Օգանեզովան ըննդեմ Հայաստանի

Դիմումատուն՝ Արմինե Օգանեզովան, ազգությամբ հայ է, ծնվել է 1980 թվականին և ապրում է Շվեդիայում: Գործը վերաբերում է Դիմումատուի՝ որպես Հայաստանում ԼԳԲՏ ակտիվիստ և ԼԳԲՏ համայնքի հայտնի անդամի դեմ ագրեսիվ վերաբերմունքին, ինչպես նաև 2012թ. մայիսի 8-ին Երևան քաղաքում Դիմումատուին պատկանող ակումբի պայթեցմանը։

2012թ. մայիսի 8-ին Երևանում գտնվող «ԴԻԱՅՈՒԱՅ» ակումբում տեղի է ունեցել պայթյուն: Պայթյունի կազմակերպումը, ինչպես ի սկզբանե խոստովանել են եղբայրներ Ա. և Հ. Խաբազյանները, պայմանավորված է եղել Օգանեզովայի լեսբի լինելու, Ստամբուլ քաղաքում գեյ շքերթի մասնակցելու, ինչպես նաև ակումբի` ԼԳԲՏ անձանց հավաքատեղի լինելու հայտնի հանգամանքների հետ: Այս մասին է վկայում փաստն այն մասին, որ պայթյունից որոշ ժամանակ առաջ ակումբ են ներխուժել անձինք` փորձելով հետապնդել ու ահաբեկել այնտեղ հավաքված անձանց: Արդյունքում ԼԳԲՏ համայնքի շատ ներկայացուցիչներ և համակիրներ սկսել են վախենալ ակումբում իրենց նկատմամբ հոմոֆոբ խմբերի հնարավոր հարձակումներից:

2012թ. հարուցված քրեական գործի շրջանակներում տուժող էր ճանաչվել «Մեյդ Հենդ Մեյդ» ՍՊ ընկերությունը, որին պատկանում էր ակումբը, իսկ Ա. Օգանեզովան ճանաչվել էր որպես տուժողի ներկայացուցիչ:

Պայթյունին հաջորդող օրերի ընթացքում Օգանեզովայի նկատմամբ շարունակվել են կյանքին և առողջությանը վնաս պատճառելու, բռնության, գույքի վնասման և ոչնչացման սպառնալիքների դեպքերը: Կյանքին ուղղված սպառնալիքների արդյունքում անձը ստիպված լքել է Հայաստանը և ապաստան խնդրել Շվեդիայում:

Օգանեզովայի համոզմամբ, ոստիկանությունը հետաքննությունն իրականացրել է թերի, չի փորձել ձեռք բերել բոլոր հնարավոր ապացույցները` հրաժարվելով իրականացնել համապատասխան քննչական գործողություններ: Հանցագործության կատարման շարժառիթը հաշվի չի առնվել, իսկ Օգանեզովան, ում դեմ իրականում հենց ուղղված է եղել հանցագործությունը, չի ճանաչվել տուժող: Կալանավորված անձանց նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվել է «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության պատգամավորի կողմից ներկայացված գրավի դիմաց:

Առաջին ատյանի դատարանի վճռով ամբաստանյալները դատապարտվել են երկու տարվա ազատազրկման, սակայն կիրառվել է պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ դրույթը և նրանք ազատ են արձակվել: Վերաքննիչ դատարանը վճիռը թողել է անփոփոխ, իսկ վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ չի ընդունել:

Դիմումատուի կարծիքով, պետությունը չի կատարել իր պարտավորությունները, մասնավորապես չի կարողացել մարդկանց պաշտպանել ոտնձգություններից` ստեղծելով ապահով միջավայր, ինչպես նաև չի կարողացել պատասխանատվության ենթարկել իրավախախտներին` թույլ տալով հետագա իրավախախտումներն ու դրանց շարունակականության հնարավորություն:

Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատում Օգանեզովան բողոքել է պետության կողմից Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով ճանաչված անմարդկային և արժանապատվությունև նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի (հոդված 3), անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի (հոդված 8), ազատ արտահայտվելու իրավունքի (հոդված 10), ինչպես նաև արդարադատության մատչելիության իրավունքի (հոդված 13՝ 3-րդ, 8-րդ և 14-րդ հոդվածների լույսի ներքո), խտրականության արգելքի իրավունքի (հոդված 14՝ 3-րդ, 8-րդ և 13-րդ հոդվածների լույսի ներքո) խախտումների մասին։

Օգանեզովան բողոքել է, որ իշխանությունները չեն կարողացել պաշտպանել իրեն հետապնդումներից, հարձակումներից և սպառնալիքներից՝ իր սեռական կողմնորոշման պատճառով և արդյունավետորեն չեն հետաքննել իր բողոքները: Նա նաև բողոքել է, որ Հայաստանում բացակայում է ԼԳԲՏ փոքրամասնության դեմ ուղղված ատելության հանցագործությունների դեմ պայքարի համար համապատասխան օրենսդրական դաշտ։ Դիմումատուն նաև պահանջել, որ Եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածի (վճիռների պարտադիր ուժն ու կատարումը) համաձայն Դատարանը Հայաստանի կառավարությանը հանձնարարի փոփոխել պատժի միջոցների վերաբերյալ ներպետական օրենսդրությունը՝ ներառելով հոմոֆոբիան որպես ծանրացուցիչ հանգամանք և պաշտպանելով սեռական կողմնորոշումը։

Դատարանը եզրակացրել է, որ իշխանությունները չեն կարողացել պատշաճ կերպով պաշտպանել Դիմումատուին 2012 թվականի մայիսի 8-ի պայթյունից հետո մասնավոր անձանց կանխամտածված հարձակումներից և չեն հետաքննել հոմոֆոբիայի դրդապատճառներով բռնության մասին Դիմումատուի բողոքները։

Ինչ վերաբերում է Կոնվենցիայի 46-րդ հոդվածին, Դատարանը կրկնել է, որ իր վճիռները, ըստ էության, կրում են դեկլարատիվ բնույթ։ Հիմնականում, շահագրգիռ պետությունն է ընտրում միջոցները, որոնք պետք է օգտագործվեն Կոնվենցիայի 46-րդ հոդվածով նախատեսված իր իրավական պարտավորությունը կատարելու համար, բայց պայմանով, որ նման միջոցները համատեղելի են Դատարանի վճռում ամրագրված եզրակացությունների հետ։ Դատավճռի կատարման ձևի վերաբերյալ այս հայեցողությունը արտացոլում է ընտրության ազատությունը։ Հաշվի առնելով վերը նշված հաստատված սկզբունքները և գործի առանձնահատուկ հանգամանքները՝ Դատարանը նպատակահարմար է գտնում Կառավարության վրա թողնել միջոցների ընտրությունը, որոնք պետք է օգտագործվեն ներպետական ​​օրենսդրության համաձայն՝ իրենց օրինական պարտավորությունը կատարելու համար:                             

Սույն գործով մայիսի 17-ին ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ և 14-րդ հոդվածների խախտում և վճռել է, որ Հայաստանը պետք է վճարի Դիմումատուին 12,000 եվրո փոխհատուցում ոչ նյութական վնասների համար և 4,500 եվրո՝ դատական ծախսերի համար։

Մեկնաբանություններ