Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը ՀՀ Վճռաբեկ դատարանի Քրեական պալատի դատավորների և դատական ծառայողների համար հոկտեմբերի 23-25-ը Դիլիջանում կազմակերպել է երկրորդ եռօրյա սեմինարը` նվիրված Քրեական օրենսդրության և դատավարության ոլորտում ՄԻԵԿ 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ և 8-րդ հոդվածների վերաբերյալ հմտությունների կատարելագործմանը: Միջոցառումը ս.թ. սեպտեմբերի 11-13-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի Քաղաքացիական և վարչական պալատի դատավորների և դատական ծառայողների համար կազմակերպված Քաղաքացիական և վարչական օրենսդրության և դատավարության ոլորտում հմտությունների կատարելագործմանը նվիրված առաջին եռօրյա վերապատրաստման շարունակությունն է:
Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի տեղեկացմամբ՝ սեմինարի հիմնական նպատակն էր ՄԻԵԿ իրավազորության շրջանակների ուսումնասիրությունը, ներպետական բարձր ատյանների դատարանների դերակատարումը ազգային մակարդակում մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Հատուկ ուշադրության արժանացան ՄԻԵԿ 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ և 8-րդ հոդվածները, քրեական դատավարության հարցերը և առավել համապատասխան ՄԻԵԴ նախադեպերը, այդ թվում նաև 5-րդ հոդվածի համաձայն անձին ազատության իրավունքից զրկելու հետ կապված դատական հսկողության միջոցների կիրարկումը, 6-րդ հոդվածով նախատեսված երաշխիքները և 8-րդ հոդվածով նախատեսված գաղտնի փաստաթղթերի, որպես ապացույցի, ներկայացումը:
Սեմինարը մասնակիցներին հնարավորություն ընձեռեց համեմատելու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ԵԽ անդամ պետությունների ներպետական դատարանների լավագույն գործելակերպի օրինակները: