքներն են՝

  • օբյեկտիվ տարածքային սկզբունքը․ երբ հանցագործության որևէ բաղկացուցիչ մաս իրականացվել է այդ պետության տարածքում;
  • հետևանքի սկզբունքը․ երբ հանցագործության հետևանքները տարածվում են այդ պետության տարածքում;
  • քաղաքացիության սկզբունքը․ երբ հանցագործը այդ պետության քաղաքացի է;
  • պասիվ սուբյեկտի սկզբունքը․ երբ հանցագործությունն ուղղված է պետության քաղաքացու դեմ;
  • պաշտպանության սկզբունքը․[14] երբ հանցագործությունն ուղղված է այդ պետության շահերի դեմ;
  • ունիվերսալ սկզբունքը․ երբ հանցագործությունը ուղղված է ամբողջ միջազգային հանրության դեմ։[15]

Իսկապես՝ այդ սկզբունքները, թեև ոչ ամբողջությամբ, արտացոլված են նաև ՀՀ քրեական օրենսգրքում (10-12-րդ հոդվածներ)․ դրանց թվում են տարածքային սկզբունքը և քաղաքացիության սկզբունքը։

Վերոգրյալից պարզ է դառնում, որ ՀՀ-ում քրեական արդարադատություն իրականացնող դատարանները օժտված չեն և, որ ավելի կարևոր է, չեն կարող օժտված լինել այնպիսի բացարձակ իրավազորությամբ, որի առկայությունը կախված չէր լինի հանցանքի վայրից, սուբյեկտից կամ օբյեկտից։ Եվ սա ամենևին չի հակադրվում այն սահմանադրական կանոնին, որ ՀՀ-ում արդարադատությունը ՀՀ դատարանների բացառիկ լիազորությունն է ու նրանց մենաշնորհը։

Երևակայական բացարձակ իրավազորության ժխտումը, սակայն, ընդամենը «առաջին քայլն» է։ Պետք է խոսել նաև նրա մասին, որ ՀՀ-ն ոչ միշտ (ոչ ամեն հանցագործության դեպքով) կկարողանա դատել անձին՝ իրավազորություն ունենալու դեպքում։ Այս կապակցությամբ՝ պետք է քննարկենք երկու հարց՝ մրցակցող իրավազորություններ և կրկին դատվելու արգելք։

Մրցակցող իրավազորություններ։ Տրամաբանական է, որ միևնույն հանցագործության նկատմամբ իրավազորություն կարող է ունենալ մեկից ավելի պետություն՝

  • տարբեր սկզբունքներով, օրինակ՝ X պետության քաղաքացու կողմից կատարված հանցագործությունը ուղղված է Y պետության շահերի դեմ,
  • կամ միևնույն սկզբունքով, օրինակ՝ հանցագործությունն ուղղված է միաժամանակ X և Y պետությունների քաղաքացիություն ունեցող անձի դեմ,

որպիսի պայմաններում՝ առաջանում է մրցակցող իրավազորությունների իրավիճակը։ Ստացվում է, որ, օրինակ, Կամերունը կարող է պասիվ սուբյեկտի սկզբունքով իրավազորություն ունենալ այն հանցագործության նկատմամբ, որի նկատմամբ ՀՀ-ն ունի քաղաքացիության սկզբունքով իրավազորություն, և այս պայմաններում ՀՀ-ի իրավազորությունը չի բացառի Կամերունի իրավազորությանը (և հակառակը)։[16] Ավելին՝ տարածված կարծիք կա, որ մի պետության տարածքային իրավազորությունն անգամ չի բացառում այլ պետության արտատարածքային իրավազորությունը։ Օրինակ՝ եթե Կամերունի քաղաքացին ՀՀ-ում հանցագործություն է կատարում, ՀՀ-ի տարածքային իրավազորությանը զուգահեռ առկա է նաև Կամերունի արտատարածքային իրավազորությունը՝ քաղաքացիության սկզբունքով։ Մենք կիսում ենք այս կարծիքը, թեև հակառակ տեսակետը նույնպես տարածված է։[17]

Կրկին դատվելու արգելք։ Իսկ ի՞նչ հետևանք է ՀՀ-ում ունենում այլ պետության կողմից մրցակցող իրավազորության իրականացումը, երբ դա հանգեցնում է խնդրո առարկա անձին դատելուն։ Հարցին պատասխանելու է գալիս Սահմանադրության 68-րդ հոդվածի 1-ին մասը, ըստ որի՝ ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար: Ստացվում է՝ եթե որևէ պետություն մրցակցող իրավազորության պայմաններում «առաջ է անցնում» ՀՀ-ից և դատում է որևէ անձի, ՀՀ-ում այդ անձի դատվելը բացառվում է։ Հպանցիկ կարգով նշենք, որ նույն հետևանքները կառաջանան նաև այլ պետության կողմից միջազգային իրավունքի խախտմամբ իրավազորություն իրականացնելու միջոցով անձին դատապարտելու դեպքում։[18]

Այսպիսով՝ արտասահմանյան պետության կամ միջազգային դատարանի կողմից «առաջ անցնելը» և մրցակցող իրավազորության ուժով կամ նույնիսկ միջազգային իրավունքի խախտմամբ որևէ անձի դատելը ՀՀ-ին զրկում է նույն անձին դատապարտելու իրավական հնարավորությունից։ Եվ սա «երկրորդ քայլով» սահմանափակում է ՀՀ-ի քրեական իրավազորությունը՝ դրա իրականացման հնարավորության ասպեկտով։

Հետևությունն այն է, որ ՀՀ քրեական իրավազորությունը, բացարձակ չլինելուց զատ, նաև բացառիկ չէ։[19] Եվ սա նույնպես ամենևին չի հակադրվում այն սահմանադրական կանոնին, որ ՀՀ-ում արդարադատությունը ՀՀ դատարանների բացառիկ լիազորությունն է ու նրանց մենաշնորհը։

Ի մի բերելով քրեական արդարադատություն իրականացնելու լիազորության բացառիկության և քրեական իրավազորության (դրա իրականացման հնարավորության) սահմանափակվածության հարաբերակցության հարցը՝ նշենք, որ ՀՀ-ում դատարաններն իրականացնում են քրեական արդարադատություն, երբ, օրենքին համապատասխան, ունեն դրա իրավազորությունը, իսկ օրենքով նախատեսված իրավազորությունը ենթարկվում է պետության իրավազորության վերաբերյալ միջազգային-իրավական նորմերին։ ՀՀ դատարանների սահմանափակ (այսինքն՝ ո՛չ բացառիկ ու ո՛չ բացարձակ) քրեական իրավազորությունը անխուսափելի է ու ներդաշնակ է նրանց՝ արդարադատություն իրականացնելու մենաշնորհի հետ։ Պարզ ասած՝ եթե ՀՀ-ում ՀՀ դատարանները քրեական արդարադատության իրականացման բացառիկ սուբյեկտն են, դա չի նշանակում, թե նրանք կաշկանդված չեն իրավազորության հարցերով։ Եվ երբ ՀՀ դատարանը քրեական որևէ գործի նկատմամբ իրավազորություն չի ունենում, դա չի նշանակում, թե «ՀՀ-ում դատարանը արդարադատություն չիրականացրեց»։

Սահմանադրության 162-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունը բացահայտելուց անցում կատարենք Հռոմի ստատուտի վերաբերելի կարգավորումներին։

Հռոմի ստատուտի 1-ին հոդվածը սահմանում է․

«Սույնով հիմնադրվում է Միջազգային քրեական դատարան («Դատարան»): Այն մշտական մարմին է. լիազորված է իրավազորություն իրականացնել միջազգային հանրության մտահոգությունը հարուցող և սույն Ստատուտի մեջ նշված առավել ծանր հանցագործությունների կատարման համար պւստասխանատու անձանց նկատմամբ և լրացնում է ներպետական քրեական իրավազորության մարմինները: Դատարանի իրավազորությունն ու գործունեությունը կարգավորվում են սույն Ստատուտի դրույթներով»:

Այսպիսով՝ ՄՔԴ-ի իրավազորությունը գործում է լրացնողության սկզբունքի վրա։ Ինչպես ՍԴՈ-502 որոշման մեջ նշել էր ՍԴ-ն, «(ՄՔԴ-ի) իրավազորության հիմքում ընկած այս սկզբունքի բովանդակությունը, մասնավորապես, բացահայտված է (Հռոմի ստատուտի) 17 հոդվածում, որի համաձայն` (ՄՔԴ-ն) իրավասու է (Հռոմի ստատուտով) նախատեսված հանցագործությունների նկատմամբ արդարադատություն իրականացնել միայն այն դեպքում, երբ տվյալ պետությունն ի վիճակի չէ կամ չի ցանկանում (այդ) հանցագործությունների առնչությամբ պատշաճ կերպով իրականացնել քննություն կամ քրեական հետապնդում»:

Արդյո՞ք ՄՔԴ-ի՝ լրացնող իրավազորությունը հակասում է Սահմանադրության 162-րդ հոդվածի 1-ին մասին։

Պետք է հասկանալ, թե Սահմանադրության 162-րդ հոդվածի 1-ին մասով կարգավորվող իրավահարաբերությունների տեսանկյունից ինչ է նշանակում ՄՔԴ-ին անդամակցելը։ Այս առնչությամբ մենք կրկին պետք է կենտրոնանաք այդ մասի վերաբերելի դրույթի վրա, ըստ որի՝ ՀՀ-ում որևէ այլ սուբյեկտ, բացի ՀՀ դատարաններից, չի իրականացնում արդարադատություն։ Այս դրույթի հետ Հռոմի ստատուտը կարող էր հակասություն ունենալ, եթե Հռոմի ստատուտով սահմանվեր, որ

  • ՄՔԴ-ն իր անդամ-պետության ներպետական դատարան է
  • կամ ՄՔԴ-ն իր կարգավիճակով հավասար է իր անդամ-պետության ներպետական դատարաններին
  • կամ ՄՔԴ-ն իր անդամ-պետության տարածքում իրականացնում է արդարադատություն,
  • կամ անդամ-պետության՝ արդարադատություն իրականացնելու լիազորությունը սահմանափակվում է,

սակայն ակնհայտ է, որ Հռոմի ստատուտը անդամ-պետության արդարադատության համակարգի նկատմամբ որևէ սահմանափակող հավակնություն չունի։

Ըմբռնելու համար, թե ՄՔԴ-ի ներկայությունը (ՄՔԴ-ին անդամակցելը) ինչպես է ազդում անդամ-պետության քրեական արդարադատության վրա, պետք է հաշվի առնել, որ ՄՔԴ-ն միջազգային դատարան է, որը չի ներթափանցում անդամ-պետության ներպետական մարմինների համակարգ, այլ ինքնուրույնաբար, որպես միջազգային իրավունքի առանձին սուբյեկտ (միջազգային կազմակերպություն), իրականացնում է իր իրավազորությունը։ ՄՔԴ-ին անդամակցելը, այսպիսով, վերաբերում է ոչ թե անդամ-պետության դատական համակարգի կամ այդ համակարգի լիազորությունների փոփոխությանը, այլ՝ ՄՔԴ-ի իրավազորությունը ընդլայնելուն։ Պարզ ասած՝ ՄՔԴ անդամակցությունը իրավազորության (դրա իրականացման) մասին է։ Իսկ Սահմանադրության 162-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես վերը պարզաբանվեց, իրավազորության հարց չի կարգավորում։

Ինչ վերաբերում է նույն հոդվածի 2-րդ մասին, այն արգելում է «արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն»։ Ինչպես վերը նշեցինք, առաջին հայացքից այն ավելի է ամրապնդում ՀՀ դատարանների՝ արդարադատություն իրականացնելու հիմքերը, և կարող է ընկալվել՝ որպես ՄՔԴ իրավազորության ընդունման լրացուցիչ արգելք։ Սակայն, մեկնաբանելով այդ դրույթը, նշենք, որ այն ածանցյալ է նույն հոդվածի 1-ին մասից, քանի որ այն չի կարգավորում ՀՀ դատարանների կարգավիճակի հարցը՝ զուտ արգելելով այդ կարգավիճակի նկատմամբ ոտնձգությունները։ Այստեղ կարևոր է ուշադրություն դարձնել «միջամտություն» հասկացության օգտագործման փաստին․ բացասական երանգ ունեցող հասկացությունն արդեն հուշում է, որ խոսք է գնում դատական իշխանության գործունեության նկատմամբ հակաիրավական ազդեցության արգելման մասին, ինչը հեռու է օրենքով սահմանված կարգով ՄՔԴ-ի իրավազորության ընդունման հարցից։ Այլ կերպ ասած, Հռոմի ստատուտի և Սահմանադրության մնացյալ մասի հավանական համապատասխանության պայմաններում՝ Սահմանադրության 162-րդ հոդվածի 2-րդ մասը չի կարող խոչընդոտ հանդիսանալ Հռոմի ստատուի վավերացմանը, քանի որ ՄՔԴ-ի intra vires գործունեությունը չի կարող որակվել՝ որպես «միջամտություն արդարադատության իրականացմանը»։

Վերոգրյալի լույսի ներքո՝ արժե կատարել առաջին արձանագրումը․ Հռոմի ստատուտի վավերացումը չի ազդի ՀՀ-ում ՀՀ դատարանների՝ արդարադատություն իրականացնելու մենաշնորհի վրա, քանի որ ՄՔԴ անդամակցությունը շոշափում է ոչ թե այդ մենաշնորհի, այլ՝ քրեական իրավազորության հարցերը։

Սակայն սա Հռոմի ստատուտի և Սահմանադրության 162-րդ հոդվածի «հաշտության» միակ հռչակումը չէ։ Մենք պարտավոր ենք նկատել, որ ՄՔԴ անդամակցության դեպքում ՀՀ դատարանների քրեական իրավազորությունը չի էլ սահմանափակվելու, փոխարենը՝ ՀՀ դատարանները որոշ դեպքերում զրկված են լինելու անձին դատելու հնարավորությունից՝ ne bis in idem կանոնի և այն փաստի ուժով, որ տվյալ անձը ՄՔԴ-ի կողմից արդեն դատվել է։ ՀՀ դատարանների՝ ՀՀ-ում արդարադատություն իրականացնելու մենաշնորհի հետ որևէ հակասություն չունի միջազգային իրավունքի այլ սուբյեկտների կողմից իրենց՝ դատելու իրավունքը իրականացնելը, քանի որ, միջազգային իրավունքի սուբյեկտների բազմաթիվության հետևանքով, գործում են մրցակցող իրավազորություններ, որոնք իրականացնող սուբյեկտները ո՛չ գործում են ՀՀ-ում, ո՛չ էլ՝ ՀՀ անունից, այլ կերպ ասած՝ չեն խաթարում կամ կասկածի տակ դնում այդ մենաշնորհը։ Իսկ արդեն դատված անձին կրկին դատելու արգելքը դրված է հենց մեր Սահմանադրությամբ։

Ուրեմն՝ պետք է կատարել երկրորդ արձանագրումը․ ՄՔԴ-ի կողմից այն անձին դատելը, որին ՀՀ դատարանները նույնպես կարող էին դատել, նույնպես ներդաշնակ է Սահմանադրության 162-րդ հոդվածի հետ։

Այսքանով նույնպես չի ավարտվում Հռոմի ստատուտի և Սահմանադրության 162-րդ հոդվածի «հաշտեցումը»։ Այստեղ մենք պետք է վերհիշենք, թե որն է Հռոմի ստատուտի հիմքում ընկած սկզբունքը, դրա անկյունաքարը, ՄՔԴ-ի այն գլխավոր գաղափարը, որ տարածվում է նրա ամբողջ կառուցվածքի ու գործունեության վրա․ խոսքը լրացնողության (փոխլրացման) սկզբունքի մասին է․[20] դրա էությունն այն է, որ գործը կարող է ՄՔԴ-ում ընդդատյա լինել, երբ իրավազորություն ունեցող պետությունը չի ցանկանամ կամ ի վիճակի չէ պատշաճ կերպով իրականացնել հետաքննությունը կամ քրեական հետապնդումը։ Սրանից հետևում է, որ ՄՔԴ-ն այնքան էլ «համառ մրցակից չէ», և իրականացնում է իր իրավազորությունը միայն նշված պայմաններում։ Այլ կերպ ասած՝ երբ ՀՀ-ն, որպես ՄՔԴ անդամ-պետություն, ցանկանա և ի վիճակի լինի՝ հետաքննություն կամ քրեական հետապնդում իրականացնելու, ՄՔԴ-ն նրանից «առաջ չի անցնելու»։

Այս հարցում բացառություն կարող են կազմել այն դեպքերը, երբ

  • ՀՀ-ն, խնդրո առարկա հանցագործության նկատմամբ ունենալով իրավազորություն, այն տևական ժամանակ չի իրականացնում (օրինակ՝ ի վիճակի չլինելու պատճառով),
  • ՄՔԴ-ն, դա արձանագրելով, ինքն է իրականացնում իր իրավազորությունը ու դատում հանցավորին,
  • ՀՀ-ն որոշ ժամանակ անց վերականգնում է հետաքննություն կամ քրեական հետապնդում իրականացնելու կարողությունը, սակայն «արդեն ուշ է»։

Այստեղ կարող է հարց առաջանալ՝ ինչպես կարող է ստացվել, որ ՀՀ-ն չցանկանա կամ ի վիճակի չլինի՝ հետաքննություն կամ քրեական հետապնդում իրականացնելու․ չէ՞ որ, համաձայն Սահմանադրության 1-ին հոդվածի, ՀՀ-ն իրավական պետություն է։ Ավելի կոնկրետ՝ եթե Սահմանադրությամբ ՀՀ-ն հռչակվում է իրավական պետություն, որքանո՞վ է այդ հռչակման հետ համատեղելի մի մեխանիզմի հիմնադրման մասին փաստաթղի միանալը, որը կարծես գործելու է միայն այն դեպքում, երբ իրավական պետության ռեժիմը թերանա։ Այս հարցի պատասխանը երկու մասով կարելի է ներկայացնել։

Առաջին՝ ո՛չ իրավական պետության գաղափարը, ո՛չ Սահմանադրության որևէ դրույթ չեն պարտավորեցնում ՀՀ-ին՝ իրականացնելու քրեական իրավազորություն բոլոր այն դեպքերում, երբ, միջազգային իրավունքի համաձայն, ՀՀ-ն ունի դրա իրավունքը։ Երկրորդ՝ ընդունել, որ իրավական պետության ռեժիմը (մասնավորապես՝ հանցագործությունների բացահայտման և պատժման մասով) կարող է և թերանալ, չի նշանակում նսեմացնել Սահմանդրության 1-ին հոդվածը կամ հրաժարվել դրանից։ Հակառակ մոտեցումը կլինի «ձևացնելը», թե մեր երկրում ոչ միայն Սահմանադրությունը չի խախտվում, այլև՝ չի էլ կարող խախտվել, և մենք հարկ չենք համարում (եթե չասենք՝ մեզ վայել չէ) մտածել, թե ինչ կլինի, կամ թե ինչ կարելի է անել, եթե այն ոտնահարվի։[21] Հռոմի ստատուտի հիմքում դրված է ոչ այն մոտեցումը, որ անդամ-պետությունների դատաիրավական համակարգերը չեն գործում, այլ՝ այն մոտեցումը, որ դրանք, հնարավոր է՝ չգործեն․ իսկ որ դա հնարավոր է, վկայում է ինչպես անցյալը, այդպես էլ՝ ներկան։ Հռոմի ստատուտի պարտադիր իրավաբանական ուժը չի կարող խանգարել ՀՀ-ին՝ իր՝ նշված ոլորտի գործառույթները իրականացնելու հարցում, ընդհակառակը՝ կարող է բարձրացնել արդյունավետությունը։

Այսինքն՝ կարող ենք կատարել Հռոմի ստատուտի և Սահմանադրության «հաշտեցման» կապակցությամբ երրորդ արձանագրումը․ ՄՔԴ-ն չի իրականացնելու իրավազորություն, եթե ՀՀ-ն, միևնույն գործի նկատմամբ ունենալով քրեական իրավազորություն, իրականացնի այն։

Ի մի բերելով վերոգրյալը՝ կարծում ենք, որ Հռոմի ստատուտը համապատասխանում է Սահմանադրության 162-րդ հոդվածին։

Հռոմի ստատուտը և Սահմանադրության՝ ներմանը և համաներմանը վերաբերող դրույթները

Նկատենք, որ ներման խնդրանքի իրավունքը իր բնույթով ընթացակարգային է․ ինչպես բխում է Սահմանադրության 70-րդ հոդվածից, դատապարտյալն իրավունք ունի՝ ներկայացնելու ներման խնդրանք։ Այս իրավունքին համապատասխանում է պետական մարմինների պարտականությունը՝ դիմումին պատշաճ ընթացք տալու։ Ի հակադրություն՝ այս իրավունքը չի ենթադրում ներում ստանալու իրավունք․ հակառակ դեպքում՝ Սահմանադրությամբ պետք է նշված լիներ, որ դատապարտյալն իրավունք ունի ներում ստանալու՝

  • օրենքով սահմանված դեպքերում,
  • ներում շնորհելու լիազորություն ունեցող մարմնի հայեցողությամբ
  • կամ (թեև աբսուրդային է) բոլոր դեպքերում։

Սակայն Սահմանադրությամբ ամրագրվել է ներում խնդրելու իրավունքը, ինչը հստակ տարանջատել է պետք ներում ստանալու նյութական իրավունքից։

Այս տարանջատումը կատարելով հանդերձ՝ նկատենք, որ ներման խնդրանք ներկայացնելու իրավունքը պատկանում է յուրաքանչյուր դատապարտյալի։ Սակայն եթե ներումը կատեգորիկ կերպով անհամատեղելի է Հռոմի ստատուտի հետ, առաջանում է հարց․ մի՞թե ՄՔԴ-ի կողմից դատապարտված անձանց՝ ներում խնդրելու իրավունքը չի դառնա ձևական ու անարդյունավետ, եթե նրա՝ ներում ստանալու հնարավորությունը բացառվում է ab initio: Եվ եթե այդպես է, ստացվում է, որ ոչ բոլոր դատապարտյալների վրա կտարածվի ներման խնդրանք ներկայացնելու իրավունքը։

Դժվար է վերը բերված հարցին միանաշանակ պատասխան տալը․ մի կողմից՝ հստակ առկա է նյութական և ընթացակարգային իրավունքների տարբերությունը (տարբերակումը), մյուս կողմից՝ նյութական իրավունքի բացառումը ազդում է ընթացակարգայինի իրացման վրա։ Մենք հակված ենք այն կարծիքին, որ ներման բացառումը հակասում է ներման խնդրանք ներկայացնելու վերաբերյալ դրույթին, քանի որ ընթացակարգային իրավունքները կոչված են ապահովելու նյութական իրավունքների իրացումը, և եթե ընթացակարգային իրավունքի ետևում չկա հաջողության հնարավորություն, ապա ընթացակարգը դառնում է անիմաստ։[22]

Այսպիսով՝ եթե Հռոմի ստատուտը կատեգորիկ կերպով բացառում է ներումը, ապա այն հակասության մեջ է Սահմանադրության 70-րդ հոդվածի հետ։ Թե որքանով է այդ արգելքը բացարձակ կամ անհաղթահարելի, կքննարկենք քիչ ուշ։

Անդրադառնալով ՀՀ նախագահի՝ ներում շնորհելու (135-րդ հոդված) և Ազգային ժողովի՝ համաներում ընդունելու (117-րդ հոդված) լիազորություններին՝ նկատենք, որ Սահմանադրությունը ո՛չ Հնարապետության նախագահին, ո՛չ Ազգային ժողովին չի օժտել բացարձակ հայեցողությամբ․ ավելին՝ 135-րդ հոդվածն ուղղակիորեն նախատեսում է, որ օրենքով պետք է նախատեսվեն Հնարապետության նախագահի կողմից տվյալ լիազորության իրականացման դեպքերը և կարգը։

Այսպիսի պայմաններում՝ Հռոմի ստատուտը կարող էր անհամապատասխանության մեջ լինել Սահմանադրության 135-րդ և 117-րդ հոդվածների հետ՝ այնպիսի անհավանական թվացող դեպքում, եթե Հռոմի ստատուտով ուղղակիորեն արգելվեր անդամ-պետություններին կիրառել ներում և համաներում՝ առհասարակ, այսինքն՝ որևէ դատապարտյալի նկատմամբ։

Քանի որ վերը խոսվեց Հռոմի ստատուտի և Սահմանադրության 70-րդ հոդվածի prima facie հակասության մասին, ցանկանում ենք վերադառնալ այդ հարցին և պարզել, թե որ դեպքում կարող է ՄՔԴ-ի կողմից դատապարտված անձը Հանրապետության նախագահին ներկայացնել ներման խնդրանք։

Սկսենք, ըստ այդմ, «յուրաքանչյուր դատապարտյալ» հասկացության բովանդակության բացահայտումից։ Եթե այդ հասկացությունը «կտրենք» Սահմանադրությունից և մեկնաբանենք զուտ լեզվաբանորեն, կստացվի, որ խոսք է գնում ցանկացած դատարանի կողմից դատապարտված անձի[23] մասին։ Չենք կարծում, սակայն, թե Սահմանադրության իմաստով «յուրաքանչյուր դատապարտյալը» պետք է հասկանալ հենց այդպես։ Մեր կարծիքով՝ որպեսզի անձը Սահմանադրության իմաստով դատապարտյալ համարվի, նա պետք է դատապարտված լինի

  • կա՛մ ՀՀ դատարանների կողմից,
  • կա՛մ միջազգային իրավունքի այնպիսի սուբյեկտի կողմից, որի (դատարանի) կողմից կայացված դատական ակտը որևէ (նորմատիվ կամ անհատական) իրավական ակտով (օրինակ՝ երկկողմ միջազգային պայմանագիր) ճանաչված է ՀՀ իրավական համակարգում․ այսինքն՝ բավական չէ այդպիսի սուբյեկտի կողմից անձին դատապարտելու օբյեկտիվ փաստի առկայությունը:[24]

Հետևաբար՝ եթե ՀՀ-ն դառնում է ՄՔԴ անդամ-պետություն, ՄՔԴ դատապարտյալի վրա կտարածվի Սահմանադրության 55-րդ հոդվածով նախատեսված «յուրաքանչյուր դատապարտյալ» հասկացությունը։ Ասվածի հաշվառմամբ՝ ցանկանում ենք քննարկման առարկա դարձնել ՄՔԴ դատապարտյալի կողմից ՀՀ նախագահին ներման խնդրանք ներկայացնելու երեք տարբեր իրավիճակներ։

Իրավիճակ առաջին․ ՄՔԴ դատապարտյալը պատիժը կրում է արտասահմանյան պետության տարածքում (ոչ ՀՀ տարածքում)։ Պատկերացնենք, որ այդ դատապարտյալը օրինական (կամ նույնիսկ ոչ օրինական) միջոցներով ՀՀ նախագահին է հասցնում իր՝ ներման խնդրագիրը։ ՀՀ նախագահը նախ պետք է պարզի՝ արդյոք տվյալ դատապարտյալի վրա տարածվում է քննարկվող իրավունքը, որպեսզի պարզ դառնա՝ արդյոք խնդրանքը պետք է քննության առնվի։

Մինչև կհասկանանք, թե ինչպես պետք է վարվի ՀՀ նախագահը, ընդունենք, որ, առաջին հայացքից, կարող է տարակուսանք առաջանալ, թե ինչ իմաստ ունի պատժի կրման պետություն չհանդիսացող պետությունից ներում խնդրելը՝ հաշվի առնելով հնարավոր ներման անորոշ հետևանքները։ Ամեն դեպքում՝ չի բացառվում թե՛ նման խնդրանքը, թե՛՝ դրա արդյունավետությունը՝ միջազգային պայմանագրով նման հնարավորություն նախատեսվելու դեպքում, թեև այդտեղ կարող է առաջանալ այդ միջազգային պայմանագրի և Հռոմի ստատուտի միջև կոլիզիայի հարց։ Սակայն կրկնենք, որ սույն հոդվածում մենք քննարկում ենք Հռոմի ստատուտի համապատասխանությունը միայն Սահմանադրությանը։

Ավելին՝ անգամ եթե ներման խնդրագրի հնարավոր բավարարումը գործնական հետևանք չի ունենալու դատապարտյալի համար, այս հարցը չի կորցնում իր կարևորությունը, քանի որ, ըստ Հռոմի ստատուտի 105-րդ հոդվածի 1-ին մասի, «ազատազրկման ձևով պատժի նշանակման վերաբերյալ դատավճիռը պարտադիր է անդամ-պետությունների համար, որոնք ոչ մի դեպքում չեն կարող փոփոխել այն»[25]: Նշանակում է, որ, դատավճռի փոփոխման արգելքից վեր, գործում է ավելի լայն ռեժիմ, այն է՝ դատավճռի պարտադիրությունը։ Հետևաբար՝ անգամ եթե Հանրապետության նախագահի՝ ներման հնարավոր կիրառումը չի կարող արտասահմանյան պետության տարածքում ցանկալի հետևանքներ առաջացնել ՄՔԴ դատապարտյալի համար (դատավճռի «փոփոխում»), այդպիսի ներումը, միևնույն է՝ արգելվում է, քանի որ հակասում է ՄՔԴ դատավճռի պարտադիրության (հարգման) սկզբունքին։

Այս իրավիճակում, ըստ մեզ, պետք է հիմք ընդունել այն, որ Սահմանադրությունը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի համապատասխան, նորմատիվ իրավական ակտ է, և այն, որ, նույն օրենքի 29-րդ հոդվածի համաձայն, դրա գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի վրա։ Ուրեմն՝ ՀՀ-ից դուրս գտնվող դատապարտյալը չի ունենա ներման խնդրանք ներկայացնելու սահմանադրական իրավունքը։[26] Հետևաբար՝ նման իրավիճակում Հռոմի ստատուտը և Սահմանադրությունը «համակարծիք են»։

Իրավիճակ երկրորդ․ ՄՔԴ դատապարտյալը պատիժը կրում է ՀՀ տարածքում։ Առաջին իրավիճակի քննարկումից ուղղակիորեն բխում է, որ երկրորդ իրավիճակում հարցի լուծումը հանգում է լրիվ հակառակին։ Հետևաբար՝ տեղին է պարզել, թե որ դեպքում կարող է ՄՔԴ դատապարտյալն իր պատիժը կրել ՀՀ տարածքում։

Հռոմի ստատուտի 103-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ «(…) (ա)զատազրկման ձևով նշանակված պատիժը կրում են այն պետությունում, որը Դատարանի կողմից նշանակվում է դատապարտված անձին ընդունելու իրենց պատրաստականությունն հայտնած պետությունների ցանկից (…)»: Սա նշանակում է, որ ՀՀ-ում ՄՔԴ դատապարտյալը կարող է պատիժ կրել միայն ՀՀ-ի կողմից նման համաձայնություն տրվելու դեպքում։ Այլ կերպ ասած՝ ՄՔԴ անդամակցությունը դեռ չի ենթադրում դատապարտյալին սեփական տարածքում ընդունելու համաձայնություն։ Այստեղ առկա է իրավունքի և պարտավորության տարրական բաժանումը․ ՄՔԴ անդամակցության դեպքում՝ ՀՀ-ն դատապարտյալի ընդունելու իրավունք կունենա, բայց ոչ՝ պարտավորություն։[27]

Վերոգրյալից բխում է, որ Հռոմի ստատուտով նախատեսված պարտավորությունները այս իրավիճակում չեն հակասի ներում խնդրելու սահմանադրական իրավունքին։ Այլ հարց է, որ ՀՀ-ն պետք է հրաժարվի ՄՔԴ դատապարտյալներին ընդունելուց։

Իրավիճակ երրորդ․ ՄՔԴ դատապարտյալը այլ ճանապարհով հայտնվել է ՀՀ տարածքում։ Տեղին ենք համարում անդրադառնալ մեկ այլ հնարավոր իրավիճակի, երբ ՄՔԴ դատապարտյալը ՀՀ տարածքում պատիժ չի կրում, սակայն այդտեղ է «հայտնվել»։ Օրինակ՝

  • ՄՔԴ դատապարտյալը, որ պատիժ է կրում հարևան պետությունում, իրականացնում է «փախուստ բանտից» և հաջողում է ներխուժել ՀՀ տարածք,
  • ՄՔԴ դատապարտյալին տեղափոխող ինքնաթիռը սխալմամբ վայրէջք է կատարում ՀՀ տարածքում,
  • ՄՔԴ դատապարտյալի նկատմամբ վերահսկողություն իրականացնող սուբյեկտի և ՀՀ պետական մարմի կամ պաշտոնատար անձի հակաիրավական համագործակցության արդյունքում՝ ՄՔԴ դատապարտյալը հայտնվում է ՀՀ տարածքում,
  • ՄՔԴ դատապարտյալը ՀՀ տարածքում է հայտնվում որևէ ֆորսմաժորային իրավիճակում,
  • ՄՔԴ դատապարտյալը ՀՀ է տեղափոխվում այլ դատապարտյալի փոխարեն՝ շփոթության արդյունքում։

Կարծում ենք, որ այս իրավիճակում ՄՔԴ դատապարտյալը ունենալու է ներում խնդրելու իրավունք, և սա կհակասի Հռոմի ստատուտի 105-րդ հոդվածի 1-ին մասին։ Այս հակասությունը բացառում է ՀՀ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը։

Եզրակացություն

Ինչպես վերը նշվեց, Սահմանադրության 70-րդ հոդվածի և Հռոմի ստատուտի 105-րդ հոդվածի 1-ին մասի միջև առկա է հակասություն։ Այդ հակասությունը մատնանշվել էր դեռ 2004թ․ ՍԴՈ-502 որոշմամբ, թեև՝ մակերեսային վերլուծության արդյունքում։

Նշված հակասությունը խիստ էպիզոդիկ է․ այն կարող է դրսևորվել միայն այն դեպքում, երբ ՄՔԴ դատապարտյալը չնախատեսված կերպով հայտնվի ՀՀ տարածքում և օգտվի Հանրապետության նախագահից ներում խնդրելու իրավունքից։

Իհարկե, կարող է հիասթափություն առաջանալ, թե ինչ «մանր հարց» է խոչընդոտում Հռոմի ստատուտի վավերացմանը, առավելևս՝ երբ խոսք է գնում ՄՔԴ դատապարտյալի՝ հակաիրավական վարքագծով ՀՀ տարածքում հայտնվելու վարկածի մասին։ Սակայն եթե մենք լուրջ ենք վերաբերվում Սահմանադրության 3-րդ հոդվածին, ապա պետք է նաև պատրաստ լինենք ու ընդունենք, որ հանրային իշխանությունը սահմանափակվի մարդու՝ որպես բարձրագույն արժեքի իրավունքով։

ՍԴՈ-502 որոշմամբ մատնանշված մյուս հակասությունը՝ կապված ՀՀ-ում արդարադատություն իրականացնելու հետ, ինչպես վերը հիմնավորեցինք, գոյություն չունի։ Սակայն ներման հնարավորության հարցը, ըստ մեզ, այս անգամ ևս պետք է արգելակի Հռոմի ստատուտի վավերացումը։ Այս խնդիրը կարող է հաղթահարվել «յուրաքանչյուր դատապարտյալ» հասկացության այնպիսի մեկնաբանմամբ, որը կներառի միայն այն անձանց, որոնք ՀՀ-ում են գտնվում «պաշտոնապես դատապարտյալի կարգավիճակով»՝ պատիժը կրելու համար։ Սակայն այս մեկնաբանությունը ավելի նեղ է նրանից, որը, որպես մեզ համար ընդունելի, ներկայացրել ենք վերը։

Իսկ մեզ համար ամենաընդունելի տարբերակը նշված խնդիրը Սահմանադրության փոփոխություններով վերացնելն է։

Հեղինակ՝ Վարդան Հակոբյան


[1] ՍԴ-ն այստեղ հիմնվել է 2005թ․ խմբագրությամբ Սահմանադրության 20-րդ հոդվածի 4-րդ պարբերության վրա, որը նույնությամբ կրկնում է 1995թ․ Սահմանադրության 40-րդ հոդվածի 3-րդ պարբերության 2-րդ նախադասությունը։

[2] Սահմանադրության մեկնաբանություններում Խաչատրյանը հայտնում է հակառակ կարծիքը․ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանություններ / ընդհանուր խմբագրությամբ՝ Գ․ Հարությունյանի, Ա․ Վաղարշյանի․ – Եր․։ «Իրավունք», 2010, էջեր 648-649։

[3] Նույն տեղում, էջեր 897-898։

[4] Նույն տեղում, էջեր 897-899։

[5] Report of the International Law Commission, UNGAOR, 63rd Session, Supplement No. 10, UN Doc  A/61/10 (2006), էջ 520։

[6] Danielle Ireland-Piper, Extraterritorial Criminal Jurisdiction: Does the Long Arm of the Law Undermine the Rule of Law?, Melbourne Journal of International Law, Vol. 13, 2012, էջեր 2-3։

[7] Nico Krisch, Jurisdiction Unbound: (Extra)territorial Regulation as Global Governance, European Journal of International Law, Vol. 33 No. 2 (2022), էջ 483։

[8] Cedric Ryngaert, Jurisdiction in International Law, Second edition – New York, Oxford University Press, 2015, էջ 36։

[9]  Alejandro Chehtman, The Philosophical Foundations of Extraterritorial Punishment – New York, Oxford University Press, 2010, էջ 56։

[10] Cedric Ryngaert, Jurisdiction in International Law, Second edition – New York, Oxford University Press, 2015, էջ 49; Case 89/85, A. Ahlström Osakeyhtiö and others v Commission of the European Communities, 1988 E.C.R. 5193, 4 C.M.L.R. 901 (1988), կետ 18։

[11] Britannica, Jurisdiction, https://www.britannica.com/topic/international-law/Jurisdiction (23.01.2023թ․)։

[12] S.S. ‘Lotus’ (France v. Turkey) (1927), P.C.I.J., Ser. A, No. 10, էջ 20։

[13] Report of the International Law Commission, UNGAOR, 63rd Session, Supplement No. 10, UN Doc  A/61/10 (2006), էջ 521։

[14] Հայրենական գրականությունում պասիվ սուբյեկտի և պաշտպանության սկզբունքները միավորված են ռեալ սկզբունքի մեջ․ Կ․ Ա․ Լալայան, Քրեական իրավունք, ուս․ ձեռնարկ – Եր․։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ․, 2004, էջեր 49-50; Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք։ Ընդհանուր մաս (վեցերորդ հրատարակություն՝ փոփոխություններով և լրացումներով)․/Ս․ Առաքելյան, Ա․ Գաբուզյան, Հ․ Խաչիկյան և ուրիշ․ – Եր․։ ԵՊՀ հրատ․, 2012, էջեր 84-85։

[15] Report of the International Law Commission, UNGAOR, 63rd Session, Supplement No. 10, UN Doc  A/61/10 (2006), էջեր 521-522։

[16] Վերլուծությունը կատարված է միջազգային իրավունքի տեսանկյունից և ոչ՝ ՀՀ քրեական օրենսգրքի։

[17] Երկու հակադիր տեսակետներին է անդարադրձել Սեդղիք Ղինգխաթը՝ վկայակոչելով թե՛ մասնագիտական գրականություն, թե՛՝ դատական նախադեպեր։ Նա եզրակացրել է, որ «(պ)ետություններին միևնույն իրավիճակի նկատմամբ տարածքային, քաղաքացիության կամ ունիվերսալ հիմքով մրցակցող իրավազորություն հաստատել արգելող կանոն չկա»․ Cedric Ryngaert, Jurisdiction in International Law, Second edition – New York, Oxford University Press, 2015, էջ 143:

[18] Այս հետևությունը բխում է միևնույն սահմանադրական նորմից, որը, ըստ ձևակերպման, տարածվում է դատվելու ցանկացած դեպքի վրա՝ առանց բացառության։ Այս առնչությամբ՝ այլ պետության կողմից միջազգային-իրավական պարտավորության խախտումը պետք է առաջացնի դրա միջազգային-իրավական պատասխանատվության, ինչն անջատ է հանցավորին պաշտպանող ne bis in idem կանոնից։

[19] Այս հարցում միակ վերապահումը կապված է տարածքային քրեական իրավազորության բացառիկության մասին պնդման հետ, որը, ինչպես վերը նշեցինք, չենք կիսում։

[20] Markus Benzing, The Complementarity Regime of the International Criminal Court: International Criminal Justice between State Sovereignty and the Fight against Impunity, Max Planck Yearbook of United Nations Law, Volume 7, 2003, էջ 593։

[21] Այդ տրամաբանությամբ՝ մեր երկրում, օրինակ, պետք է չգործեր որևէ իրավախախտմամբ պատճառված վնասի ինստիտուտ, քանի որ իրավախախտում կատարելն արգելվում է։

[22] Թե ինչ չափանիշներով է որոշվելու ներում ստանալու հարցը, Սահմանադրությունը չի կարգավորում, այսինքն՝ չի խոսում ներման իրավունքի մասին։ Սակայն Սահմանադրությունը տալիս է ներում ստանալու հնարավորություն, այդ հնարավորությունն էլ արդարացնում է ներման խնդրանք ներկայացնելու իրավունքի առկայությունը։ A contrario, եթե այդ հնարավորությունը զրոյացվում է, ներման խնդրանք ներկայացնելու իրավունքը «փլվում է»։

[23] Վերն արդեն հիշատակված Խաչատրյանը գրում է, որ դատապարտյալը այն անձն է, ում նկատմամբ գոյություն ունի ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ․ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանություններ / ընդհանուր խմբագրությամբ՝ Գ․ Հարությունյանի, Ա․ Վաղարշյանի․ – Եր․։ «Իրավունք», 2010, էջ 651։ Մեր հերթին՝ կարծում ենք, որ պետք է ավելացնել ևս մեկ հատկանիշ՝ տվյալ պահին պատիժ կրելը։ Այս տեսանկյունից՝ տարբեր իմաստներ ունեն «դատապարտված անձ» և «դատապարտյալ» հասկացությունները, որտեղ առաջինը վերաբերում է նախկինում դատապարտված լինելու փաստին, իսկ երկրորդը՝ նաև ժամանակի տվյալ պահին պատիժ կրելու փաստին։

[24] Բերված երկու տարբերակներից յուրաքանչյուրում առկա է դատապարտված անձի որոշակի (քրեադատավարական կամ քրեակատարողական իրավունքի ոլորտի) կապը ՀՀ-ի հետ։ «Յուրաքանչյուր դատապարտյալ» հասկացության ավելի լայն (զուտ լեզվաբանական) ընկալման դեպքում կստացվի, որ մեր Հանրապետության նախագահից կարող է ներում խնդրել մեր երկրի հետ որևէ ոլորտային համագործակցություն չունեցող պետությունում դատապատրված ու մեր երկրի հետ որևէ կապ չունեցող անձը։

[25] Ընդգծումը մերն է։

[26] Գտնում ենք, որ ասվածը ճշմարիտ է նաև այն դեպքում, երբ ներման խնդրանքը ներկայացվում է ՀՀ-ում գտնվող ներկայացուցչի միջոցով, քանի որ որոշիչը իրավունքի գործողության տարածքն է, ոչ՝ դրա իրացման տարածքը․ եթե տվյալ տարածքում իրավունքը չի գործում, այդ խնդիրը չի կարող հաղթահարվել չգործող իրավունքի «իրացման» որևէ եղանակով։

[27] Սահմանադրական դատարանը, համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, ստուգում է միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը։

Մեկնաբանություններ