ՔԿՀ-ներում բացակայում են սանիտարահիգենիկ պայմանները, բանտախցերը խոնավ են, իսկ սննդի որակը չի ապահովվում ըստ սահմանված չափանիշների: Այսօր այս մասին հայտնեցին բանտերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները՝ 2016 թվականի իրենց գործունեության վերաբերյալ զեկույցի ներկայացման ժամանակ:
Հաշվետվության մեջ ամփոփ ներկայացված են դիտարկման արդյունքները, առանձին-առանձին նկարագրված են առավել տարածված խնդիրները, խնդիրը կարգավորելուն միտված Խմբի ձեռնարկած գործողությունները, դրանց վերաբերյալ ՀՀ պետական մարմիններին խմբի կողմից ուղարկված գրությունները և այդ մարմինների պատասխանները, ինչպես նաև Խմբի գնահատականները:
Հաշվետվության մեջ ներառված տեղեկությունները հավաքագրվել են խմբի կողմից ՔԿՀ-ներ կատարած այցելությունների, ազատությունից զրկված անձանցից ստացված ահազանգերի, նրանց հետ ունեցած առանձնազրույցների, հարցազրույցների, ՔԿՀ աշխատակիցների հետ զրույցների և ՔԿՀ գրանցամատյանների ուսումնասիրության արդյունքում:
Հավելենք, որ զեկույցը բաղկացած է 180 էջից, որում նկարագրված է նաև ՔԿՀ-ներում առողջապահական ծառայությունների հասանելիությունը և որակը, պահման պայմանները, սննդի որակը, վատ վերաբերմունքն ու կոռուպցիան:
ՔԿՀ-ներում շատ են այն անձինք որոնք ունեն առողջապահական խնդիրներ (սրտի իշեմիկ հիվանդություն, շաքարային դիաբետ), որոնք չեն ապահովվում պատշաճ դեղորայքով:
ՔԿՀ-ներում սննդի որակի մասին խոսելիս, հարկ է նշել, որ եղել են դեպքեր, որ սննդի միջից միջատներ են հայտնաբերվել.
«Հացի միջից տարբեր միջատներ կամ ճիճուներ են դուրս գալիս»,-այս մասին ասաց փաստաբան Արա Ղարագյոզյանը:
Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի կարծիքով վերոնշյալ պատկերը չափազանցրած է, տվյալները հին, իսկ խնդիրների մեծ մասին արդեն լուծումներ տրվել են.
«Մենք խոսում ենք փաստերով, եթե ընդհանրական մոտեցում փորձեմ դրսևորել, որ ոչինչ չի արվում կամ վիճակը չի բարելավվում՝ այդպես չէ: Եթե մենք փորձենք ասել, որ վիճակը շատ բարվոք է, դա նույնպես այդպես չէ, բայց մենք արձանագրում ենք, որ բավական քայլեր ենք արել քրեակատարողական ոլորտի իրավիճակը բարելավելու ուղղությամբ»,-ասաց նա:
Դիտորդների խմբի նախագահ Արայիկ Զախարյանի խոսքերով էլ այդ փոփոխությունները մեծ խնդիրների մեջ կաթիլներ են:
Նշենք, որ զեկույցում ներկայացված են նաև առաջարկություններ՝ ուղղված ոլորտի ընդհանուր բարեփոխմանը:
Նյութը՝ Ելենա Արամյանի