Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ

Նախագծով առաջարկվող փոփոխությամբ Օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը կխմբագրվի, որով կսահմանվի, որ Օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման համար հատկացված ֆի­նան­­սա­կան միջոցների ծախսերի նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է օպերատիվ-հետախուզական գոր­ծունեություն իրականացնող պետական մարմնի ղեկավարի, ինչպես նաև ՀՀ օրենս­­դրությամբ լիազորված պետական կառավարման մարմնի կողմից։ Բացի այդ, պետական մարմնի ղեկավարի իրական ակտով սահմանվելու է օպերատիվ-հետախուզական միջոցառումների կազմակերպման, նախապատրաստման և իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական ծախսերի կարգը։

Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի խմբագրմամբ՝  առաջարկվում է Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 8-րդ, 11-րդ, 12-րդ և 15-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասով, 436-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով նախատեսված ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարելու մեջ կասկածվող անձանց նկատմամբ՝ առերևույթ հիմքերի առկայության դեպքում: Նախագծով կատարվող մյուս փոփոխությամբ նախատեսվում է օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասում դատարանի թույլտվությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումներում լրացնել նաև օպերատիվ հարցումը, եթե միջոցառման կատարմամբ ակնկալվում է ստանալ բաժանորդի նախկինում կատարված ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի մուտքային և ելքային զանգերը, բաժանորդի հետ անուղղակի (միջնորդավորված) եղանակով կապ ունեցող հեռախոսահամարները, հեռախոսային հաղորդակցությունն սկսելու և ավարտելու ժամանակը, հեռախոսազանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում` այն հեռախոսահամարը, որին փոխանցվել է հեռախոսազանգը, ինչպես նաև հեռախոսային հաղորդակցությունը սկսելու պահին և դրա ընթացքում հաղորդակցվողների տեղակայումը։

Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասում կատարվող փոփոխության համատեքստում  առաջարկվում է օրենքի 37-րդ հոդվածը լրացնել նոր 1․1–ին մասով, որով կսահմանվի, թե ինչ տվյալներ պետք է ներառվեն «օպերատիվ հարցում» օպերատիվ հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի պատճառաբանված միջնորդությունում։ Վերոգրյալը հաշվի առնելով՝ միաժամանակ անհրաժեշտ կլինի լրացում կատարել նաև օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասում՝ օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշման մեջ նախատեսվող տեղեկությունների ցանկում ներառելով նաև օրենքի 37-րդ հոդվածի 1.1–ին մասը։

https://www.e-draft.am/projects/8552/about

Մեկնաբանություններ