ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի են ունեցել «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի նախնական քննարկման վերաբերյալ» խորհրդարանական լսումներ, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության, քաղաքական ուժերի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների, հոգեւոր դասի ներկայացուցիչներ:
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ողջունելով հյուրերին՝ նշել է, որ լսումների նպատակն է համակողմանիորեն քննարկել «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը՝ տեսակետները ներկայացնելու համար հարթակ տրամադրելով բոլոր շահագրգիռ կողմերին:
«Վերջին տարիներին ընտանեկան բռնության տարածվածությունը եւ դրա ծանր հետեւանքներն ավելի ու ավելի մտահոգիչ են դառնում: Ընտանեկան բռնության համատեքստում սպանությունները կազմում են հանրապետությունում գրանցված սպանությունների 17%-ը»,- ասել է հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը: Ըստ փոխնախարարի՝ գործող օրենսդրությունն ունակ չէ համարժեք պատասխան տալ ծագած մարտահրավերներին. այն չի ապահովում ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության համար անհրաժեշտ գործուն եւ իրավական կառուցակարգեր: «Օրենքում առկա բացերի պատճառով հնարավոր չի լինում ապահովել ընտանեկան բռնության իրական սպառնալիքի ներքո գտնվող անձանց անվտանգությունը եւ պաշտպանությունը: Ազգային, ինչպես նաեւ մի շարք միջազգային իրավական զարգացումների համատեքստում է մշակվել «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հարյուրից ավելի առաջարկություններ են ստացվել, որոնք, անպայման, իրենց արտացոլումը կգտնեն օրինագծի վերջնական տարբերակում»,- ասել է Վիգեն Քոչարյանը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի Մարդու իրավունքների կրթական հետազոտական կենտրոնի ղեկավար Լուսինե Սարգսյանն իր խոսքում ընդգծել է, որ պետության արձագանքն անհրաժեշտ է եւ կարեւոր՝ ի նպաստ ընտանիքների պաշտպանության:
Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արտաշես Խալաթյանը նշել է, որ հիմնավորված չէ օրենքի ընդունման սոցիալական անհրաժեշտությունը:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ (անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի) վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը մասնավորապես ասել է. «Հայաստանի Հանրապետությունում 2012 թվականին արձանագրվել է ընտանեկան բռնության 728 դեպք, 2016 թվականին՝ 756 դեպք: 2017 թվականի առաջին 9 ամիսներին քննվել է ընտանեկան բռնության 602 դեպք, 142-ի կապակցությամբ հարուցվել են քրեական գործեր: 2017 թվականի առաջին 9 ամիսներին գրանցվել է անչափահասների նկատմամբ բռնության 146 դեպք, որից սեռական անձեռնմխելիության եւ ազատության դեմ հանցագործությունները 52-ն են: Եթե մենք ուզում ենք, որ մեր ընտանիքներում չլինի բռնություն, ուրեմն պետք է ունենանք համապատասխան օրենք»:
Շիրակի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Միքայել Աջապահյանն իր խոսքում ասել է. «Օրենք ունենալը ոչ թե պետք է խանգարի, այլ՝ օգնի, այլապես՝ խարխափելու ենք անորոշության մեջ՝ չհասկանալով ում դիմել: Համակարգային մոտեցում է անհրաժեշտ: Ընտանիքում թաքնված սադիզմը պետք է կանխարգելել: Այս օրենքը, ընդհանրապես, ընտանիքում հաշտության, համերաշխության համար է: Ընդհանրապես, ոչ մի իրավական միջամտություն չի կարող որեւէ հարց լուծել, եթե ընտանիքում չկա սեր: Ընտանիքը իրավական հարթության վրա հիմնվող կառույց չպետք է լինի: Այն սիրով շաղախված, սիրով կազմված կառույց է, իրավական հարաբերությունների լեզվական թատերաբեմ չէ»:
Բռնություն վերապրած Հասմիկ Խաչատրյանը ներկաներին պատմել է իր կյանքի պատմությունը՝ ընդգծելով, որ անհրաժեշտություն է «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագիծը:
«Նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Մենք դեմ չենք ընտանեկան բռնության դեմ պայքարին, մենք դեմ ենք, որ որեւէ սուբյեկտ՝ այդ թվում եւ պետությունը, անհարկի միջամտություն ունենա ընտանիքի գործերին»,- ասել է ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
Ելույթ են ունեցել նաեւ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վարդան Բոստանջյանը, Վահե Էնֆիաջյանը, Սերգեյ Բագրատյանը, «Համահայկական ծնողական կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Արման Բոշյանը, «Համահայկական ծնողական կոմիտեի հիմնադիր անդամ Լիա Ավետիսյանը, «Մայրազոր» կազմակերպության հիմնադիր Ռուզան Ասատրյանը, Արմավիրի զարգացման կենտրոնի անդամ Նաիրա Առաքելյանը, «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ ղեկավար Արման Ղուկասյանը, «Հայաստանի մանկական ասոցիացիայի» ներկայացուցիչ Վարուժան Սեդրակյանը, «Կանանց աջակցման» կենտրոնի ներկայացուցիչ Մարո Մաթոսյանը, «Հանուն քրիստոնեական ընտանիքի նախաձեռնության» նախագահ Կարինե Եսայանը, «Վորլդ Վիժն-Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչ Աիդա Մուրադյանը, սոցիալական աշխատող Աննա Հովհաննիսյանը, «Վերելք» գիտակրթական կենտրոնի ղեկավար Սասուն Սարիբեկյանը:
Ելույթներում եւ հարցադրումներում ՀՀ ԱԺ պատգամավորները եւ խորհրդարանական լսումների մյուս մասնակիցները ներկայացրել են իրենց մտահոգող խնդիրները քննարկվող նախագծի առնչությամբ:
Եզրափակիչ ելույթում Վիգեն Քոչարյանն ընդգծել է, որ որեւէ պարտադրանք որեւէ կազմակերպության կողմից չի եղել օրենքի նախագծի ընդունման հետ կապված: Ըստ նրա՝ նախագծի նպատակն է պաշտպանել հայկական ընտանիքը «բռնություն չարիքից»: Վիգեն Քոչարյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին՝ համակողմանի քննարկում կազմակերպելու համար: