Դիմումատուն՝ Խալիդ Զաքիր օղլու Բագիրովը, ազգությամբ ադրբեջանցի է, ծնվել է 1976թ․-ին և բնակվում է Բաքվում: Նա Ադրբեջանի փաստաբանների պալատի անդամ է հանդիսացել: Դիմումատուն բազմիցս բողոքել է Ադրբեջանի դատական համակարգի կոռումպացված լինելու և ոստիկանության դաժանության մասին։ Դիմումատուն ՄԻԵԴ-ում բողոքել է իր փաստաբանական գործունեության արտոնագրի գործողությունը մեկ տարի ժամկետով կասեցնելու, իսկ հետո երկրի ոստիկանությանը և դատական համակարգը քննադատելու համար իրեն արտոնագրից զրկելու իշխանությունների կայացրած որոշման մասին։
2011թ․-ի փետրվարին Բագիրովը մասնակցել է այլ փաստաբանների հետ ժողովին, որին քննարկվել են այն խնդիրները, որոնց Ադրբեջանում բախվում են փաստաբանները։ Ժողովի ժամանակ Բագիրովը մեկնաբանել է ոստիկանության դաժան վերաբերմունքը և դրա պատճառով բանտում մահացած ոմն Է.Ա․-ի դեպքը, ում մայրը հետագայում դարձել է Բագիրովի պաշտպանյալը: Բագիրովի խոսքերը տպագրվել են մամուլում: Բաքվի ոստիկանության գլխավոր վարչության պետի պահանջով, Ադրբեջանի Փաստաբանների պալատը Բագիրովի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել՝ վիրավորանքի և զրպարտության հիմքերով։
2011թ․-ի օգոստոսին Փաստաբանների պալատը կասեցրել է Դիմումատուի փաստաբանական գործունեության արտոնագրի գործողությունը մեկ տարի ժամկետով և զրկել է դատական պրակտիկային մասնակցելու իրավունքից՝ փաստաբանական գաղտնիք բացահայտելու համար։ Բագիրովը բողոքարկել է այդ որոշումը և պնդել է, որ չի բացահայտել գաղտնի համարվող տեղեկատվություն, քանի որ մինչև իր պաշտպանյալ դառնալը Է.Ա.-ի մայրը տարբեր հարցազրույցների ժամանակ արդեն հայտարարել է, որ ոստիկանությունը խոշտանգումների է ենթարկել և սպանել է որդուն բանտում: Այնուամենայնիվ, ներպետական դատարանները չեն անդրադարձել նրա փաստարկներին և չեն քննել գործն ըստ էության՝ վերահաստատելով Փաստաբանների պալատի եզրակացությունը՝ գաղտնիության խախտման մասին:
2014թ․-ին Բագիրովի նկատմամբ կարգապահական նոր վարույթներ են հարուցվել այն հայտարարությունների պատճառով, որոնք նա կատարել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլգար Էլդար օղլու Մամեդովին քրեական դատավարության ընթացքում ներկայացնելու ժամանակ: 2015թ. հուլիսին առաջին ատյանի դատարանը կարգադրել է պաշտոնից հեռացնել Բագիրովին և զրկել փաստաբանական գործունեության արտոնագրից։ Դատարանը որոշել է, որ Բագիրովի հայտարարությունները և դիտողությունները դատական համակարգի և դատավորների գործունեության վերաբերյալ «ստվեր են գցել պետության վրա» և «վնաս են հասցրել դատական համակարգի հեղինակությանը»:
Դիմումատուն բողոքել է դատարանի կայացրած որոշման դեմ՝ պահանջելով վերականգնել արտոնագրի գործողությունը, սակայն 2015 թվականին վերաքննիչ դատարանը մերժել է Բագիրովի բողոքը, իսկ 2016 թվականին Գերագույն դատարանը վերահաստատել է առաջին ատյանի որոշումը։
Հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը (արտահայտվելու ազատություն) և 8-րդ հոդվածը (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք)՝ Դիմումատուն բողոքել է իր դեմ կարգապահական վարույթ հարուցելու և արտոնագրից զրկելու որոշումների արդարացիության մասին։ Դիմումատուն նշել է, որ դատական համակարգի գործունեության վերաբերյալ իր կարծիքն արտահայտելիս չի օգտագործել վիրավորական արտահայտություններ, չի փորձել «վնաս պատճառել դատական համակարգի հեղինակությանը» և պարզապես ցանկացել է շտկել համակարգի բացթողումները և մատնանշել խնդիրները, որոնց բախվում են փաստաբանները երկրում գործունեություն ծավալելու ժամանակ՝ հետագայում այդ խնդիրներին լուծում առաջարկելու նպատակով։ Դիմումատուն պնդել է, որ դատական համակարգը բարելավելու նպատակով արված իր հայտարարությունների համար նման պատժի կիրառումը հավասարազոր է արտահայտվելու ազատության սահմանափակմանը, իսկ իր արտոնագրի գործողությունը մեկ տարի ժամկետով կասեցնելը, իրեն իրավաբանական պրակտիկայից հեռացնելը և աշխատանքից ազատելը հանգեցրել է անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի միջամտությանը:
Կառավարությունը համաձայնել է, որ Դիմումատուի նկատմամբ կիրառված պատժի միջոցները միջամտություն են հանդիսացել վերջինիս անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի իրացմանը: Սակայն, Կառավարությունը պնդել է, որ երկրի դատական իշխանությունը պետք է պաշտպանվի բարձր մակարդակով և Դիմումատուն, այնուամենայնիվ, «անուղղելի վնաս» է պատճառել դատավորների հեղինակությանը։
Անդրադառնալով սույն գործի հանգամանքներին, ՄԻԵԴ-ը նշել է, որ սույն գործով Դիմումատուի նկատմամբ կիրառված պատժամիջոցը անհամաչափ է հետապնդվող օրինական նպատակին։ Մասնավորապես, ներպետական դատարանները չեն կարողացել բավարար չափով գնահատել միջամտության համաչափությունը, և հաշվի չեն առել որ արտոնագրի գործողության դադարեցումը և աշխատանքից ազատումը՝ որպես պատժամիջոց, ամենախիստ կարգապահական տույժն է մասնագիտությամբ փաստաբան հանդիսացող անձի համար, ինչն էլ կարող է անդառնալի հետևանքներ թողնել փաստաբանի հետագա գործունեության վրա: Բացի այդ, դատավարության ընթացքում ներպետական դատարանները չեն անդրադարձել Դիմումատուի փաստարկներին և չեն հիմնավորել կայացրած որոշումները։ Քննելով սույն գործի հանգամանքները և կողմերի դիրքորոշումները, ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ Դիմումատուի՝ արտահայտվելու ազատությանը և անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքին իշխանությունների միջամտությունը «անհրաժեշտ չի եղել ժողովրդավարական հասարակության մեջ»:
Այսպիսով, ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի և 8-րդ հոդվածի խախտում։ Դատարանը վճռել է, որ Ադրբեջանը պետք է Դիմումատուին պատճառված նյութական և ոչ նյութական (բարոյական) վնասի համար վճարի 18․000 եվրո փոխհատուցում։