Քննարկման է դրվել Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկ սահմանելու մասին նախագիծը

Այսօր հանրային  քննարկման է դրվել Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին նախագիծը: Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:

Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են քաղաքացիների առողջական վիճակը բնորոշող հիվանդությունները, դրանց արդյունքում քաղաքացիների տարկետումների կամ ազատումների ձևակերպումները համապատասխանեցվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջներին, սահմանվում են առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները՝ ի դեմս սահմանափակումների բնութագրերի և չթույլատրվող ֆիզիկական վարժությունների:

 Ընթացիք իրավիճակին անդրադառնալով նախագծի հեղինակները նշում են, որ  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն՝ հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում որոշվում է քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը զինվորական ծառայության համար, ինչպես նաեւ զինվորական ծառայության պայմանները, որոնք հակացուցված են քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Նշված հարաբերությունները նախկինում կարգավորվել են «Զինապարտների և զինծառայողների առողջական վիճակի փորձաքննության կարգ»-ը հաստատելու մասին ՀՀ պաշտպանության նախարարի 2013 թվականի ապրիլի 8-ի N 410-Ն հրամանով, որի կիրառման ընթացքում առաջանում էին մի շարք խնդիրներ և թերացումներ:
Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունները, ինչպես նաեւ առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու գործընթացի ամբողջականությունը:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ  կապահովվի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն՝ զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի սահմանումը, հստակ և թափանցիկ կիրականացվի զինծառայողների ծառայության կազմակերպումն այնպիսի պայամններում, որոնք հակացուցված չեն զինծառայողի առողջական վիճակին:
Նախագծին կարող եք ծանոթանալ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում: