Հոկտեմբերի 19-20-ին Աղվերանում տեղի է ունեցել Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից կազմակերպված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի քննարկումը: Վերջինին մասնակցել են Արդարադատության նախարարության, Բարձրագույն դատական խորհրդի, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, Ոստիկանության, Պետական եկամուտների կոմիտեի, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, Կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության ներկայացուցիչներ, իրավաբան-գիտնականներ և փաստաբաններ, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և վարչական դատարանի դատավորներ:
Բացման խոսքում «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանը նշել է, որ, հաշվի առնելով դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտում լուծում պահանջող բազմաթիվ գործնական խնդիրների առկայությունը և դատական ակտերի հարկադիր կատարման համակարգի առավել կատարելագործման հրատապությունը, Արդարադատության նախարարության կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը: «Հատկանշական է, որ նախագծերի մշակման անհրաժեշտությունը բխում է նաև Կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից, որով նախատեսված է օրենսդրական բարեփոխումներ իրականացնել դատական ակտերի հարկադիր կատարման ընթացքում պարտապանին պատկանող գույքի հայտնաբերման, այդ թվում՝ պարտապանին պատկանող գույքի հայտարարագրման, չգրանցված իրավունքների գրանցման, դատական ակտերի կամավոր կատարման խթանման գործիքակազմի ներդնման, կատարողական թերթին ներկայացվող պահանջների վերանայման ուղղությամբ»,- ասել է Տիգրան Մարկոսյանը, հավելել, որ նման ձևաչափով քննարկումը հնարավորություն կտա համակողմանի գնահատել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի և համապատասխան նախագծերի կարգավորումները և շնորհակալություն հայտնել մասնակիցներին քննարկման հրավերն ընդունելու համար՝ մաղթելով արդյունավետ քննարկում:
Աշխատանքային հանդիպմանը ներկայացված Նախագծով կարգավորվելու են կատարողական թերթ տալու կարգի, կատարողական թերթ տալու ժամկետների, կատարողական թերթ տալու դիմումի քննության արդյունքում կայացվող որոշումների, ինչպես նաև դրանց բողոքարկման հետ կապված հարցերը, հստակեցվելու են հարկադիր կատարման փուլում որոշումների ուղարկման և ծանուցման ընթացակարգերը, սահմանվելու է դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը հայցագնի չափը գերազանցելու, ինչպես նաև պարտավորությունը մասնակի կատարելու դեպքերում արգելանքը մասնակի հանելու հնարավորություն և մի շարք այլ հարցեր: