Քրեական գործեր են հարուցվել ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված հանցագործությունների առթիվ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նոր քրեական գործեր են հարուցվել և վարույթ ընդունվել ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի  309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

Այսպես, Աշտարակ քաղաքի բնակիչ Հ. Ն.-ն 08.05.2018թ.-ին հանցագործության մասին հաղորդում է տվել, որ 07.03.2018թ.-ին Աշտարակ քաղաքի փողոցներից մեկի երթևեկելի երկրորդ գոտում իր ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանել է ոստիկանության Աշտարակի բաժնի ՊՊԾ ջոկի ոստիկանների հետ, ովքեր իրեն պատժելու նպատակով բռնություն գործադրելով՝ բերման են ենթարկել ոստիկանության Աշտարակի բաժին:

Բացի այդ,  ճանապարհին ոստիկաններից մեկը ավտոմեքենայի մեջ հարվածել է իրեն, իսկ երբ հասել են ոստիկանության Աշտարակի բաժին, ոստիկանության մեկ այլ պաշտոնատար անձ բարձր խոսելու համար արդեն ոստիկանության բաժնում ծեծի է ենթարկել իրեն:

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող մյուս քրեական գործի նյութերի համաձայն` Շիրակի մարզի բնակիչ Կ. Հ.-ն 21.04.2018թ.-ին հաղորդում է տվել, որ նախկինում իր վերաբերյալ քննված քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման հետ ունեցած անհամաձայնությունը բարձրաձայնելու համար, երբ 20.04.2018թ.-ին հերթական անգամ գնացել է Շիրակի մարզի դատախազություն, հերթապահ ոստիկաններն իրեն թույլ չեն տվել մուտք գործել ներս, իսկ քիչ անց մոտեցել են երկու ոստիկաններ, ովքեր իր թևերը ոլորելով նստեցրել են ավտոմեքենան, որտեղ հարվածներ են հասցրել իրեն և պատճառել մարմնական վնասվածքներ: Այնուհետև տեղափոխել են ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ կատարվածի վերաբերյալ ցանկացել է հաղորդում տալ, սակայն ոստիկանության աշխատակիցները հրաժարվել են հաղորդում  ընդունելուց և դատաբժշկի ուղեգիր տրամադրելուց:

Մեկ այլ քրեական գործ էլ հարուցվել է Ս. Թ.-ի, Ռ. Թ.-ի և Վ. Թ.-ի հաղորդումների հիման վրա: Վերջիններս հայտնել են, որ 08.05.2018թ.-ին` ժամը 03:30-ի սահմաններում, Երևանում գործող «Վոյս» կարաոկե ակումբի դիմաց գտնվող ավտոկայանատեղիում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից:

Կատարվում է նախաքննություն:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ