Ալեքսանդր Բլյուդիկն ընդդեմ Ռուսաստանի

Դիմումատուն՝ Ալեքսանդր Բլյուդիկը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1955 թվականին, բնակվում է Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր 15-ամյա դստերը կալանավորելու և անչափահաս իրավախախտների համար նախատեսված կենտրոն տեղափոխելու մասին որոշմանը։

Ամուսնության մեջ գտնվելու ժամանակ՝ 1991 թվականին, ծնվել է Դիմումատուի ավագ դուստրը, իսկ 1992 թվականին՝ կրտսերը։ 2002 թվականին Դիմումատուն և նրա կինը ամուսնալուծվել են, իսկ երկու երեխաների խնամակալությունը ստանձնել է Դիմումատուն։ 2007 թվականին Դիմումատուի նախկին կինը բողոքել է, որ իր դուստրը գողացել է իր զարդերը և, նրա պահանջով, Դիմումատուի կրտսեր դստերը ժամանակավորապես տեղափոխել են անչափահաս իրավախախտների համար նախատեսված կենտրոն։ 2008 թվականի փետրվարին Մախաչկալա քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը որոշել է Դիմումատուի դստերը տեղափոխել անչափահասների համար նախատեսված փակ տեսակի կրթական հաստատություն՝  2 տարի և 5 ամիս ժամկետով։ Դատարանը պարզել է, որ Դիմումատուի դուստրը հաճախ փախուստի է դիմել տնից, դպրոց չի հաճախել և անբարո կյանք է վարել։ Այսպիսով, Դիմումատուի դստերը տեղափոխել են Մախաչկալայից 2500 կմ հեռավորության վրա գտնվող Վլադիմիր նահանգի Պոկրով քաղաքում տեղակայված հաստատություն։

Դիմումատուն բողոքել է դատարանի կայացրած որոշման դեմ։ Դաղստանի Գերագույն դատարանը որոշել է, որ Դիմումատուի անչափահաս դստերը 2 տարի և 5 ամիս ժամկետով փակ հաստատություն տեղափոխելու մասին որոշումը կայացվել է օրինական և հիմնավոր հիմքերի բացակայությամբ և չեղյալ է հայտարարել առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը։ 2008 թվականին սեպտեմբերին Դիմումատուի դուստրը ազատ է արձակվել և վերադարձել է տուն։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) 1-ին կետի խախտում և 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) խախտում։ Դիմումատուն բողոքել է իր անչափահաս դստերը Մախաչկալայից 2500 կմ հեռավորության վրա գտնվող փակ տեսակի կրթական հաստատություն տեղափոխելու և կալանքի տակ պահելու դատարանի կայացրած որոշման մասին։ Այնուամենայնիվ, Դիմումատուն իրեն պատճառված վնասի փոխհատուցման պահանջ չի ներկայացրել։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ Դիմումատուի նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում և 8-րդ հոդվածի խախտում։

Մեկնաբանություններ