Օրենքի նախագիծ. Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների, եզդիների և այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին

parliament-AJՀՀ Ազգային ժողովում պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից շրջանառության մեջ է դրվել «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների, եզդիների և այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» և «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում» լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Մասնավորապես, առաջին նախագծով առաջարկվում է. «դատապարտելով Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների, եզդիների և այլ ազգերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն` մայիսի 19-ը հայտարարել Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների, եզդիների եւ այլ ազգերի ցեղասպանության զոհերի հիշատակի օր»: 

Միաժամանակ, հաջորդ օրենքի նախագծով առաջարկվում է.

«Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 24-ի ՀՕ-200 օրենքը լրացնել նոր 8.2-րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 8.2. Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների, եզդիների եւ այլ ազգերի ցեղասպանության զոհերի հիշատակի օր` նշվում է մայիսի 19-ին:»:

Օրենքների նախագծերի փաթեթի հիմնավորման մեջ ասված է.

«Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եւ նրանից հետո (1912-1923 թվականներին) Օսմանյան կայսրությունում հույների զանգվածային տեղահանությունները, կոտորածները, նրանց տաժանակիր աշխատեցնելը եւ սեփականությունից զրկելը (գույքի բռնագրավում) բաղադրիչ մասերն են Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականության` ուղղված հայ, հույն, ասորի, եզդի եւ այլ բնիկ ժողովուրդների դեմ: Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Օսմանյան կայսրությունում, համաձայն օսմանական պաշտոնական տվյալների, ապրում էր առնվազն 2.7 միլիոն հույն: Աղբյուրների եւ արխիվային փաստաթղթերի ուսումնասիրություններն ապացուցում են, որ 1912-1923 թվականներին զոհվել են ավելի քան յոթ հարյուր հազար հույներ` կոտորածների, ինչպես նաեւ բռնագաղթի, տաժանակիր աշխատանքների, սովի հետեւանքով:

Երկու տարբեր առիթներով Հունաստանի խորհրդարանը ճանաչել  է Օսմանյան կայսրության պոնտոսահույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը: 1994թ. փետրվարին միաձայն որոշում է կայացրել մայիսի 19-ը հայտարարել պոնտոսահույների ցեղասպանության հիշատակի օր, իսկ 1998-ին` սեպտեմբերի 14-ը որպես Փոքր Ասիայի համայն հույների ցեղասպանության հիշատակի օր: Հունաստանի խորհրդարանը 1996թ. ապրիլի 25-ին բանաձեւ (2397/1996) է ընդունել` ապրիլի 24-ը ճանաչել որպես «Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության օր»: Իսկ բոլորովին վերջերս՝ 2014թ. սեպտեմբերի 9-ին, ընդունել է հայերի եւ պոնտացի հույների ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող բանաձեւ: 2010թ. մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը (Ռիկստագ) ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ, որում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած դեպքերը ներկայացվում են, որպես ցեղասպանություն: Բանաձեւում նշված է, որ Թուրքիայում իրականացվել են ինչպես հայերի, այնպես էլ ասորիների եւ պոնտացի հույների զանգվածային ջարդեր:

Ցավոք, ցեղասպանություններ տեղի են ունենում նաեւ մեր օրերում, բոլորովին վերջերս Հյուսիսային Իրաքի Շանգալ եզդիաբնակ տարածքում «Իսլամիստական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից եզդի ժողովուրդը ենթարկվեց մասսայական կոտորածի:

Դատապարտելով Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի դեմ իրականացված հանցագործությունըէ՝ նաեւ պարտավորվում ենք ունենալ մեր ներդրումը ապագայում նման ոճրագործությունները կանխելու հարցում: Ներկայացվող օրինագիծը մշակվել է միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխան, մասնավորապես ՄԱԿ-ի` «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի 5-րդ հոդվածի հիման վրա, որին միացել է Հայաստանի Հանրապետությունը, եւ որը սահմանում է, որ կոնվենցիային միացող երկիրը պարտավորվում է կոնվենցիայի դրույթները գործողության մեջ դնելու համար ընդունել իր սահմանադրությանը համապատասխան օրենսդրություն: Օրինագիծը զարգացնում է պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու հետեւանքների հաղթահարման գործընթացին միտված իրավական եւ կազմակերպչական համակարգը:

Հիմք ընդունելով վերոգրյալը եւ առաջնորդվելով ՄԱԿ-ի ներքոնշյալ կոնվենցիաներով.

  • «Ցեղասպանության ոճրագործության կանխման եւ դրա համար պատժի մասին» 1948 թվականի կոնվենցիա,
  • «Ռազմական հանցագործությունների նկատմամբ եւ մարդկության դեմ կատարած հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» Ժնեւի 1968 թվականի կոնվենցիա, ինչպես նաեւ ելնելով Հայաստանի Հանրապետության մարդասիրական ավանդույթներից` Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը դատապարտում է 1912-1923 թվականներին պոնտոսահույների, ասորիների, եզդիների եւ այլ ազգերի նկատմամբ Օսմանյան կայսրության իրագործած ցեղասպանությունը»:

Մեկնաբանություններ