Ֆրեզադուն ընդդեմ Հունաստանի 

Դիմումատուն՝ Էլենի Ֆրեզադուն, ազգությամբ հույն է, ծնվել է 1962 թվականին և բնակվում է Հունաստանի Պալայո Ֆալիրո շրջանում։ 1983 թվականից սկսած Դիմումատուն աշխատել է մանկապարտեզում՝ որպես դաստիարակ։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ արտասահմանում ուսուցչի աշխատանք ստանալու համար անցկացված մրցույթի արդյունքներին։

2007 թվականին Դիմումատուն հայտ է ներկայացրել՝ արտասահման մեկնելու և որպես ուսուցիչ աշխատելու համար Կառավարության աջակցությամբ իրականացվող մրցույթին մասնակցելու նպատակով։ Մրցույթի արդյունքների համաձայն՝ Դիմումատուի թեկնածությունը դիտարկվել է որպես հաղթող, սակայն, ի վերջո, նա չի հաղթել։ 2008 թվականին Դիմումատուն կառավարական որոշումը վիճարկելու համար հայց է ներկայացրել Հունաստանի Վարչական դատարան։ Դիմումատուն բողոքել է կայացած մրցույթի ընթացակարգի արդարացիության մասին՝ նշելով, որ մրցույթի ավարտին չի հրապարակվել ծրագրի թեկնածուների վարկանիշային դասակարգային ցուցակը և հաղթող մասնակցին ընտրելու չափանիշը։

2009 և 2010 թվականներին Դիմումատուի փաստաբանը 2 հարցում է ներկայացրել Վարչական դատարան՝ Դիմումատուի գործով դատավարությունը արագացնելու պահանջով։ Այնուհետև, փաստաբանը բողոք է ներկայացրել Դատարան՝ նշելով, որ վարչական ակտի վիճարկման պահանջի ժամկետը մոտենում է ավարտին: Այնուամենայնիվ, սույն գործով նշանակված նիստերը 5 անգամ հետաձգելուց հետո, 2011 թվականին Հունաստանի ներպետական դատական ատյանները Դիմումատուի փաստաբանի ներկայացրած հայցի քննությունը դադարեցնելու և վարույթը կարճելու մասին որոշում են կայացրել՝ վարչական ակտի գործողության ժամկետի լրանալու հիմքով։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի (ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք) խախտում։ Այսպիսով, Դիմումատուն բողոքել է կառավարության որոշումը վիճարկելու համար իր ներկայացրած հայցի հավուր պատշաճի քննության բացակայության և իր գործով դատավարության արդարացիության մասին։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:

Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Հունաստանը պարտավոր է Դիմումատուին պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի համար վճարել 4.000 եվրո գումարի չափով փոխհատուցում և 2.480 եվրո՝ դատական ծախսերի համար։

Վերոգրյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։

Մեկնաբանություններ