Քրեադատավարական գործողությունների վերաբերյալ հրապարակումները շարունակել են մեծ թիվ կազմել

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է հոգեկան առողջության բնագավառի վերաբերյալ 2017 թ. հայաստանյան 16 ինտերնետային կայքէջերի հրապարակումների մշտադիտարկման արդյունքները:

Դրանցում ներառված են 12 զանգվածային լրատվության միջոցի և 4 պետական մարմինների՝ ՀՀ Ոստիկանության, ՀՀ Գլխավոր դատախազության, ՀՀ Առողջապահության և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների պաշտոնական կայքէջերը:

2017 թ. 500 հրապարակման մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է հետևյալ պատկերը.

  • նախորդ տարիների համեմատությամբ՝ ՀՀ Ոստիկանության պաշտոնական ինտերնետային էջով հոգեկան առողջության բնագավառի վերաբերյալ հրապարակումների թիվը նվազել է, իսկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դեպքում աճել է,

 2017թ. էականորեն աճել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից հոգեկան առողջության բնագավառի վերաբերյալ տրամադրված տեղեկատվության հիման վրա հրապարակումների թիվը՝ նախորդ երկու տարվա համեմատությամբ,

 2017թ. հավաքագրված հրապարակումներից 45-ն են անդրադառնում Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության բնագավառում առկա խնդիրներին,

 2017 թ. շարունակել են մեծ թիվ կազմել քրեադատավարական գործողությունների վերաբերյալ հրապարակումները, դրանցից 108-ը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կողմից կատարված հանցագործություններին են վերաբերում,

 500 հրապարակումներից 137-ը նպաստում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորմանը,

 հոգեկան առողջության բնագավառի վերաբերյալ հավաքագրված 500 հրապարակումներից 4-ը վերաբերել է անձի խոշտանգումներից, դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու, 2-ը՝ առողջության պահպանման և 2-ը՝ ազատ կամարտահայտման իրավունքների խախտումներին,

 հավաքագրված 500 հրապարակումներից 59-ը պարունակել են այնպիսի անձնական տվյալներ, որոնց միջոցով հնարավոր է նույնականացնել մարդկանց, ուստի՝ այդ հրապարակումներում խախտվել է անձնական տվյալների պաշտպանության իրավունքը: 

Ուսումնասիրության միջոցով բացահայտված խնդիրների լուծման նպատակով արվել են մի շարք առաջարկներ պետական մարմիններին, լրատվության միջոցներին, որնոց կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Մեկնաբանություններ