ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը

ԱՄՆ Ներկայացուցիչների տունը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը: Օրենսդիր մարմնի երկու ճամբարների` հանրապետականների և դեմոկրատների, հեղինակած փաստաթղթին կողմ քվեարկեց 405 կոնգրեսական, դեմ` 11, ձեռնպահ էին 3-ը:

Բանաձևը փաստում է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունն է Հայոց ցեղասպանության ոգեկոչումը՝ այն պաշտոնապես ճանաչելու և հիշատակելու միջոցով, Հայոց ցեղասպանության կամ որևէ այլ ցեղասպանության ժխտման մեջ ամերիկյան կառավարությանը ներգրավելու մերժումը, Հայոց ցեղասպանության փաստերի վերաբերյալ կրթության և հանրային ըմբռնման խրախուսումը:

«Սա մի քվեարկություն է, որին ես սպասել եմ 19 տարի, մի քվեարկություն է, որին տասնյակ հազարավոր ամերիկահայեր տասնամյակներ են սպասել», – հայտարարեց բանաձևի համահեղինակ, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ադամ Շիֆը, հավելելով. «Մենք չենք կարող ընտրողաբար որոշել, թե մարդկության դեմ որ հանցագործություններն են քննարկման համար նպատակահարմար, որոնք` ոչ: Մենք չենք կարող մարդու իրավունքների պաշտպանությունը քողարկել մեղմասացության տակ և չպետք է լռենք`օտար պետության վախից»:

Վերջին անգամ Ներկայացուցիչների տունը նման փաստաթուղթ ընդունել էր ավելի քան երեք տասնամյակ առաջ` 1984-ին, նախաձեռնությունը, սակայն, օրենքի ուժ չէր ստացել, քանի որ չէր արժանացել Սենատի հավանությանը:

Այս կապակցությամբ Հայաստանը ողջունում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևի ընդունումը ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից:

«Ողջունում եմ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատմական քվեարկությունը։ Բանաձևը հզոր քայլ է պատմական արդարության ու ճշմարտության ուղղությամբ, որը նաև մխիթարանք է հաղորդում Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգներին։ Ընդունեք իմ սրտանց շնորհավորանքներն ու հիացմունքն ուղղված ամերիկահայերի սերունդներին, ում անձնազոհ քաղաքական և հասարակական գործունեությունն ու հաստատակամությունն էին այս պատմական քվեարկության շարժիչ ուժը և ոգևորությունը։ Այլևս երբեք»,- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Իր հերթին, Անկարան դատապարտել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան կողմից ու պնդել, թե ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունված որոշումը «ոչ մի նշանակություն չունի Թուրքիայի ժողովրդի և կառավարության համար»:

Քվեարկությունից րոպեներ անց Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն գրառում է արել Թվիթերի իր էջում` տեղի ունեցածը կապելով Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած ռազմական գործողությունների հետ:

«Նրանք, որոնց ծրագրերը ձախողվել էին, դիմում են հնաոճ բանաձևերի օգնությանը», – գրել է Թուրքիայի արտգործնախարարը՝ հավելելով,- «Այն շրջանակները, որոնք հավատում ենք, թե այս կերպ կարող են վրեժ լուծել, սխալվում են: Պատմությունը քաղաքական նպատակներով օգտագործելու այս ամոթալի որոշումը առոչինչ է մեր կառավարության և ժողովրդի համար»:

Մեկնաբանություններ