ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը հայտարարել է, որ կորոնավիրուսի բռնկումն ամենամեծ փորձությունն է աշխարհի համար Երկրորդ աշխարհամարտից հետո։ Նրա խոսքով` ստեղծված իրավիճակը կարող է ռեցեսիայի հանգեցնել, որի նմանը, հավանաբար, չի եղել անցած տարիներին:
«Նոր կորոնավիրուսային հիվանդությունը գրոհում է հասարակությունը` կյանքեր և ապրուստի միջոցներ խլելով»,-նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Նյու Յորքում կազմակերպության կենտրոնական գրասենյակում ունեցած ելույթի ժամանակ:
«COVID-19-ը մեծագույն փորձությունն է, որին մենք բախվել ենք ՄԱԿ-ի կազմավորումից ի վեր»,- շեշտել է նա: Այս կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ համակարգված միջոցներ ձեռնարկել՝ ուղղված կորոնավիրուսի տարածումը կանխելուն և համաճարակի դադարեցմանը:
Գուտերրիշը արդյունաբերական երկրներին կոչ է արել օգնություն ցուցաբերել ավելի քիչ զարգացած պետություններին կամ այն երկրներին, որոնք «պոտենցիալ կերպով բախվել են հրդեհի արագությամբ տարածվող մղձավանջային հիվանդությանը»:
ՄԱԿ-ի տվյալներով` համաճարակի հետևանքով աշխարհում 25 միլիոն մարդ կարող է զրկվել աշխատանքից: