Քննարկվել է ՀՀ 2014-2018 թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը

news_0904941573291_IMG_5026

«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակում Երևանում այսօր հանդիպել են ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն ու քննարկել ՀՀ 2014-2018 թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը:  

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումների անցկացումն ու ներկայացրել Հակակոռոպցիոն նոր ռազմավարության նախագծի սկզբունքները:

Նրա խոսքով՝ նոր ռազմավարության հիմքում դրվելու է փոփոխության տեսությունը: «Վերջին 15 տարիներին կոռուպցիայի դեմ պայքարի բավականին մեծածավալ ծրագրեր են իրականացվել և շոշափելի արդյունքներ են գրանցվել, այդուհանդերձ, նոր ռազմավարությունը փորձելու է փոփոխել և՛ հասարակության, և՛ պետական մարմինների վերաբերմունքը կոռուպցիոն երևույթների նկատմամբ:  Պետական մարմնի յուրաքանչյուր պաշտոնյա և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա ու գիտակցի կոռուպցիայի վտանգավորության աստիճանը՝ պետության և տնտեսության կայացման գործում»,- ասել է նախարարի տեղակալը:  

Հակակոռուպցիոն քաղաքականության հիմնական մոտեցումներն ու սկբունքներն են՝ քաղաքական կամք, հանրային շահի առաջնայնություն, բարեխղճություն, թափանցիկություն, իրավունքի գերակայություն, պատասխանատվություն, կոռուպցիոն ռիսկերի գնահատում և կառավարում:

Սուրեն Քրմոյանի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարը հաճախ դիտարկվում է որպես պետության պարտականություն, պետության գործառույթ: «Քաղաքական այդ կամքի հիմքում պետք է լինի նաև հասարակության պահանջն ու նրանց կողմից ընտրված մարմիններին ուղղված կոչերն ու առաջարկները: Եթե հասարակությունը հանդուրժողականություն դրսևորի կոռուպցիոն երևույթների նկատմամբ, ապա այդ պայքարում մենք արդյունքի չենք հասնի»,-նշել է արդարադատության նախարարի տեղակալը:  

Բացի այն, որ պետական մարմինները պետք է  պատասխանատու լինեն իրենց գործողությունների ու իրականացրած ծրագրերի համար, նրանք նաև պետք է կարողանան   գնահատել իրենց կառույցներում առկա կոռուպցիոն ռիսկերը:

«Ռազմավարական այս փաստաթուղթը ներկայում մշակվում է ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ քաղաքացիական հասարակության  ներկայացուցիչների աջակցությամբ»,- հայտնեց նախարարի տեղակալը: Նա կոչ է արել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին լինել ավելի ակտիվ, համագործակցել պետական մարմինների հետ, հանրային նշանակություն ունեցող նախագծերի վերաբերյալ սահմանված ժամկետներում ներկայացնել կարծիքներ ու առաջարկներ, քանի որ հասարակական կազմակերպությունների և, ընդհանրապես, ՀՀ քաղաքացիների ակտիվ մասնակցությունն այս գործընթացին ու նրանց վստահությունը՝ իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումների նկատմամբ, հաջողության հասնելու անհրաժեշտ պայման է:  

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրն իրականացվում է  «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ գործընկեր «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերը հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման և իրականացման գործում: 

Աղբյուրը՝  http://moj.am/article/1020#sthash.ruB5IzDC.dpuf

Մեկնաբանություններ